Բյուջեի ներկայացում Գևորգ Պապոյանի կողմից՝ զուգորդված մանիպուլյացիաներով.Fip.am

Ազգային ժողովում նոյեմբերի 17-ին Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը, ներկայացնելով 2022 թ․ պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը, անդրադարձավ մի քանի ցուցանիշների և համեմատեց դրանք նախորդ տարիների ցուցանիշների հետ։ 

Սակայն Պապոյանն այս համեմատություններն արեց բավական մանիպուլյատիվ կերպով, ինչպես նաև հանդես եկավ մի քանի կեղծ հայտարարություններով։

Կապիտալ ծախսերի թերակատարման մասին

Մասնավորապես, խոսելով կապիտալ ծախսերի թերակատարման մասին, պատգամավորը հիշեց նախկին իշխանություններին՝ պնդելով, որ նրանց կառավարման տարիներին կապիտալ ծախսերի թերակատարումն ավելի մեծ էր։

Վերջինիս խոսքով՝ հանրային ընկալման մեջ կա թյուր կարծիք այն մասին, որ այս իշխանությունները թերակատարում են կապիտալ ծախսերը, իսկ նախկինները 100 տոկոսով կատարում էին դրանք․ «Հիմա տեսեք, օրինակ՝ 2020 թվականին կապիտալ ներդրումների կատարողականը եղել է 85 տոկոս, այս տարի կանխատեսում ենք 90 և ավելի բարձր տոկոս։

Բայց, օրինակ, նախորդ տարիների ցուցանիշները նայենք։ 2012 թվական՝ 75 տոկոս, 2013 թվական՝ 58 տոկոս։ Այս մարդիկ՝ 58 տոկոս կատարողական ապահոված մարդիկ, 90 կամ 85 տոկոս կատարողական ապահոված մարդկանց մեղադրում են ցածր կատարողական ունենալու մեջ»։

Այս հայտարարությունը մանիպուլյատիվ է նախ այն պատճառով, որ Պապոյանը համեմատում է իրենց իշխանության դեռևս չապահոված ցուցանիշը (2021 թվականի կատարողականը) նախկին իշխանության կատարողականի հետ։ Նույն հայտարարությունում Պապոյանն իրենց իշխանության մյուս երկու տարիների կատարողականները չի հայտարարում, քանի որ այդ տարիներին կապիտալ ծախսերի թերակատարումը զգալիորեն մեծ էր։ 2019 թվականին կապիտալ ծախսերը կատարվել էին 73․5 տոկոսով, 2018-ին՝ 74 տոկոսով։

Բավական տարօրինակ է նաև համեմատությունը 2012-2013 թվականների հետ։ Իսկապես՝ այդ տարիներին կապիտալ ծախսերը կատարվել են, համապատասխանաբար, 74․5 և 58․2 տոկոսով, սակայն հաջորդ տարվանից սկսած մինչև 2018 թվականը կապիտալ ծախսերի նվազագույն կատարողականը եղել է 82․3 տոկոսը։ Իսկ արդեն 2016 թվականին, ըստ պաշտոնական տվյալների, կապիտալ ծախսերը գերակատարվել են՝ 101․7 տոկոս։

Գրաֆիկում պատկերված է վերջին 10 տարիներին բյուջեով նախատեսված կապիտալ ծախսերի, ճշտված տվյալների, փաստացի կատարվածի և կատարողականի վերաբերյալ ամփոփ վիճակագրությունը։ 

Ավելին՝ Fip.am-ում: