Յուրաքանչյուր մարդ ինքն է ընտրում՝ ում հավատալ՝ պաշտոնական տեղեկատվությա՞նը, թե՞ ֆեյք լուրերին, «պրոֆեսորներին»․ Աշոտ Մելիքյան

«Մեդիալաբի» հարցազրույցը Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանի հետ ներկայացնում ենք ստորեւ։

– Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերը հատել են 7000-ը, իսկ վարակակիրների օրական դեպքերն արդեն 450-ն են անցնում։ Բացի այդ, 80-ից ավելի մահ ունենք։ Ինչո՞ւ է նման պատկեր ստեղծվել, արդյոք այս ամենի մեջ դեր ունի այն, որ կառավարությունը իրազեկմանը, վերահսկողությանը ավելի քիչ ուշադրություն դարձրեց:

– Ճիշտն ասած, ես միանգամայն հակառակ կարծիքի եմ․ իշխանությունը բավական ջանքեր գործադրեց, որպեսզի հասարակությունը բավարար չափով իրազեկված լինի կորոնավիրուսի վտանգների մասին և հասկանա, որ սա խաղուպար չէ, այլ լուրջ մարտահրավեր է։

Բայց, ցավոք, ի հայտ եկավ այն, որ հասարակությունը ամենևին էլ կարգապահ չէ և լուրջ չի ընդունում այս ամենը։ Ավելին, տարատեսակ ասեկոսեներ տարածեցին հասարակության մեջ, թե սա լուրջ չէ, հորինված վտանգ է, թե այս ամենը ինչ-որ մեկի բիզնես շահերն է հետապնդում, բայց այն կարգապահությունը, որը պետք է հանգեցներ ինքնամեկուսացմանը, պաշտպանիչ գործողությունների կիրառմանը, մենք չտեսանք։

Եվ դա է նաև պատճառը, որ օրեցօր ավելանում է վարակակիրների թիվը։ Շատ մտահոգիչ իրավիճակ է, և, կարծում եմ, որ միայն պատժամիջոցներ կիրառելով և միգուցե նաև ավելի ընդլայնելով տեղեկատվությունը, սոցիալական գովազդի քանակը՝ կարելի է ակնկալել որոշ արդյունք։ Անհրաժեշտ է նաև պատասխանատվության մեխանիզմներ կիրառել։ 

– Կմանրամասնե՞ք՝ ինչ նկատի ունեք։

– Ես նկատի ունեմ հետևողական պայքար՝ տուգանքների միջոցով, այդ թվում՝ նաև տեղաշարժման սահմանափակումներ։ 

– Այսինքն՝ առաջարկում եք վերադառնալ արտակարգ դրության սկզբնական վիճակի՞ն։

– Այո, այո, որովհետև այն ժամանակ վարակի ծավալները քիչ էին, քան հիմա։ Այս առումով չեմ հասկանում կառավարության քայլերի տրամաբանությունը։ Այն ժամանակ, երբ վարակի տարածման մասշտաբները ավելի քիչ էին, կարծես թե սահմանափակող միջոցներն ավելի խիստ էին, քան հիմա, երբ վարակակիրների թիվն անցնում է մի քանի հարյուրը։

Ես կարծում եմ, որ այսօր վիճակը շատ ավելի մտահոգիչ է, քան սկզբնական շրջանում։ Դրա համար, կարծում եմ, պետք է խստացվեն պայմանները։

– Պարոն Մելիքյան, դուք երևի լսել եք՝ վարչապետն իր վերջին ուղիղ եթերում հայտարարեց, որ իրավիճակը բարդացել է, հայտարարվեց խստացումների և նոր կանոնների հնարավորության մասին:

Միևնույն ժամանակ, զուգահեռ իրականության մեջ շարունակվում են ուղիղ եթերները, գրառումները և հայտարարությունները, թե վիրուսը բլեֆ է, առաջ են քաշվում դավադրության տեսություններ՝ 5G-ի, չիպավորման, իբր այս ամենն արվում է զուտ մարդկանց զանգվածաբար վերահսկելու համար: Ինչպիսին պետք է լինի կառավարության պատասխանն այս ամենին: 

– Ես չեմ կարծում, որ արգելքներով պետք է առաջնորդվել։ Եվ ավելին, վերադարձ այն 4 կետին, որ կառավարությունն ուներ մարտի 16-ի որոշման մեջ, հակացուցված է և չի կարելի այդ ամենը վերածել մահակի, որը կխանգարի տեղեկատվության ազատ շրջանառմանը։

Ես ուղղակի կարծում եմ, որ միշտ պետք է պաշտոնական տեղեկատվությունը իր ծավալով գերակշիռ լինի, և կառավարությունը պետք է ավելի լավ աշխատի, որ հասարակությունը տեղեկացված լինի։

Մյուս կողմից՝ համոզված եմ, որ իրենք՝ քաղաքացիները, պետք է ի վերջո ընտրեն՝ ինչին են հավատում՝ պաշտոնական տեղեկատվությա՞նը, թե՞ ֆեյք լուրերին կամ տարատեսակ «պրոֆեսորներին», որոնք տարբեր ենթադրություններով ու ասեկոսեների հիման վրա ինչ-որ բաներ են առաջարկում։

Ամեն դեպքում նույնիսկ այդ ասեկոսեների հիման վրա տարածվող տեղեկությունները, խնդիրները, միևնույն է, չեն կարող այն վնասը տալ, որ իրենք ակնկալում են, եթե պաշտոնական տեղեկատվությունը գերակշռող լինի, բավարարի հասարակության հետաքրքրությունը։ 

– Նման տեղեկություններ տարածողները, ինչ եք կարծում, պե՞տք է պատասխանատվության ենթարկվեն, թե՞ դա կդիտվի ոտնձգություն խոսքի ազատության դեմ։

– Գիտեք՝ թվային տեխնոլոգիաների զարգացման դարաշրջանում հնարավոր չէ ամեն մի օգտատիրոջ կամ ամեն մի տեղեկություն տարածողի լռեցնել։ Մեծ հաշվով պետք է դրա դեմն առնել մեծ բանով՝ մեդիագրագիտության տարածմամբ, և ամեն մարդ պետք է ինքն իր համար որոշի՝ ինչին հավատալ և ինչին չհավատալ։

Կոնկրետ եթե որևէ ֆեյք լուր իսկապես վնաս է հասցնում հասարակությանը, սա այլ մոտեցում է պահանջում իհարկե։ Սակայն տարատեսակ հիմարություն տարածելը դժվար թե պետք է առիթ լինի, որ քրեական գործեր հարուցվեն, ճնշում գործադրվի որևէ մեկի վրա կամ լռեցվի։

Ի վերջո, մեկ որակյալ հաղորդումը այդ ասեկոսեների վրա կարող է լուրջ ազդեցություն ունենալ։ Ես կարծում եմ, որ այս ամենը մեր հասարակության գրագիտության, կարգապահության մասին է խոսում։

Մենք այնքան էլ կարգապահ հասարակություն չենք և նաև հակված ենք տարբեր ասեկոսեներ լսելու։ Բայց պետք է ասեմ, որ մենք միակը չենք, ցանկացած երկրում շատ բարդ է կորոնավիրուսային իրավիճակում կառավարելը։

Այնպես որ, նույնիսկ զարգացած երկրներում են այսպիսի խնդիրներ առաջանում։ Մենք մեր հասարակությանը շատ լավ ենք ճանաչում ու գիտենք, որ նրա հետ աշխատելը բավական բարդ է։

Չէի ասի, որ իրավիճակը վերահսկելի չէ, կարծում եմ, որ ուղղակի ավելի շատ ջանքեր պետք է գործադրվեն իշխանությունների ու լրատվամիջոցների կողմից։ 

– Վերջերս Կառավարությունը ներդրեց հեռախոսներով մարդկանց տեղաշարժը հսկող նախագիծ, ինչը բուռն քննադատության առիթ հանդիսացավ։ Դուք փորձել եք պարզել՝ դա ինչ-որ կերպ նպաստե՞ց կորոնավիրուսի դեմ պայքարին, թե՞ ոչ:

– Անկեղծ ասած՝ չեմ զբաղվել դրանով, և միգուցե ուրիշ մեր գործընկերներ ունենան տվյալներ։ Մենք չենք զբաղվել այդ հարցով։

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am