Կհիմնանորոգվի Նորակերտի մանկապարտեզի շենքի տանիքը

ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում այս տարի կհիմնանորոգվի Գեղարքունիքի մարզի Նորակերտ համայնքի մանկապարտեզի շենքի տանիքը:

Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության եւ վերլուծության բաժնի տեղեկացմամբ՝ ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 18 միլիոն 467 հազար դրամ, որից 11 միլիոն 977 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 5 միլիոն 60 հազար դրամը՝ Նորակերտի համայնքապետարանը, 1 միլիոն 430 հազար դրամը՝ համայնքի բարերարը: Նորակերտի համայնքապետարանի աշխատակազմից ստացված տվյալների համաձայն՝ համայնքի մանկապարտեզը շենքային անբարեկարգ պայմանների պատճառով դադարեցրել է գործունեությունը դեռեւս 2000 թվականից:

Մանկապարտեզի հիմնանորոգման ծրագիրը կիրականացվի մի քանի փուլով: Առաջին փուլում կհիմնանորոգվի շենքի տանիքը: «Նորակերտի մանկապարտեզը ժամանակին գործել է 3 խմբով: Տանիքի վերանորոգումից հետո պետք է սկսվեն ներքին հարդարման ու հիմնանորոգման այլ աշխատանքները: Կձգտենք մոտակա տարիների ընթացքում ամբողջապես արդիականացնել մանկապարտեզի շենքը եւ նրա դռները բացել մեր համայնքի երեխաների առջեւ:

Շինարարական աշխատանքների մրցույթն արդեն հայտարարված է»,-ներկայացրեց Նորակերտ համայնքի ղեկավարը:

Այս մասին հայտնում է Գեղարքունիքի մարզպետարանը։