Հաշմանդամության 3 խմբերի փոխարեն կսահմանվի ֆունկցիոնալության սահմանափակման 4 աստիճան

ՀՀ ազգային ժողովը քննարկեց կառավարության ներկայացրած օրենքի նախագծերի փաթեթը, որով հաշմանդամության 3 խմբերի փոխարեն նախատեսվում է սահմանել ֆունկցիոնալության սահմանափակման թեթև, միջին, ծանր, խորը աստիճաններ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին և Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին օրենքների նախագծերի փաթեթը ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը:

«Նախագծերի փաթեթով հաշմանդամություն ունեցող անձ է համարվելու այն անձը, ով  ֆիզիկական, հոգեկան, մտավոր և (կամ) զգայական տևական խնդիրների եւ միջավայրային արգելքների փոխազդեցության արդյունքում կարող է ունենալ մյուսների հետ հավասար հիմունքներով հասարակական կյանքին լիարժեք ու արդյունավետ մասնակցության սահմանափակում: Գործող օրենքով հաշմանդամություն ունեցող անձի սահմանումը պայմանավորված է անձի առողջական կարգավիճակից ելնելով»,-ասաց նախարարը:

Նախագծում նաև սահմանված են հաշմանդամության հիմքով խտրականության արգելքին վերաբերող դրույթներ, համաձայն որի, հաշմանդամության հիմքով խտրականությունն արգելվում է:

Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին օրենքի նախագծով նախատեսվում է բժշկասոցիալական  փորձաքննության համակարգից անցում կատարել անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգի:

Հնարավորություն է տրվելու նաև թիրախային գնահատել հաշմանդամություն ունեցող անձանց կարիքները, դրա հիման վրա պետության կողմից աջակցություն իրականացնել:

«Անձի ֆունկցիոնալության գնահատման արդյունքում անձը ճանաչվում է հաշմանդամություն ունեցող անձ կամ չի ճանաչվում, որոշվում է նրա ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանը՝ թեթև, միջին, ծանր և խորը՝ ներկայիս սահմանմամբ հաշմանդամության առաջին, երկրորդ, երրորդ խմբերի փոխարեն: Գնահատումը կիրականացվի այդ նպատակով ստեղծված էլեկտրոնային համակարգի միջոցով»,-ասաց Առաքելյանը: