«Սուրմալու»-ում տեղի ունեցած պայթյունից հետո դեպի «Փեթակ» տանող փողոցի միակողմանի կբացվի

«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից հետո փակված Քրիստափորի փողոցի մի հատվածը կբացվի՝ պահպանելով անվտանգության կանոնները։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ԱԻՆ մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը:

««Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից հետո` օգոստոսի 14-ից մինչ օրս փակ էր Քրիստափորի փողոցի մի հատվածը։

Երեկ «Փեթակ» առևտրի կենտրոնի տնտեսվարողները պահանջում էին հստակ օր ասել` թե երբ կարող են վերադառնալ աշխատանքի։

Տեղեկացնում եմ, որ երեկ Ոստիկանության, Քննչական կոմիտեի և ԱԻՆ պաշտոնյանները քննարկում են ունեցել տնտեսվարողների բարձրացրած հարցերի շուրջ։

Որոշում է կայացվել միակողմանի բացել նշված ճանապարհահատվածը` պահպանելով անվտանգության կանոնները։ Այժմ այդ ուղղությամբ տարվում են աշխատանքներ»,- գրել է Կոստանյանը: