ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկում է Հակակոռուպցիոն կոմիտեի մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որով նախատեսվում է Հատուկ քննչական ծառայության լուծարում, Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:
Որոշվել է օպերատիվ հետախուզական գործառույթներ իրականացնող անձանց կարգավիճակի հետ կապված հնարավոր խնդիրներից խուսափելու նպատակով սահմանել առանձին ծառայության տեսակ, այն է՝ ծառայություն հակակոռուպցիոն կոմիտեում: Վերանայվել են կոմիտեի ծառայողների պաշտոնների խմբերը և պաշտոններին ներկայացվող պահանջները: Կատարված փոփոխությամբ՝ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի մրցութային խորհրդի առաջարկած 3 թեկնածուների շրջանակից նշանակելու է կառավարությունը, նախկինում սահմանված էր, որ նշանակումը կատարվելու է վարչապետի կողմից
«Իրավապահ մարմինների, նաև Հատուկ քննչական ծառայության հետ քննարկումների արդյունքում որոշվել է լուծարել Հատուկ քննչական ծառայությունը»,- ասաց Բադասյանը:
Մինչև Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների մրցույթի իրականացումը և դրա արդյունքում նրանց պաշտոնի նշանակելը, Հատուկ քննչական ծառայության քննիչները ժամանակավորապես կնշանակվեն որպես Հակակռուպցիոն կոմիտեի քննիչներ: Այդ ընթացակարգով 20 անձ կնշանակվի: