Ընդերքի մասին օրենսգրքում փոփոխությունները բարի կամք են ընդերքօգտագործողների համար. փոխնախարար. տեսանյութ

«Ընդերքի մասին» օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը, որ բնապահպանական հանրության շրջանումլուրջ մտահոգություններ էր առաջացրել, այսօր քննարկվել է Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում:

Այս փոփոխություններով ներդրվում է նոր հոդված՝ 55.1, որը սահմանում է օգտակար հանածոյի արդյունահանման ժամկետի երկարաձգումը անհաղթահարելի ուժի հիմքով: Ըստ այդմ՝ անհաղթահարելի են համարվում գործադուլները, տնտեսվարողից անկախ պատճառներով ծառայությունների ընդհատումները` էլեկտրամատակարարման, ջրամատակարարման և այլ դեպքերը, հրդեհները, ջրհեղեղները, երկրաշարժերը, փոթորիկները կամ այլ բնական աղետները, ինչպես նաև պայթյունները, պատերազմը, ահաբեկչությունը, քաղաքացիական պատերազմը, անկարգությունները, ապստամբությունը, ազգայնացումը, որոնք չէին կարող կանխատեսվել, կանխարգելվել և որոնք անմիջական ազդեցություն ունեին ընդերքօգտագործման իրավունքով սահմանված աշխատանքների կատարման նկատմամբ։

Ժամանակին Ամուլսարի շահագործման ծրագրի դեմ պայքարող մի խումբ ակտիվիստներ, բնապահպաններ հայտարարել էին, որ այս նախագիծն առնչվում է հենց Ամուլսարին և հող է նախապատրաստում հանքի շահագործման համար: Ավելին, պահանջել էին հետ կանչել նախագիծը Ազգային ժողովից:

Նկատենք՝ նախագծի անցումային դրույթներով սահմանվում է, որ անհաղթահարելի ուժի հիմքով ընդերքօգտագործման իրավունքի ժամկետի երկարաձգմանը վերաբերող իրավակարգավորումները տարածվելու են նաև մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը ընդերքօգտագործման իրավունք ստացած ընդերքօգտագործողների վրա, եթե անհաղթահարելի ուժը ծագել է սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվան նախորդող չորս տարվա ընթացքում։ 

Հանձնաժողովի նախագահ Վահե Հակոբյանը նախագիծը ներկայացնող տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանից հետաքրրքվեց՝ ինչո՞ւ է առաջարկվում սահմանել հետադարձ ուժ չորս տարիների համար:

«Մենք դիտարկել ենք դաշտը և այս պահին կան ընդերքօգտագործողներ, որոնք գործում են և ունեն ընդերքօգտագործման իրավունք ու ուսումնասիրության մասով շատ երկար չեն կարող հետ գնալ, մենք վերցրել ենք այդ ժամանակահատվածը, որի ժամանակ հնարավոր է դիտարկել՝ ինչ է տեղի ունեցել դաշտում: Սա ընդամենը բարի կամքի դրսևորում է այս պահին ընդերքօգտագործողների հանդեպ: Օրենքի կարգավորումը կարող է ազդել նրանց վրա, եթե նման դեպքեր եղել են: Բայց այս կարգավորումը հիմնականում ապագայի համար է, որպեսզի ներդրումները Հայաստան բերելը խթանենք, կանպատեսելիություն ապահովենք», -պատգամավորին պատասխանել է փոխնախարարը:

Քննարկումը՝ Factor.am-ի տեսանյութում