Սա մարտահրավեր է հասարակությանը

Սա մարտահրավեր է հասարակությանը
Սա մարտահրավեր է հասարակությանը

Lragir.am-ի  զրուցակիցն է Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը:

Human rigհts watch-ի 2014 թվականի զեկույցում նշվում է, որ ՀՀ իշխանությունների կողմից խաղաղ ցույցերին մասնակցող 70 ակտիվիստ է ձերբակալվել, շարունակել են ոստիկանությունում քաղաքացիների խոշտանգել, բռնություններ են եղել բանակում: Կարո՞ղ ենք ենթադրել, որ հաջորդ տարի ավելի վատ պատկեր ենք ունենալու՝ հաշվի առնելով ներկայիս իրադարձությունները եւ արտաքին քաղաքական կողմնորոշումը:

Human rigհts watch-ն իրավապաշտպան կազմակերպություն է, որն իմ համոզմամբ զերծ է քաղաքական որևէ կողմոնորոշումից` ներկայացնելով մարդու իրավունքների իրավիճակը տարբեր պետություններում: Ու թեև այդ կազմակերպության հիմնական կենտրոնական գրասենյակը գտնվում է ԱՄՆ-ում, բայց նա խիստ քննադատում է նաև ԱՄՆ տարբեր նահանգներում մարդու իրավունքների ոտնահարման դեպքերը: Այսինքն Human rigհts watch-ի զեկույցը ոչ մի դեպքում չի կարելի համարել ինչ-որ կողմնորոշման արդյունք, այն բավական օբյեկտիվ է: Մեր կազմակերպության զեկույցն էլ է պատրաստ, որը կներկայացնենք հաջորդ շաբաթ, այնտեղ ևս կան անցած տարվա հետ համեմատություններ,բայց Հայաստանի տիպի պետություններում մարդու իրավունքների բնագավառում որևէ առաջընթաց նկատելը բավական անշնորհակալ գործ է, որովհետև կարող է պատահել, որ ինչ-որ բնագավառում ինչ-որ փոքր առաջընթաց լինի այս պահին, հաջորդ տարի նույն բնագավառում նահանջ լինի և այլն: Այսինքն, որևէ առաջընթաց համակարգային բնույթ չի կրում, որ այդ առաջընթացն այնպիսին լինի, որ հետընթաց այլևս չենթադրի:

Հայաստանում մարդու իրավունքների խախտումները համակարգված բնույթ են կրում, որովհետև մեզ մոտ գոյություն չունի իշխանության տարանջատում: Հայաստանում կա կենտրոնացված միապետական իշխանություն, որտեղ հիմնական կառույցները, որոնք իրավապահ կառույցներ են և որոնք պետք է պաշտպանեն մարդու իրավունքները, հանդիսանալով գործադիր մարմիններ, հենց իրենք են խախտում մարդու իրավունքները: Հայաստանում իրավապահ համակարգն ու արդարադատության համակարգը գտնվում են նախագահի հսկողության տակ, կախված են նրանից: Այդ մարմիններն են ոստիկանությունը, Հատուկ քննչական ծառայությունը, Քննչական կոմիտեն, դատախազությունը, դատարանները: Այս պայմաններում հուսալ, որ այդ համակարգում կարող է մեկը մյուսին պատժել, ասենք ոստիկանությունը խախտել է խաղաղ հանրահավաքների իրավունքը, կամ մարդուն խոշտանգել են ոստիկանությունում, կարող է դատարանի կամ ՀՔԾ-ի կողմից պատշաճ քննության ենթարկվել և պատժվել, խաբեություն է, որովհետև այդ բոլորը ղեկավարվում և հանձնարարություններ են ստանում մեկ կենտրոնից, մեկը մյուսի շարունակությունն է: Հուսալ, որ փոքր բարելավումները, եթե դրանք կան որևէ բնագավառում, կարող են անդառնալի լինել, անհույս զբաղմունք է:

Հայաստանում որպես կանոն խախտումները առավել զանգվածային են դառնում հատկապես նախագահական ընտրությունների ժամանակ, որովհետև այդ ժամանակ հստակ պայքար է գնում իշխանության և ֆինանսական լծակների տիրանալու կամ պահպանելու համար, և այդ ժամանակ խախտումները դառնում են զանգվածային: Մնացած ժամանակ մի փոքր ավելի վատ կամ լավ վիճակ է տիրում:

Այդ ամենից չի բխում, որ Հայաստանը բռնապետական երկիր է: Հայաստանը մրցակցային ավտորիտար երկիր է, որտեղ որոշ ազատություններ պահպանվում են, և դրանք պահպանվում են ոչ հանուն նրա, որ Հայաստանի իշխանությունները դավանում են այդ արժեքները, այլ պարզապես Հայաստանը չունի այդքան ռեսուրսներ բռնապետություն հաստատելու համար: Այդ ռեսուրներն են հիմնականում նավթն ու գազը: Քանի որ Հայաստանը չունի այդ էներգետիկ ռեսուրսները, նա ստիպված պահպանում է որոշակի ազատություններ, որովհետև ֆինանսական ու վարկային օժանդակության պայմանագրերով կախված է միջազգային հանրությունից: Այս տեսակետից բավական մտահոգիչ է դառնում Հայաստանի` արդեն այս տարվանից պաշտոնապես ԵՏՄ անդամ դառնալու հարցը, որովհետև սա կարող է բերել Հայաստանի մեկուսացմանը միջազգային հանրությունից, միջազգային կազմակերպություններից, որոնք մեծ դեր էին կատարում Հայաստանում: Եթե ԵՏՄ-ն իսկապես կայանա, ես կարող եմ համոզված ասել, որ այն ազատությունները, որոնք ունեինք Հայաստանում, կարող ենք կորցնել և ընտրել ճանապարհը դեպի բռնապետություն: Այդ վտանգը կախված է Հայաստանի գլխին: Ավելին` սկզբնաղբյուրում