«Էրեխեքը հենց նենց չէին եկել էս աշխարհ, որ էրեխեքին թողնեին անտերության մեջ»․ մայրը պայքարում է, որ մեղավորները պատժվեն

41-ամյա Լիլիթ Հարությունյանն ասում է՝ որևէ դատ բաց չեն թողնում, Ստեփանակերտի Ցոր գնդի զոհված տղաների ծնողներով միահամուռ ամեն ինչ անելու են, որ բոլոր մեղավորները պատասխան տան: 

«Մենք պայքարում ենք, որ մեղավորները պատժվեն։ Մեկը չպետք ա պատասխան տա բոլորի համար, այլ բոլորը՝ հրաման տվողը, հրամանատարը, որ էրեխեքին թողել, փախել էր։ Մինչև վերջ, թեկուզ Եվրադատարան գնալու ենք։ Էրեխեքը հենց նենց չէին եկել էս աշխարհ, իրենց համար չէին եկել, որ էրեխեքին թողնեին անտերության մեջ»,- հուզմունքով ասում է որդեկորույս մայրը։

Լիլիթի որդին՝ 20-ամյա Սամվել Ղազարյանը, Ստեփանակերտի Ցոր գնդում է ծառայել որպես 1-ին հրետանային մարտկոցի վարորդ: Պատերազմի ընթացքում մարտական գործողությունների է մասնակցել Վարանդայում (Ֆիզուլի), Ջրականում (Ջաբրայիլ) և Հադրութում։ 

Ըստ Ցորի տղաների ծնողների հավաքած տեղեկատվության՝ հոկտեմբերի 12-ին տղաները Ջուվառլու կոչվող բնակավայրում մենակ են մնացել հակառակորդի հատուկջոկատայինների դեմ պայքարում, հրամանատարական կազմը նրանց լքել է՝ փախուստի դիմելով կրակային տարածքից։ Տղաները հակառակորդի դիվերսիոն խմբի դեմ առանց հրամանատարական կազմի պայքարել են և զոհվել։

Այս դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել ՊԲ հրետանային դիվիզիոնի շտաբի պետ-հրամանատարի տեղակալ, մայոր Գևորգ Գևորգյանի նկատմամբ՝ հանրորեն վտանգավոր արարք կատարելու համար: 

Նա, ըստ մեղադրանքի, 2020 թ. հոկտեմբերի 12-ին՝ ժամը 6-ի սահմաններում, (Վարանդայի) Ֆիզուլիի շրջանում գտնվող Ջուվառլու կոչվող տեղամասում մարտական գործողություններին մասնակցելու ընթացքում «ԳԱԶ» մակնիշի զինմեքենայով փախուստի է դիմել կրակային դիրքից, առանց ղեկավարման մնացած մարտկոցի անձնակազմը խուճապի է մատնվել՝ փորձելով հնարավոր միջոցներով պաշտպանվել: Ըստ այս որոշման՝ Գևորգյանի նման գործողությունները հասցրել են ծանր վնաս, զոհվել են մարտկոցի 20 պահեստազորայիններ, զինծառայողներ:

Գևորգ Գևորգյանը իր մեղադրանքը չի ընդունել։

Այս դեպքի առթիվ մեղադրանք է առաջադրվել նաև ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանին: Քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ Ջալալ Հարությունյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը և պաշտոնավարման կասեցումը։ 

Ողբերգական դեպքից մոտ 3 ամիս անց՝ 2021 թ. հունվարի 10-ին Սամվելի ծնողները տեղեկացել են, որ երկարատև որոնողական աշխատանքներից հետո գտնվել է որդու մարմինը։ 

«Մեզ մինչ այդ խաբում էին, թե Հադրութի անտառներում են, հետո՝ բունկերում են, կապ չկա, բայց հանգիստ էղեք։ Զոհերի անունների մեջ նայում էինք՝ չկար, հիվանդանոցներում, ոչ մի տեղ չկար։ Մենք մինչև վերջ սպասում էինք»,- հիշում է Լիլիթն ու ասում՝ հունվարի 10-ից հետո կյանքը գլխիվայր շրջվեց։

«Մեզ առաջ մատնացույց էին անում որպես երջանիկ, ուրախ ընտանիք, իսկ հիմա․․․ Մենք ուղղակի գոյատևում ենք, Սամվելը տարել ա մեր տան բոլոր գույները, մեր կյանքը 180 աստիճանի տակ ա փոխվել, ոչ մի բանի վրա չես կարում ուրախանաս»,- հուզմունքի միջից ասում է Լիլիթը։

Սամվել Ղազարյանը Արցախի նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով և «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։

Մոր խոսքով՝ որդին տան ուրախությունն էր, սովորական օրը կարող էր տոն դարձնել։ Լիլիթը երանությամբ է հիշում այն օրերը, երբ որդին ընտանիքի անդամներին նստեցրել է մեքենան ու տարել բնության մեջ որևէ հանգստյան գոտի։ 

«Ինքը չէր սիրում տանը մնալ, սիրում էր բնությունը, առիթ էր ման գալիս, որ մեզ տաներ բնության մեջ։ Հատկապես Տեղերի վանքն էր սիրում, ինքն անգամ գիշերը կարող էր գնալ, մտքով անցնում էր ու գնում էր»։

Սամվելը կենսուրախ, կատակասեր է եղել, սիրել է նմանակումներ անել, ժպիտ պարգևել մարդկանց, մայրը հիշում է՝ որդին առանց «ջան»-ի չէր խոսում։

«Քաղցր լեզու ուներ, որ ջղայնանայի, կասեր՝ հա, ի՞նչ, մամա ջան, ջղայնացած ժամանակ էլ առանց «ջան»-ի չէր խոսում»,- ասում է Լիլիթն ու հիշում, որ շատերն էին ասում, որ Սամվելը յուրահատուկ է։

«Դա ինձ վախեցնում էր, ասում էին՝ քո Սամը շատ յուրահատուկ ա, ես միշտ վախենում էի էդ բառից, ինձ համար յուրահատուկները միշտ էն աշխարհ են գնացել, ասում էի՝ մի՛ ասեք»,- պատմում է ու հուզվում որդուն կորցրած մայրը։

Լիլիթ ականջին է Արաբո Իսպիրյանի «Տուն իմ հայրենի» երգը։ Որդին՝ Սամվելը, հաճախ էր այդ երգը երգում և նվագում։ 

Սամվելը սիրել է բեմը, երաժշտությունը, թատերական արվեստը։ Դպրոցական բոլոր միջոցառումների գլխավոր դերերը Սամվելինն էին։ Փոքր հասակից դաշնամուրի դասերի է գնացել, ապա իոնիկա նվագել սովորել։

Մայրն ասում է՝ որդին շատ հետաքրքրասեր էր, նրա հոբբին մեքենաներն էին, փոքր տարիքից կարողանում էր տարբեր տեսակի մեքենաներ և տեխնիկա վարել։ Ցանկություն ուներ մինչև անգամ ինքնաթիռ վարել և որոշել էր զինվորական ծառայությունն ավարտելուց հետո ավիացիայի դասընթացների հաճախել և աշխատել այդ ոլորտում։

Օրը տոն դարձնող յուրահատուկ որդու կորուստը Լիլիթի և ամուսնու համար անբուժելի վերք է մնացել։ Ցավը հաղթահարել չեն կարողանում, սակայն իրականացրել են երազում հայտնված որդու ցանկությունը։ Լիլիթը որդու զոհվելուց երկու տարի անց հղիացել է ու աղջկա է սպասում։ 

«Ինձ որ ասում էին՝ երեխա ունեցիր, ինձ թվում էր, թե ասողներն իմ թշնամին էին, ծանր էի տանում, բայց 2 տարին լրացավ, ժամանակը մի կողմից, մյուս կողմից՝ հորեղբոր աղջկան երազին էր եկել, տխուր է եղել: 

Հորեղբոր աղջիկն ասել է՝ արի տուն գնանք, մաման, պապան էլ են քեզ կարոտել, ասել է՝ եթե ուզենային, ես շուտ տուն կգայի։ Երազը ազդեց, որ ինքն ինչ-որ չափով ուզում ա հետ գա, մենք չենք թողնում, ու դրանից հետո պատահական հղիացա»,- ասում է Լիլիթը ու նշում՝ դեկտեմբերին աղջիկը կծնվի։

Արփինե Արզումանյան

MediaLab.am