Կանխելու ենք խաղաղության անվան տակ հանդիսացող կապիտուլիացիոն պայմանագրի ընդունումը․ Կոռնիձորի հանրահավաքի մասնակիցների ուղերձը

‘Volunteer Movement’ NGO organized ‘For Artsakh, against Azerbaijan’ national rally in Kornidzor, Syunik province of Armenia

2023 թ. մայիսի 20-ին Կոռնիձորում կայացած հանրահավաքի մասնակիցները ուղերձ են հղել։

«Մենք՝ Արցախի եւ արցախահայության զորակցության հանրահավաքի մասնակիցներս հայտարարում ենք, որ՝

– հայությունն ունի բավարար ներուժ հաղթահարելու առկա մարտահրավերները եւ բեկում մտցնելու վիճակի մեջ.
– հայության դիմադրության ոգին անկոտրում է, Ադրբեջանը մեծ գին է վճարելու իր ցանկացած սադրանքի ու ագրեսիվ գործողության համար.
– Արցախի ազատության եւ ինքնորոշման իրավունքի իրացման դեմ կատարվող ցանկացած գործողություն արժանանալու է հակազդեցության, ում կողմից էլ որ այն կատարվի.
– Արցախի ինքնիշխանության եւ արցախահայության անվտանգության ապահովմանն ուղղված  ռազմավարական ծրագրի մշակումը եւ գործադրումը Հայաստանի եւ Արցախի իշխանությունների պարտավորությունն է.
– Հայաստանի որեւէ իշխանության յուրաքանչյուր գործողություն, որը կասկածի տակ կդնի Արցախում անցկացված հանրաքվեների արդյունքները, Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունն ու դրա անքակտելի մասը կազմող անկախության հռդակագիրը, ի սկզբանե առ ոչինչ են.
– Կանխելու ենք խաղաղության անվան տակ կենսական զիջումներ պարտադրող կապիտուլիացիոն պայմանագրի ընդունումը, չենք հանդուրժելու առանց ժողովրդի անմիջական մասնակցության որեւէ համաձայնության կայացում.
– Իրական եւ երաշխավորված խաղաղություն կարող է լինել, եթե այն հաստատված է արդարության ու ճշմարտության վրա։ Չի կարող լինել խաղաղություն, քանի դեռ գերված է Հադրութն ու Շուշին, քանի դեռ շրջափակված է Արցախը, վտանգված է արցախահայության ազատ ապրելու իրավունքը.
– Մեր պայքարը շարունակական է՝ հարկ եղած դեպքում մենք պատրաստ ենք մեկ մարդու պես զինվորագրվել եւ պաշտպանել մեր հայրենիքը։ Ստեղծված իրավիճակում ինքնակազմակերպմամբ պաշտպանության եւ անվտանգության հրատապ խնդիրների լուծումը այլընտրանք չունի.
– Որպես արժանապատիվ եւ հայրենատեր հայեր մենք վճռական ենք ու տեր ենք Արցախին։ Մենք բոլորս արցախցի ենք եւ ունենք կամք ազատագրելու Արցախը շրջափակումից, վերականգնելու Արցախի տարածքային ամբողջականությունը։

Արցախը եղել ու շարունակելու է լինել հայկական։
Կեցցե Արցախը, Կեցցե Հայաստանը, կեցցե հայ ժողովուրդը», – ասվում է ուղերձում։