«Գնաճն այն աստիճանի չէ, որ սոցիալական բունտի հանգեցնի. հանրությունը գիտակցում է դրա պատճառները». տնտեսագետ

Այս տարվա հուլիսին նախորդ տարվա հուլիսի համեմատ գները բարձրացել են 13,5 տոկոսով, իսկ նախորդ ամսվա համեմատ նվազել են 1.4 %-ով: Մասնավորապես, նախորդ հուլիսի համեմատ բուսական յուղը թանկացել է 75,2 տոկոսով, շաքարավազը՝ 39,4 տոկոսով, ձուն՝ 53,1 տոկոսով, մսամթերքը՝ 9,7 տոկոսով, խմիչքը՝ 8,6 տոկոսով:

Այս խնդիրների շուրջ «Մեդիալաբը» զրուցել է տնտեսագետ Արմեն Քթոյանի հետ:

Պարո՛ն Քթոյան, թեև հուլիսին հունիսի համեմատ գների որոշակի նվազում կա, սակայն նախորդ տարվա հուլիսի համեմատ գնաճը կազմել է 13,5 տոկոս, մինչդեռ աշխատավարձերի բարձրացում չի եղել: Ինչպե՞ս եք գնահատում ստեղծված իրավիճակը, որքանո՞վ է սա սոցիալական բունտի հնարավորություն ստեղծում:

– Չեմ կարծում, որ այս վիճակը սոցիալական բունտի հնարավորություն է ստեղծում: Մենք ունենք համավարակով, ապա նաև պատերազմով պայմանավորված ճգնաժամին հաջորդող ժամանակահատված, որի բնութագրիչներից մեկը կենսամակարդակի որոշակի նվազումը պետք է լինի: Տվյալ դեպքում եկամուտներն աճում են ավելի դանդաղ, քան գները, և դա գնողունակության նվազման է բերում: Այո՛, ցավալիորեն դա բերում է կենսամակարդակի որոշակի նվազման: Այս ամենն այն աստիճանի չէ, որ սոցիալական բունտի հանգեցնի: Բացի այդ, հանրությունը իր պահանջներով հանդերձ, ամեն դեպքում գիտակցում է այս ամենի պատճառները, հասկանում է, որ շատ բան երկրից ու երկրի ներսում կոնկրետ որոշում կայացնող մարմիններից դուրս է գտնվում:

Ինչ վերաբերում է կոնկրետ ապրանքատեսակների գնաճին, ընդհանուր հետճգնաժամային գների բարձր մակարդակ ունենք ամենատարբեր պարենամթերքի պարագայում, ինչն իր հետ այլ ապրանքատեսակների վրա է շղթայական անդրադառնում: Այո՛, ապրանքներ կան, որ Հայաստանում են արտադրվում, դրանց գները ևս բարձրանում են: Մի դեպքում պատճառը կարող է լինել այդ ապրանքի արտադրության համար օգտագործվող այլ ապրանքատեսակների կամ տրանսպորտային ծախսերի գների բարձրացումը:

Ընդհանուր առմամբ, գնողունակության նվազումը չի կարող նույնիսկ ուղղակիորեն մեր ներքին շուկայի ապրանքատեսակի պարագայում գների աճի չհանգեցնել: Մարդիկ տեսնում են գնողունակության անկումը, և, օրինակ՝ նույն ֆերմերը կարող է իր այգում կամ ֆերմայում արտադրված ապրանքը թանկացնել: Եթե ամփոփ ասեմ, գների բարձր մակարդակը ցավալի իրողություն է, որը տեղավորվում է այն հետճգնաժամային իրավիճակի, այն օրինաչափությունների մեջ, որոնք այսօր կան:

– Այս շրջանում աշխատավարձերի բարձրացումներ չեն եղել, բացառությամբ դատավորների աշխատավարձերի բարձրացման մասին քննարկումների: Այս դեպքում ի՞նչ լուծումներ պետք է գտնի պետությունը:

– Լուծումը երկրի տնտեսության զարգացումն է, ուրիշ լուծում չկա: Ո՞վ ասաց, որ մենք պետք է շատ արագ ինչ-որ բան հաղթահարենք, կամ ո՞վ ասաց, որ երկրի հետ տեղի ունեցածից հետո աշխատավարձը բարձրանա: Դրանք տնտեսական պրոցեսներով են պայմանավորված, տնտեսությունից է ամեն ինչ կախված: Մենք տնտեսական ակտիվության պարագայում ընդամենը խոսում ենք 5, 7 կամ 10 տոկոս հնարավոր տնտեսական աճի մասին, մյուս կողմից՝ առանձին ապրանքների գծով գների ավելի արագ բարձրացում կա: Նույնիսկ տնտեսական աճի ցածր տոկոսը չի կարող տնտեսական իրական աճ ապահովել:

Ինչ վերաբերում է աշխատավարձերին, ապա կենսամակարդակի աճը, եթե աշխատավարձի մասով դիտարկենք, երկու բաղադրիչ ունի՝ պետական հատված և հանրային հատված: Պետական հատվածում աշխատավարձի բարձրացումը կատարվում է պետական բյուջեի հաշվին: 2020 թվականին մենք ունեցել ենք բյուջեի հսկայական դեֆիցիտ, և դրա ու պետական պարտքի ներկա մակարդակի պայմաններում պետական հատվածում համատարած բարձրացումը այս տարվա կամ առաջիկա ժամանակահատվածում իրատեսական չէ:

Մասնավոր հատվածում աշխատավարձի բարձրացումը հնարավոր է միայն արտադրողականության ավելացման հաշվին: Մնացած բոլոր դեպքերում աշխատավարձի ավելացման հիմնավոր նախադրյալներ չկան: Այսինքն՝ դրանք ինչ-որ առումով երկու տարբեր պրոցեսներ են: Գների աճը մենք, ըստ էության, ներմուծում ենք, իսկ աշխատավարձի բարձրացումը տնտեսության մեջ արտադրողականության ավելացման հաշվին կարող է լինել, իսկ մենք այս տարի չունենք այդ շոշափելի ավելացումը, որ ակնկալենք աշխատավարձի բարձրացում: Դրա արդյունքում, այո՛, ունենք ցավալի իրողություն, որ սոցիալական իրավիճակի սրացում կարող է նկատվել:

– Փաստորեն կաթնամթերքը, հացահատիկը, ձուն, կարագը, առաջին անհրաժեշտության ապրանքները թանկացել են: Ի՞նչ սոցիալական ծրագրեր պետք է իրականացնի կառավարությունը՝ իրավիճակը մեղմելու համար, ինչպես դա եղավ քովիդի դեպքում:

-Քովիդով պայմանավորված սոցիալական ծրագրերի պատճառով մենք ունենք բյուջեի հսկայական դեֆիցիտ: 2020 թվականին մենք 50 մլրդ դրամով ավելի պակաս եկամուտ ենք ունեցել, քան 2019-ին, իսկ ծախսերը 250 մլրդ-ով ավելի են եղել: Այսինքն՝ 330 մլրդ դրամի չափով դեֆիցիտի աճ ենք ունեցել: Դա ֆինանսական կայունության խնդիր է ստեղծում:

Սոցիալական ծրագրերը մի կողմից պետք է լինեն ընդգրկման բավական լայն շրջանակ ունեցող, որպեսզի արդյունավետ լինեն: Բայց այդպիսի շրջանակ ապահովելու համար, չեմ կարծում, թե այսօր բյուջեի հնարավորություններ կան: Հատկապես որ պարտքի մեծությունն արդեն մոտենում է այն շեմային մակարդակին, երբ առանձին մասնագետներ դա մտահոգիչ են համարում: Իհարկե, եղած հնարավորությունների սահմաններում առավել խոցելի հատվածների համար պետք է սոցիալական որոշակի ծրագրեր իրականացվեն, բայց դրանք չեն կարող լինել այն ընդգրկվածության, ինչը ցանկալի կլիներ:

– Աշխարհում է ամեն բան թանկացե՞լ, թե՞ սա հայկական ֆենոմեն է:

-Այո՛, աշխարհում է թանկացել: Առանձին ապրանքատեսակների պարագայում, որ կարելի է նշել, որ դրսի թանկացման հետ ուղղակիորեն կապ չունի, բայց եթե դրա ծախսային բաղադրիչները նայենք, նույն ձվի մասով՝ կերը հիմնականում ներմուծվում է: Եթե հացահատիկը թանկացել է համաշխարհային շուկայում, չի կարող կերը չթանկանալ, և դա շղթայական թանկացման է բերում:

Վառելիքի թանկացումը բերում է ծախսերի ավելացման, ինքնարժեքի բարձրացման, և դրա հետևանքով գներն աճում են: Ընդհանրապես, եթե աշխարհում ունենք նկատելի գնաճային ֆոն, չենք կարող դրանից անմասն մնալ, եթե նույնիսկ գտնենք այնպիսի ապրանքատեսակներ, որոնք մեզ մոտ են արտադրվում, և դրանց արժեշղթայի մեջ չկան ներմուծվող ապրանքներ:

– Առաջիկայում գնաճի այս միտումը կպահպանվի՞:

-Կարծում եմ՝ ո՛չ, այն երկարաժամկետ երևույթ չի: Համավարակի հետևանքով միանգամից կրճատվեցին և՛ առաջարկը, և՛ պահանջարկը, ո՛չ արտադրություն կար, ո՛չ էլ ապրանքի նկատմամբ պահանջարկ էր ներկայացվում: Հիմա երկրների տնտեսական ակտիվության վերականգնման, եկամուտների ձևավորմանը զուգահեռ այդ երկրներն սկսել են պահանջարկ ներկայացնել: Առաջարկը չի հասցնում պահանջարկի հետևից: Դրանով պայմանավորված՝ կարճաժամկետ դեֆիցիտներ են առաջանում, իսկ դա իր հետ բերում է գների որոշակի բարձրացման:

Երբ արտադրական հզորությունները լիարժեքորեն գործարկվեն, այդ ժամանակ արդեն առաջարկի և պահանջարկի համապատասխանեցման, շուկաների հագեցվածության խնդիրը կլուծվի, և դա կբերի գների որոշակի նվազման գործընթացի:

Հաշվի առնելով սեզոնային էֆեկտը՝ դրա համար մի քանի ամիս կպահանջվի: Այսպիսի դրսևորումներ սննդամթերքի գների պարագայում եղել է 20-25 տարի առաջ, այսինքն՝ սա նաև ցիկլային երևույթ է, անընդհատ կրկնվող չի: Վերջին շաբաթներին արդեն որոշակի գնանկումներ կան, և դա անխուսափելի երևույթ պետք է լինի: Ինձ թվում է, որ մինչև տարեվերջ արդեն որոշակի վերականգնում կլինի:

Մանե Հարությունյան

MediaLab.am