Բարձր դատարանը կորոշի՝ ընդունում է մեր դիմումը վարույթ, թե ոչ․ Նաիրա Զոհրաբյան

Առավոտյան ԱԺ Բարգավաճ Հայաստան խմբակցության պատգամավորները բացի էլեկտրոնային տարբերակից, Սահմանադրական դատարան են ներկայացրել նաև իրենց դիմումի օրիգինալ տարբերակը։

Նաիրա Զոհրաբյանը քիչ առաջ լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ դիմումը փոխանցել են ՍԴ աշխատակազմի ղեկավարին։

Լրագրողների հարցին, թե արդյոք բավարար էր 26 պատգամավորի ստորագրությունը այն դեպքում, երբ Սահմանադրությամբ պահանջվում է 27 պատգամավորի ստորագրություն, Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց․

«Բարձր դատարանը ինքը կորոշի ինչպես վարվել՝ ընդունել հարցը վարույթ, թե ոչ», -հայտարարեց Զոհրաբյանը։    

Նշենք, որ վիճարկվող հարցը Սահմանադրական փոփոխություններին է վերաբերում, որը ընդունել է Հայաստանի Ազգային ժողովը։ Ըստ ԲՀԿ-ական պատգամավորների, այդ քայլը հակասում է ՀՀ Սահմանադրության 169-րդ հոդվածին, ինչպես նաև ՀՀ ԱԺ Կանոնակարգ սահմանադրական օրենքի 86-րդ հոդվածին, որով նախատեսվում է, որ սահմանադրական փոփոխությունների նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո պերտք է ներկայացվի Սահմանադրական դատարան՝ եզրակացություն տալու համար։