ՔՊ-ի պատգամավորները հանդիպել են Ժիրայր Լիպարիտյանի հետ

ՀՀ ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները խորհրդարանում հանդիպել են պատմաբան, դիվանագետ Ժիրայր Լիպարիտյանի հետ, լսել նրա կարծիքը՝ տարբեր հարցերի վերաբերյալ: «Արմենպրես»ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՔՊ անդամ, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում:

«Լիպարիտյանն այս օրերին գտնվում էր ՀՀ-ում: Մենք տեղեկացանք այդ մասին, և իմ նախաձեռնությամբ կազմակերպվեց հանդիպում վերջինիս հետ՝ հաշվի առնելով արտաքին քաղաքականության ոլորտում Լիպարիտյանի հարուստ փորձը և խորը գիտելիքները՝ բանակցային գործընթացի բոլոր մանրամասների վերաբերյալ»,- ասաց պատգամավորը:

Աղաջանյանը Լիպարիտյանին հրավիրել է որպես փորձագետ, պատգամավորները հարցրել են կարծիքներ տարբեր հարցերի վերաբերյալ: Քննարկման բուն թեման Լիպարիտյանի համահեղինակությամբ լույս տեսած «Սպիտակ թուղթ» գիրքն է եղել, որում անդրադարձ է կատարվել Ղարաբաղյան հիմնախնդրին, պատերազմի պատճառներին, դրա հետևանքներին, Հայաստանի կողմից հնարավոր դիվանագիտական քայլերին և մարտավարությանը:

Հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում Լիպարիտյանը, անդրադառնալով Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսության վերաբերյալ Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարությանը, ասաց, որ դա կարդացել է առավոտյան, մանրամասների չի տիրապետում:

Սակայն Լիպարիտյանը նշեց՝ ինքը միշտ համաձայն է եղել, որ մեր բոլոր հարևանների հետ հարաբերությունները նորմալանան: