Անհետ կորածների հարազատները կրկին բողոքի ակցիա են իրականացրել Էջմիածնի զորամասի դիմաց

Անհետ կորած զինծառայողների ծնողները և հարազատները դեկտեմբերի 8-ին կրկին բողոքի ակցիա են անցկացրել Էջմիածնի զորամասի դիմաց` պահանջելով իշխանությունից որոնողական աշխատանքներ իրականացնել Զանգելանի հատվածում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, զինծառայողների ծնողները և հարազատները նշում են, որ թեև իշխանությունը խոստացել էր, որ այդ հատվածում իրականացվելու են որոնողական աշխատաքներ, սակայն այդ գործընթացում որևէ տեղաշարժ չկա:

«Քանի օր արդեն անցել է, ու վաղը կլրանա մեր անհետ կորածների 50-րդ օրը: Իրենք ոչ մի տեղեկություն չունեն, դեռ սպասում են, ինչքան սպասենք: Մեր համբերության բաժակը արդեն լցվել է»,- ասաց ծնողներից մեկը:

Ցուցարաները զանգահարեցին հրամանատար Արսեն Աբգարյանին, ով մոտեցավ ծնողներին և հարազատներին: Բորբոքված քաղաքացիները պահանջեցին իրենց հարցերին պատասխանել, սկսեցին քաշքշել հրամանատարին: Արսեն Աբգարյանը նշեց, որ արել է հնարավոր ամեն ինչ: Այնուհետև Արսեն Աբգարյանն առանձնացավ, որպեսզի զեկուցի իր վերադասին ստեղծված իրավիճակի մասին: 

Որոշ ժամանակ անց անհետ կորած զինծառայողներից մեկի հարազատը հայտարարեց, որ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը, գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Անդրանիկ Մակարյանը և ռադիացիոն, քիմիական, կենսաբանական պաշտպանության զորքերի պետ, գնդապետ Վարդան Նշանյանը իրենց են սպասում պաշտպանության նախարարությունում, և կտան իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները: Ծնողները և հարազատները զորամասից շարժվեցին դեպի Պաշտպանության նախարարություն:

Դեկտեմբերի 1-ին Էջմիածնի զորամասի շտաբի պետ Կամո Մալխասյանը մոտեցել էր ծնողներին և վստահեցրել բողոքի ակցիա իրականացողներին, որ առաջիկա օրերին որոնողական աշխատանքներն իրականացվելու են: Անհետ կորած զինծառայողների ծնողները և հարազատները հանդիպել են թե Պաշտպանության նախարարի, թե ՀՀ վարչապետի հետ: Նրանք նաև նամակ են փոխանցել ՌԴ դեսպանատանը և Կարմիր խաչի միջազգային կոմիտեին: