Քովիդյան սահմանափակումներ. Նիդերլանդներում ապրիլի 24-ի միջոցառումները հիմնականում լինելու են առցանց ձևաչափով

Նիդերլանդներում ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, միջոցառումները հիմնականում լինելու են առցանց ձևաչափով: «Արմենպրես»-ի հետ զրույցում Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի (FAON) նախագահ, «Աբովյան մշակութային միության» նախագահ Մաթո Հախվերդյանը նշեց, որ միշտ կարևոր է միասնաբար հարգել Մեծ Եղեռնի սրբացած նահատակների հիշատակը։ Նրա խոսքով, այս տարի ևս հայ համայնքը ոգեկոչելու է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը՝ վերապրելով նրանց կրած տառապանքները։

«Քանի որ համավարակի սահմանափակումների հետևանքով հանրային միջոցառումները չեն թույլատրվում, մենք կազմել ենք առցանց ծրագիր, որին կարող եք գրանցվել, որպեսզի միասին Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին ոգեկոչենք զոհերի հիշատակը: 2020 թվականի արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում հայերի նկատմամբ ցուցաբերած ադրբեջանական վայրագությունները և հատկապես միջազգային հանրության վերապահ կեցվածքը, մեր հիշողության մեջ վերակենդանացրին Հայոց ցեղասպանության արհավիրքը։ Այս երևույթը հնարավոր չէ առանձնացնել ՝ նկատի ունենալով Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը և շատ երկրների կողմից Հայոց ցեղասպանությունը լիարժեք չճանաչելը։ Մենք շարունակելու ենք համառորեն պայքարել թուրք-ադրբեջանական ցեղասպան քաղաքականության դեմ»,-ասաց Մաթո Հախվերդյանը։

Ապրիլի 24-ին՝ տեղական ժամանակով 12:00-ին, հեռարձակում կապահովվի Հոլանդահայ ֆեդերացիայի (FAON- ի) և «Հայոց ցեղասպանության ոգեկոչման» (Armeense Genocide Herdenking) նախաձեռնության «Ֆեյսբուք»-ի էջերում։ Ներկայացվելու է Հոլանդահայ ֆեդերացիայի «24 ապրիլ հանձնախմբի» «Սիրտ» խմբակի երիտասարդների պատրաստած տեսանյութը:  Պրոֆեսոր, դոկտոր Ուղուր Ունգորը ներկայացնելու է Նիդերլանդներում բնակվող ցեղասպանությունը վերապրած հայերի ժառանգների անձնական ընտանեկան պատմությունները։ Նույն օրն առցանց դասախոսությամբ հանդես կգա Հայոց ցեղասպանության պատմության հետազոտող-ուսուցիչ Դիրկ Ռոդզանտը և կլինի հարց ու պատասխան նրա դոկտորական դիսերտացիայի թեմայով` «Նիդերլանդները և հայերի հալածանքները Օսմանյան կայսրությունում, 1889-1923 թթ.»: Նա իր գիտական թեզը պաշտպանելու է ապրիլի 23-ին Ամստերդամում։  

Օսմանյան կայսրության կողմից 1915թ. հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրագործությունն էր: Աշխարհասփյուռ հայությունը նշում է Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցը: Հայ ժողովուրդը, երկրի բարձրաստիճան պաշտոնյաներն ու Հայաստան ժամանած հյուրերը ապրիլի 24-ին ավանդույթի համաձայն լինում են Ծիծեռնակաբերդի բարձունքում՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Հիշատակի միջոցառումներ, պահանջատիրական երթեր են անցկացվում աշխարհի տարբեր երկրներում:

Նիդերլանդները Հայոց ցեղասպանությունը ճանաչած և դատապարտած մոտ երեք տասնյակ պետություններից է. երկրի խորհրդարանը համապատասխան որոշում է ընդունել 2004թ. դեկտեմբերի 21-ին: