«Գողականությունը չպետք է համարվի ուժ, տղամարդկություն, այլ լրիվ հակառակը, պետք է ենթարկվի պարսավանքի». Ռուբեն Բաբայան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը

– Պարո՛ն Բաբայան, օրերս մեծ աղմուկ բարձրացրեց «Բրաբուսի» վարորդի կողմից տաքսու տարեց վարորդին ծեծի ենթարկելու դեպքը։ Եթե նախկինում այդ մարդիկ հասարակության մեջ «հերոս» էին համարվում, թվում էր, թե հեղափոխությունից հետո նման դեպքեր չպետք է գրանցվեին Հայաստանում։ Ի՞նչ է փոխվել հեղափոխությունից հետո այս առումով, ինչո՞ւ են նման դեպքերը շարունակվում։

– Այս դեպքը ցույց տվեց, որ շատ երկար ճանապարհ ունենք անցնելու, շատ լուրջ գործ ունենք անելու։ Մեկ օրում և մեկ տարում կամ մեկ տասնամյակում չէ, որ այդ գողական մտածելակերպը, արժեքային համակարգը երկրում ուժ ու իրավունք ունեն, ինչ ուզում անում են, ոնց ուզում անում են։ Ի՞նչ է նշանակում «գողական ենթամշակույթ». դա սեփական օրենքների կարևորությունն է, քան պետական օրենքների ու ընդունված բարոյական նորմերի։ Ես կարծում եմ՝ դեռ նման դեպքեր կլինեն։ Եվ խնդիրըն այն է, որ նման յուրաքանչյուր դեպք խստագույնս պետք է պատժվի։ 

Խնդիրն այն է, որ մեր դրական կերպարներ դառնան իրոք դրական կերպարները, այլ ոչ թե գողականները։ Գողականությունը չպետք է համարվի ուժ, տղամարդկություն, այլ լրիվ հակառակը, պետք է ենթարկվի պարսավանքի, ընդ որում՝ բոլոր առումներով, որպեսզի ո՛չ պետական պաշտոնյան, ո՛չ արվեստագետը չհպարտանա, որ ընկերություն է անում ինչ-որ գողականի հետ։ Դա պետք է լինի ամոթալի փաստ։ 

Ես կարծում եմ, որ սա երկար ճանապարհ է, որովհետև մենք իսկապես փորձում ենք փոխել այս արժեքային համակարգը։ 

Բայց արժեքային համակարգը մեկ օրում չի փոխվում, հեղափոխություն հայտարարելով կամ իրագործելով չի փոխվում։ Սա մետաստազներ է տվել, և այդ մետաստազների բուժումը պահանջում է կտրուկ միջոցներ և շատ լուրջ, ոչ թե պարզապես հայտարարել, որ սա լավ չէ, դատապարտելի է։ 

Եթե չեմ սխալվում, մի քանի օր առաջ սպանության դեպք եղավ մարզերից մեկում, որտեղ սպանողն ասաց, որ ինքն ուզում է գողական լինել։ Այդ ենթամշակույթը խոր արմատներով մտած է դպրոց, բանակ, քրեակատարողական հիմնարկներ։ Այդ «զոն նայող», «չաստ նայող», «թաղ նայող» հասկացությունները հենց այդ մշակույթի հետևանք են։

Ես կարծում եմ, որ ուշադիր, լուրջ ու շատ կոշտ քայլերի շնորհիվ մեզ կհաջողվի դրանից ազատվել, որովհետև, ճիշտն ասած, նման գողական ենթամշակույթը բնորոշ է եղել շատ երկրների։ Հենց մեր հարևանների՝ վրացիների մոտ դեռ մոտ 15 տարի առաջ հարցում էին անցկացրել։

Վրաստանի ավագ դպրոցներում հարցումները ցույց էին տալիս, որ տղաների 70 տոկոսը ցանկանում է «գող» դառնալ։ Հիմա դա փոխվել է, ուրեմն աշխատել են դրա վրա։ Որևէ ներում չի կարող լինել, ավելին՝ բոլոր արդարացումները կամ պատճառաբանությունները, թե մարդը սթրեսային վիճակում է եղել, դրա համար է այդ քայլին գնացել, աններելի ու անթույլատրելի են։ Եվ այստեղ կապ չունի, որ տարեց մարդու վրա է ձեռք բարձրացվել։

Իհարկե, ամենաայլանդակ բանն այն է, որ ծեր մարդ է եղել վարորդը, բայց եթե անգամ ծեր մարդ էլ չլիներ, հարցերը ուժով, ծեծով, զենքի սպառնալիքով լուծելու ձևը պետք է բացառվի։ Նման մարդիկ ու նման գործելաոճը պետք է լինի դատապարտելի բոլոր օղակներում։

– Այդ դեպքից մեկ օր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այլ խնդրի համատեքստում Կառավարության նիստում անդրադարձել էր «Բրաբուսների» օրինազանց վարորդներին պատժելու հարցին։ Այսինքն՝ կառավարության կողմից կարծես խնդիրը հստակ դրվել է, բայց նման դեպքերը շարունակվում են, ինչո՞ւ։

– Այդ մարդիկ ո՛չ Կառավարության նիստ են նայում, ո՛չ օրենքներ են կարդում, ո՛չ մշակութային ծրագրեր են նայում։ Նրանք ապրում են իրենց աշխարհում, այդ աշխարհը պետք է ոչնչացնել։ Այդ աշխարհի տեղը բանտում է։ Եվ այնտեղ էլ նույնիսկ այդ հարաբերությունները չպետք է դեր խաղան։ Սա շատ կարևոր հարց է և հարյուրամյակների արմատներ ունի։

– Կառավարության քայլերը՝ այդ գողական ենթամշակույթն արմատախիլ անելու ուղղությամբ, դեռևս բավարա՞ր չեն։

– Ոստիկանությունն էլ այդքան արագ չի գործում։ Ոստիկանությունը շատ երկար ժամանակ շատ նորմալ համագործակցում էր գողական աշխարհի հետ։ Եվ տեղափոխվել մի դաշտից մյուս դաշտ, էլի այդքան մեծ բարդություններ չէր առաջացնում։ Մենք տեսնում ենք դեպքեր, երբ գողական աշխարհում հայտնվել են նախկին ոստիկաններ։ Վերջիվերջո, ամբողջ քննչական մարմինը հիմնականում կառուցվում է այդ ենթամշակույթի վրա։ Ինչպե՞ս են ստանում ցուցմունքներ՝ ծեծով, ջարդով, ոչ թե մասնագիտական մոտեցումներով։

Ի՞նչ է սա, եթե ոչ քրեական ենթամշակույթ։ Ամենահեշտ ձևը դա է՝ ծեծել, ահաբեկել ու ստանալ այն տեղեկատվությունը, որը քեզ պետք է։ Եվ առաջին հերթին այստեղից դա պետք է դուրս գա։ Այն ոստիկանը, որն իրեն թույլ տվեց ընկերական կարգով շփվել գողականի հետ, տեղ չունի այդ համակարգում։

Սա պետք է բացառվի։ Այն պատգամավորը, որն ասում է՝ «գողերի» մեջ էլ կան լավ ու կարգին մարդիկ, իրավունք չունի պատգամավոր լինելու։ Դա պետք է դատապարտվի հանրության կողմից, սրան չի կարելի ներողամիտ վերաբերվել, սա շատ խոր արմատներ է գցել, որպեսզի մենք մտածենք, որ պարզապես թեթև քարոզներով կարող ենք ոչնչացնել։

– Բայց այս վերջին դեպքը ցույց տվեց, որ մարդիկ շատ անհանդուրժող են նման երևույթների նկատմամբ, սոցիալական ցանցերում դժգոհության մեծ ալիք բարձրացավ։ Եվ ի վերջո բարձրացված աղմուկի շնորհիվ էր, որ ոստիկանությունը բերման ենթարկեց այդ անձին։

– Շատ կարևոր է, որ մենք անհանդուրժող դառնանք երևույթների նկատմամբ, ոչ թե կոնկրետ դեպքերի։ Մենք կարող ենք մարդուն ներել, բայց առաջին հերթին այդ երևույթը պետք է չընդունենք։ Ես փողոցներում բազմաթիվ դեպքեր եմ տեսնում, երբ նման մեքենա վարողները թքած ունեն կանոնների վրա, խախտումներով են վարում, ընդ որում, այդպես վարում են ոստիկանների կողքով։ Եթե մենք պարզապես մարդկանց թիրախավորենք, երևույթը չի վերանա, պետք է երևույթը լինի դատապարտելի՝ առանց որևէ մեղմացուցիչ հանգամանքի։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am