450 մլն դրամից ավելի տուգանք դեղերի շրջանառության ոլորտի վերահսկողության արդյունքում. ԱԱՏՄ

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը՝ որպես դեղերի շրջանառության ոլորտում վերահսկողություն իրականացնող պետական մարմին, 2023 թվականի ընթացիկ ժամանակահատվածում իրականացրած վերահսկողական գործառույթների արդյունքում արձանագրել է բազմաթիվ խախտումներ, իսկ խախտում թույլ տված տնտեսվարող սուբյեկտների՝ խախտման համար պատասխանատու պաշտոնատար անձանց նկատմամբ կայացվել են տույժ նշանակելու մասին որոշումներ, ընդհանուր՝ 463․290․000 դրամ տուգանք։ Այս մասին հայտնում են տեսչական մարմնից:

Վերահսկողական միջոցառումների ընթացքում հայտնաբերված և արձանագրված խախտումների զգալի մասը վերաբերել է չգրանցված դեղեր ներմուծելուն, դեղերն օրենքի խատմամբ ներմուծելուն և չգրանցված կամ օրենքի խախտմամբ ներմուծված դեղեր իրացնելուն։

Վերահսկողության արդյունքում արձանագրված դեպքերի և պաշտոնատար անձանց նկատմամբ նշանակված տույժերի ընդհանուր վերլուծությունից պարզ է դարձել, որ հիմնական խախտումներն արձանագրվել են միմյանց հետ փոխկապակցված, դեղերի շրջանառության ոլորտում մեծածախ և մանրածախ իրացում իրականացնող մի քանի տնտեսվարող սուբյեկտների մոտ, իսկ 463․290․000 դրամ ընդհանուր տուգանքի մեծ մասը՝ 345․600․000 դրամ, տուգանվել են խախտում թույլ տված վերոնշյալ տնտեսվարող սուբյեկտների պատասխանատու պաշտոնատար անձինք։

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը շարունակելու է դեղերի շրջանառության ոլորտում իրականացնել վերահսկողական միջոցառումներ՝ իր լիազորությունների շրջանակում կիրառելով օրենքով վերապահված ողջ գործիքակազմը։