Ազգային ժողովում «Հայաստանի Հանրապետության գազամատակարարման ոլորտում 2011 թվականից պետական պարտքի եւ գազի գների ձևավորման ուսումնասիրության Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» որոշման նախագծի քննարկումներն այսօր թեժ մթնոլորտում անցան:
Հիշեցնենք, որ ԱԺ չորս խմբակցությունների՝ ՀԱԿ-ի, ԲՀԿ-ի, Ժառանգության և ՀՅԴ-ի 49 պատգամավորներ առաջարկում են ժամանակավոր հանձնաժողով ստեղծել՝ քննարկելու ՀՀ գազամատակարարման ոլորտում 2011թ. պետական պարտքի և գազի գների ձևավորման ուսումնասիրության վերաբերյալ հարցերը:
2013 թվականի դեկետմբերին ԱԺ կողմից վավերացված գազային համաձայնագրերը, ըստ խորհրդարանական ընդդիմության, խորհրդավոր կողմեր են պարունակում: Պատգամավորները կառավարությունից պահանջում են հստակ հնչեցնել մի քանի հարցերի պատասխաններ, որոնցից գլխավոր հարցերն են, թե ինչպե՞ս էր գոյացել 300 մլն դոլար պարտքը, որի դիմաց ռուսական կողմին հանձնվեց ՀայՌուսգազարդ ընկերության 20 տոկոս բաժնետոմսերը և ինչպե՞ս է ստացվել, որ սահմանում Հայաստանը գազը ստանում է հազար խմ-ն 189 դոլարով, սակայն այդ գնի վրա ավելի քան 200 դոլար է ավելանում, մինչև գազը հասնում է վերջնական սպառողին:
Իշխող ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը նախօրեին խորհրդարանում լրագրողներին ասել էր, որ ՀՀԿ-ն դեմ է քվեարկելու ընդդիմադիր պատգամավորների՝ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու առաջարկին, քանի որ, նրա խոսքով, ընդդիմադիր պատգամավորները լուրջ գործով զբաղվելու փոխարեն ընդամենը պոպոլիզմով են զբաղված:
«Բնականաբար, իրենք չունեն հարցերի պատասխանները, և հերթական անգամ գործում է՝ «ես թվաքանակով շատ եմ, ես եմ թելադրելու» անընդունելի բանաձևը»,- այսօր լրագրողներին ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: Նա նշեց՝ այն քաղաքական ուժերը, որոնք ներկայացնում են այս նախաձեռնությունը, չեն մտածում դիվիդենտներ շահելու մասին, այլ փորձում են հանրությանը հուզող հարցերի պատասխանները տալ:
Հիշեցնենք, որ նախորդ տարեվերջին էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը խորհրդարանում անկանկալ կերպով հայտարարել էր, որ Հայաստանը գազի դիմաց Գազպրոմին պարտք է 300 մլն դրամ, որի դիմաց պետք է ռուսական կողմին տալ ՀայՌուսգազարդ ՓԲԸ-ի՝ ՀՀ կառավարությանը պատկանող 20 տոկոս բաժնետոմսերը: Նախարարն ասել էր, որ պարտքը կուտակվել էր այն բանի հաշվին, որ 2011 թվականից մի քանի անգամ ռուսական կողմը թանկացրել է Հայաստանին վաճառվող գազի գինը:
Այսինքն՝ կառավարությունը հասարակությունից թաքցրել էր գազի թանկացման որոշումներն ու պարտքի չափը: Ընդդիմադիր պատգամավորները հիշեցնում են, որ ԱԺ ամբիոնից և նախարարը, և վարչապետը բազմիցս հայտարարել են, թե գազի գնի բարձրացում չկա:
ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հետազոտել և պարզել է, որ 2011 թվականից մինչև 2013 թվականը ռուսական կողմը Հայաստանի համար հինգ անգամ բարձրացրել է գազի գինը, սակայն Հայաստանի իշխանություններն ընդամենը երկու անգամ են հանրությանն իրազեկել թանկացման մասին: Նրա խոսքով՝ քանի որ առջևում խորհդրարանական ու նախագահական ընտրություններ են եղել, իշխանությունները ժողովրդից թաքցրել են թանկացումները: Նույն կարծիքին են նաև մյուս ոչ իշխանական պատգամավորները:
«Այստեղ քաղաքական խաբեության տարրեր կան, քանի որ իշխանությունները գազի գնի բարձրացումը թաքցրել են ընտրությունների պատճառով»,- այսօր խորհրդարանում հայտարարեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարեց, որ ժողովուրդն ընդամենը ուզում է հասկանալ՝ ո՞նց է ստացվում, որ աշխարհի ամենաէժան գազը ստացող ժողովուրդն աշխարհում ամենաթանկ գինն է վճարում գազի դիմաց: Նա ասաց, որ մարդիկ կոմունալ վճարների թվի մասին տեղեկանալով՝ շոկի մեջ են հատնվել:
«Ժամանակավոր հանձնաժողովը միակ գործիքը կարող է լինել՝ կառավարությանը պատասխաատվության կանչելու համար»,- ասաց նա:
Ընդդիմադիր պատգամավորները հայտարարում են, որ պարտքի գոյացման և բնակչության համար գազի գնի թանկացման համար կառավարությունը պետք է պատասխանատվություն կրի:
ԱԺ Ժառանգություն խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն էլ հայտարարեց, որ կարող են կասկածներ լինել անգամ, որ իշխանություններն այդ 300 մլն դրամը գրպանել են:
«Ինչպե՞ս եղավ, որ գազի գինը սահմանին 189 դոլար է, սակայն 204 դոլար էլ լրացուցիչ է անհրաժեշտ, որպեսզի գազը հասնի սպառողին: Այդ 300 մլն դոլարի պարտքի կուտակումը հակաօրինական ու հակասահմանադրական է»,- հայտարարեց Ռուբեն Հակոբյանը:
Նա նշեց, որ, թաքցնելով պարտքը հասարակությունից, կառավարությունը խախտել է Բյուջեի մասին և Պետական պարտքի մասին օրենքները:
«Իշխանությունները թաքուն պահելու գինն են վճարում, բայց վճարում են ժողովրդի հաշվին: Ավելի արժանապատիվ կլիներ, եթե ՀայՌուսգազարդի 20 տոկոս բաժնետոմսերն ուղղակի նվիրեին Ռուսաստանին: Այս գազային պայմանագրի ստորագրման պատճառները միայն քաղաքական են, այլ պատճառներ չկան»,- հայտարարեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
«Հայաստանի Հանրապետության գազամատակարարման ոլորտում 2011 թվականից պետական պարտքի եւ գազի գների ձևավորման ուսումնասիրության Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» որոշման նախագիծը քվեարկության կդրվի վաղը:
© Medialab.am