Ռուսաստանն ու Ուկրաինան միմյանց են վերադարձրել 157-ական ռազմագերի։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը։
Գերատեսչության փոխանցմամբ՝ ռազմագերիներից բացի, Ռուսաստան է վերադարձվել նաև Կուրսկի մարզից երեք քաղաքացիական անձ։ ՌԴ ՊՆ-ի տվյալներով՝ ինչպես նախորդ անգամ, այս փոխանակման ընթացքում ևս միջնորդի դեր է կատարել Արաբական Միացյալ Էմիրությունները, իսկ ԱՄՆ-ն իրականացրել է միջնորդական լրացուցիչ ջանքեր։ Ներկայում ռուսաստանցի զինծառայողները գտնվում են Բելառուսի տարածքում։
Փետրվարի 5-ին ավելի վաղ ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը, որը գլխավորում է ամերիկյան պատվիրակությունը եռակողմ բանակցություններում, հայտարարել էր հինգ ամիսների ընթացքում գերիների առաջին փոխանակման մասին։
Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի մասնակցությամբ բանակցությունների երկրորդ փուլը տեղի է ունեցել փետրվարի 4-5-ին Աբու Դաբիում։ ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը հայտնել է, որ բանակցություններում գրանցվել է առաջընթաց։ BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Կիրիլ Բուդանովն էլ նշել է, որ բանակցությունները «իսկապես կառուցողական են անցել»։
Եռակողմ բանակցությունների առաջին փուլը կայացել էր հունվարի 23-24-ին՝ նույնպես Աբու Դաբիում։



















