Արցախի նախկին ՄԻՊ Գեղամ Ստեփանյանն անդրադարձել է Արթուր Օսիպյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդմանն ու կալանքին՝ այն որակելով քաղաքական հետապնդում և ազատ խոսքի ճնշման փորձ։
Ստեփանյանը նաև միջազգային կառույցների և Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ուշադրությունն է հրավիրել Օսիպյանի գործի վրա։ Հայտարարությունը՝ ստորև.
«Արթուր Օսիպյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումն ու որպես խափանման միջոց կալանքի կիրառումը որևէ աղերս չունեն իրավունքի, արդարադատության և օրենքի գերակայության հետ։ Սա ակնհայտ քաղաքական հետապնդում է, որն ուղղված է այլակարծության և ազատ խոսքի ճնշմանը։
Արթուր Օսիպյանը զրկվել է ազատությունից Նիկոլ Փաշինյանի հետ քաղաքական բնույթի հրապարակային բանավեճի և իր ազատ արտահայտվելու իրավունքն իրացնելու համար։ Հատկանշական է, որ Արթուրի հնչեցրած քաղաքական փաստարկներին հետևել են Նիկոլ Փաշինյանի մեղադրական և արցախցիների նկատմամբ ատելություն պարունակող հայտարարությունները։
Այս գնահատականը եզակի չէ։ Հայաստանի քաղաքացիական հասարակության, մասնավորապես՝ իրավապաշտպան համայնքի շրջանակներում ձևավորված է հստակ և լայն կոնսենսուս առ այն, որ Արթուր Օսիպյանի նկատմամբ կիրառվող քրեական հետապնդումը քաղաքական բնույթ ունի և չի բխում իրավական պետության սկզբունքներից։ Այս հարցով բազմաթիվ կառույցներ արդեն իսկ դիմել են ՀՀ իշխանություններին։
Արդեն 15 օր է, ինչ Արթուրը հացադուլի միջոցով պայքարում է իր անօրինական ազատազրկման, քաղաքական հետապնդման և հանրային կյանքում ատելության խոսքի դրսևորումների դեմ՝ լրջորեն վտանգելով սեփական առողջությունը։
Արթուր Օսիպյանը պետք է անհապաղ ազատ արձակվի և նրա նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը պետք է դադարեցվի։
Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների, միջազգային կազմակերպությունների և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում գործող կառույցների ուշադրությունն եմ հրավիրում այս անարդարության վրա՝ ակնկալելով նրանց գործուն ներգրավվածությունը Արթուր Օսիպյանի իրավունքների պաշտպանության, նրա անհապաղ ազատ արձակման, ինչպես նաև նախընտրական գործընթացներում ատելության խոսքի և քաղաքական հետապնդումների կանխարգելման ուղղությամբ»:



















