«Փորձում են ձայներ գողանալ». «Ժառանգության» մամլո խոսնակը հաստատում է ճնշումների մասին լուրերը

«Փորձում են ձայներ գողանալ». «Ժառանգության» մամլո խոսնակը հաստատում է ճնշումների մասին լուրերը
«Փորձում են ձայներ գողանալ». «Ժառանգության» մամլո խոսնակը հաստատում է ճնշումների մասին լուրերը

Լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում քիչ առաջ տեղեկատվություն տարածվեց, որ ընտրատեղամասերում քվեաթերթիկները հաշվելու ժամանակ համատարած ճնշումներ են գործադրվում նախագահի թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի վստահված անձանց վրա:
Րաֆֆի Հովհաննիսյանի ընտրական շտաբի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը «Մեդիալաբին» տեղեկացրեց, որ ահազանգերը համապատասխանում են իրականությանը, եւ որ քիչ առաջ մի քանի շրջիկ խմբեր են ուղարկել Փոքր Վեդի, Երևանի Մետաքս կոչվող թաղամասի ընտրատեղամաս, Արտաշատ քաղաք:

«Փորձում են ձայներ գողանալ: Այդ հարձակումների իմաստը նրանում է, որ ճնշեն, սպառնալիքներով ձայներ հավաքեն կամ անվավեր ճանաչեն Րաֆֆի Հովհաննիսյանին տրված ձայները»,- «Մեդիալաբին» ասաց Խուրշուդյանը:

Նա նշեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանի վստահված անձանց վրա ֆիզիկական բռնություն չի գործադրվել:

«Հոգեբանական հարձակում է և ճնշում, ֆիզիկական բռնությունների վերաբերյալ ինֆորմացիա չունենք»,-նշեց նա:

Հովսեփ Խուրշուդյանը նշեց, որ փորձում են օպերատիվ արձագանքել բոլոր ահազանգերին, կշարունակեն շրջել ընտրատեղամասերում, ինչպես նաև դեպքերի մասին զուգահեռ տեղյակ են պահում իրավապահ մարմիններին:

Հիշեցնենք, որ այսօր անցկացված նախագահի ընտրություններին մասնակցել է բնակչության 60.5 տոկոսը:

Թեպետ պաշտոնական տեղեկատվության համաձայն, նախնական ցուցանիշներով հաղթում է Սերժ Սարգսյանը, սակայն Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբն այլ տեղեկատվությամբ է հանդես եկել:

Ավելի վաղ Հովսեփ Խուրշուդյանը տեղեկացրել էր, որ 42 տեղամասերից արդյունքներ ունեն, որոնք տարօրինակորեն չեն համընկնում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշ արդյունքների հետ:

Ըստ «Ժառանգության»՝ վերոնշյալ տեղամասերում ընտրողների 68 տոկոսը ձայն է տվել Րաֆֆի Հովհաննիսյանին: Նշենք, որ Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի և «Gallup»-ի կողմից այսօր անցկացված exit-poll-ի արդյունքներով էլ Սերժ Սարգսյանը հավաքել է հարցվածների 58 տոկոսի քվեն, Րաֆֆին Հովհաննիսյանն ըստ արդյունքների երկրորդն էր` 32 տոկոսով:

Քիչ առաջ ՀՔԱՎ-ի հրապարակած նախնական տվյալների համաձայն ‎Լոռու և Տավուշի մարզերում Րաֆֆի Հովհաննիսյանն հավաքել է ընտրողների 49, իսկ Սերժ Սարգսյանը` 46 տոկոս:

© Medialab.am