«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է միջազգայնագետ Դավիթ Կարապետյանը
– Պարո՛ն Կարապետյան, ի՞նչ ազդեցություն կունենա Դոնալդ Թրամփի նախագահությունը Հարավային Կովկասում տեղի ունեցող ու հատկապես Հայաստանի շուրջ ընթացող զարգացումների վրա։
– Սկսած առաջին րոպեներից, ինչ պարզ դարձան ընտրության արդյունքները, տարբեր երկրների գրեթե բոլոր առաջնորդները փորձում են ընդհանուր լեզու ու համագործակցության եզրեր գտնել Թրամփի հետ։ Ու այս շարանը չի սպառվելու, որովհետև յուրաքանչյուր քաղաքական առաջնորդ դիրքավորվում ու փորձում է ընդհանուր համագործակցության եզրեր գտնել Թրամփի հետ։
Դիսկուրսը՝ Թրամփի ընտրվելը մեզ համար լա՞վ է, թե՞ վատ, սխալ է ընդհանրապես, խորհուրդ կտամ մեր ժողովրդին այս տրամաբանությամբ հարցադրումները դեն նետեն, որովհետև դրանք մանկամիտ ու քաղաքականապես սխալ հարցադրումներ են։
Մենք պետք է վերջապես հասկանանք, որ ողորմության սպասող ինչ-որ մուրացիկ չենք, որ ակնկալենք, թե այս կամ այն անձով է պայմանավորված մեր լավ լինել-չլինելը։ Իրականությունն այն է, որ պետք է ընդունել ցանկացած երկրի նոր վարչակազմ ու սկսել աշխատել այդ նոր ղեկավար կազմի հետ։ Պետք է աշխատել մաքսիմալ ու փորձել պաշտպանել մեր շահերը ու պետության համար նպաստավոր պայմաններ ստեղծել։ Հատկապես Թրամփի վարչակազմի հետ պետք է բարձրակարգ հմուտ դիվանագիտություն բանեցվի, ու այնտեղ հմուտ դիվանագետ ներկայացված լինի, որը կկարողանա ճիշտ ներկայացնել Հայաստանի շահերը:
Ես շատ ուղիղ ասում եմ, որ ներկայիս ՀՀ դեսպանը ԱՄՆ-ում, մեղմ ասած, չունի այդ որակները, առավելևս, որ իր ողջ գործունեության ընթացքում աչքի է ընկել խիստ դեմոկրատամետ դիրքորոշմամբ, իսկ Թրամփի ճամբարում քաջատեղյակ են այդ մասին։
Պետք է նաև հասկանանք, որ ԱՄՆ-ի պետական շահերն ու ռազմավարությունը չեն փոխվում նախագահի փոփոխությամբ, իհարկե, նախագահը լուրջ ֆիգուր է այդ ամենում, բայց հակամարտությունների լուծումն ու երկրների հետ հարաբերությունների սցենարները անձերով չեն պայմանավորված, կա ռազմական հայեցակարգ, որով և նրանք առաջնորդվում են։
– Իշխող խմբակցությունից միտք է հնչել, թե վատ չէր լինի, որ Թրամփը իր քաղաքականության մեկնարկը տար Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքմամբ։ Որքանո՞վ եք իրատեսական համարում սա, ու նաև այն, որ Թրամփը հայտարարեց, թե իր նախագահության տարիներին վերջ է դրվելու պատերազմներին։
– Թրամփը մեծ պարտավորության տակ է մտել, նրա համար հիմա գերխնդիր է իր խոսքերի հետևից գնալը ու կարողանալ իսկապես այնպես անել, որ ռուս-ուկրաինական հակամարտությունը հանգուցալուծվի։ Այս մասով շատ աշխատանք կա կատարելու, բայց այստեղ կուզեմ հատուկ ուշադրություն հրավիրել հետևյալի վրա: Ընտրություններից անմիջապես հետո կարծես արտահոսք եղավ, բայց փաստերը ցույց տվեցին, որ դա իրականություն է։ Եթե ընդունենք, որ Թրամփն իսկապես ունի այդ կախարդական փայտիկը, ունի՞, թե՞ ոչ՝ ժամանակը ցույց կտա։
Թրամփի հաղթանակից անմիջապես հետո Ուկրաինայում հայտարարեցին, որ Կիևը դուրս է բերում իր զորքը Ռուսաստանի Կուրսկի շրջանից, ավելին՝ նախագահ Զելենսկին էլ հայտարարեց, որ Թրամփի հետ ունեցել է հրաշալի հեռախոսազրույց, Թրամփի թիմը հատուկ անոնսավորեց հակամարտության դադարեցման ու հակամարտության ավարտի մշակված ծրագրի մասին, որ մեջ հետևյալ կետերն են մտնում․
հակամարտությունը դադարեցվում է շփման գծի ներկայիս վիճակով, որ Ուկրաինայի տարածքում ապառազմականացված գոտի պետք է ստեղծվի, թեև կա նաև շատ կարևոր դրվագ՝ պարզ չէ, թե ով է ապահովելու դրա անվտանգությունը, բայց կարծես բացառվել է ամերիկյան զորքի կամ ԱՄՆ-ի կողմից ֆինանսավորվող կազմակերպությունների, առավելևս՝ ՄԱԿ-ի զորակազմի ներգրավումը: Վերջին կետը, որ նրանք առանձնացրել են, սպառազինության մատակարարման դիմաց Ուկրաինայի՝ առնվազն 20 տարով ՆԱՏՕ-ի անդամակցությունից հրաժարվելը։ Այս պայմաններն են դրված, ու ես կարծում եմ, որ Զելենսկին համաձայն է դրանց։
Շատ կարևոր է նաև այն, որ հաղթանակից 15 րոպե հետո տեղեկություններ տարածվեցին, թե ինչ է անելու Թրամփը ներքին քաղաքականության ու տնտեսության մեջ։ Օրինակ՝ տեղեկությունն արդեն հաստատվեց, որ Իլոն Մասկի գլխավորությամբ ստեղծվելու է հատուկ թիմ, որը զբաղվելու է ԱՄՆ-ի ամբողջ պետական ապարատի արդյունավետության ստուգումներով։ Շատ մեծ հավանականություն կա, որ պետքարտուղարությունում ու մյուս պետական կառույցներում մեծաթիվ աշխատակիցներ պարզապես կկրճատվեն։
Ցանկացած երկիր իր արտաքին քաղաքականությունը կառուցում է իր պետական ու ազգային շահերից ելնելով, այնպես որ, չպետք է մեծ հույսեր փայփայել կամ մտահոգվել, որ եթե Թրամփը ընտրվել է, մեր վերջը եկել է, կամ փրկվել ենք, այս ամենը քաղաքական սպեկուլյացիաներ են։
– Պարո՛ն Կարապետյան, այսինքն՝ առաջիկայում մենք կտեսնենք ռուս-ուկրաինական պատերազմի ավա՞րտ։
– Մենք այս պահին կտեսնենք սառեցված պատերազմ, այսինքն՝ ողջ սահմանի երկայնքով ռազմական գործողությունների դադարեցում։ Այս պահին խիստ հավանական է, որ ռազմական գործողությունները կանգնեցվեն, համենայնդեպս, Կուրսկի շրջանից իրենց զորքերի դուրսբերումով ցույց են տալիս, որ ԱՄՆ-ի առաջարկին իրենք համաձայն են
– Արցախի մասով Թրամփը նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարություն արեց, դրա մասին խոսել եք, կարծում եք՝ արդեն նախագահ Թրամփը Արցախի, արցախահայության իրավունքների մասով ի՞նչ քայլեր կձեռնարկի։
– Անկեղծ ասած, մեծ սպասելիքներ չունեմ, որպես այդպիսիք։ Որքան էլ նա բարձրագոչ հայտարարություններով հանդես եկավ, ես չունեմ այդ վստահությունը, թե անելու է այն, ինչ ասել է։ Ժամանակին ինքը կարող էր քայլ անել ու թույլ չտալ 44-օրյա պատերազմն Արցախում։ Ես կարծում եմ, որ որպես միջնորդ նրանք կփորձեն ամեն ինչ անել, ցույց տալով, որ հայ-ադրբեջանական հակամարտության հանգուցալուծման բանալին գտնվում է ԱՄՆ-ում, ու իրենք հարթակ են տրամադրում։
Տեսնենք, թե ինչ քաղաքականություն կորդեգրի այս վարչակազմն այդ հարցի առումով, բայց որ պետք է աշխատենք նրանց հետ՝ փաստ է: Եթե մենք չաշխատենք՝ Ադրբեջանը կաշխատի, արգասիքն Ադրբեջանը կստանա, թեև Հայաստանի նման իշխանության պարագայում դրա նախադրյալները չեմ տեսնում, հատկապես որ վստահ եմ, հիմա զեկուցել են Թրամփին կամ ժամանակի ընթացքում կզեկուցեն, թե ինչ վերաբերմունք ու ընդհանրապես ինչ մթնոլորտ են ձևավորված Հայաստանի իշխանությունների կողմից Թրամփի նկատմամբ։
Այս իշխանությունը վարում էր անհեռատես ու բացահայտ պրոբայդենյան քաղաքականություն, ու տպավորություն էր, որ Բայդենի իշխանության հետ ավելի սերտ են համագործակցում։ Այնպես չէ, որ հիմա գլոբալ ինչ-որ բան է փոխվելու, բայց, ամեն դեպքում, նրանք բացահայտ ցույց էին տալիս, որ Հարիսի ընտրվելն իրենց ավելի ձեռնտու է։ Խիստ կասկածում եմ, որ այս պարագայում կարելի է Թրամփի վարչակազմից բարիդրացիական հարաբերություններ ակնկալել։
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am
















