Որոտանի համայնքապետը կմնա կալանքի տակ․ դատարանը մերժեց վերաքննիչ բողոքը

Սյունիքի մարզի Որոտանի համայնքապետ Սուրեն Օհանջանյանը կշարունակի մնալ կալանքի տակ։ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Ռուզաննա Բարսեղյանի նախագահությամբ, որոշում կայացրեց ուժի մեջ թողնել Առաջին ատյանի դատարանի որոշումը։

Պաշտպանական կողմը Վերաքննիչ էր դիմել, բողոքի հիմքում դնելով այն հանգամանքերը, որ «խափանման միջոց կալանավորումն ընտրելն անհիմն է, բացի այդ, Օհանջանյանն ունի առողջական խնդիրներ», երկրորդ կարգի հաշմանդամություն է ձեռք բերել Արցախյան առաջին պատերազմի ընթացքում․

«Պարոն Օհանջանյանը չի ընդունում առաջադրված մեղադրանքը, պնդում է, որ նման բան չի եղել։ Ուղղակի մեկ հոգու ցուցմունքի հիման վրա մեղադրանք են առաջադրել ու կալանավորել»,- Forrights-ի հետ զրույցում ասաց պաշտպան Արսեն Վարդանյանը։

Հարցին՝ արդյո՞ք մեղադրանք առաջադրելը և կալանավորելը քաղաքական հետապնդում են դիտարկում, փաստաբանը չպատասխանեց,- «Այդ մասին կհայտնեմ, երբ խոսեմ Սուրիկ Օհանջանյանի հետ»։ Պաշտպանական կողմը Վերաքննիչ բողոքը չի վիճարկի Վճռաբեկ դատարանում։

Հիշեցնենք, ըստ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն՝ փաստական տվյալներ են ձեռք բերվել, ըստ որոնց՝ Որոտանի գյուղապետը հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ գյուղի բնակիչների հետ կազմակերպել է հանդիպումներ, որոնց ներկա է գտնվել նաև Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը։

Որոտանի գյուղապետը բնակիչներին առաջարկել է սոցիալական օգնություն ստանալու համար դիմումներ ներկայացնել Գորիս համայնքի ղեկավարին` երաշխավորելով, որ դրանք կբավարարվեն: Արդյունքում 31 անձինք ներկայացրել են դիմումներ, որոնք Գորիս համայնքի ղեկավարի պաշտոնակատարի հունիսի 9-ի որոշմամբ բավարարվել են:

Պարզվել է, որ նշված դիմումատուների մեծ մասը հանդիսանում են Որոտանի գյուղապետի ընտանիքի անդամները։ Միևնույն ժամանակ տվյալներ են ձեռք բերվել, որ Որոտանի գյուղապետը որոշ քաղաքացիների հայտնել է, որ սոցիալական աջակցություն տրամադրելու դեպքում պետք է մասնակցել նշված ընտրություններին և քվեարկել «Հայաստան» դաշինքի օգտին։