«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է միջազգայնագետ Դավիթ Կարապետյանը
– Պարո՛ն Կարապետյան, ԱՄՆ նախկին նախագահ, ներկայում ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը Թվիթերի իր էջում գրառում է արել 2023-ի Արցախի էթնիկ զտման մասին՝ մեղադրանք հնչեցնելով նախագահի ընտրություններում իր մրցակից և ԱՄՆ գործող փոխնախագահ Քամալա Հարիսի նկատմամբ, որ վերջինս, ըստ էության, անգործություն է ցուցաբերել։ Սա հայտարարություն է զուտ նախընտրական քարզարշավի ու ձայներ ստանալու տրամաբանությունից ելնելո՞վ, թե՞ որոշակի հույսեր պետք է ունենալ, որ Թրամփի ընտրվելուց հետո դրական փոփոխություններ կլինեն մեզ համար։
– Այո, բացի Հարիսին մեղադրելուց՝ նա անգամ նշել է, որ ընտրվելու դեպքում կպաշտպանի քրիստոնյաներին, կաշխատի դադարեցնել էթնիկական զտումն ու բռնությունը ու խաղաղություն կհաստատի Ադրբեջանի ու Հայաստանի միջև։ Մենք սիրում ենք, չէ՞, լսել ականջահաճո հայտարարություններ իհարկե, որովհետև շատ դեպքերում նախընտրում ենք քաղաքականությունը ականջներով սիրել, չենք սիրում, երբ առերեսվում ենք փաստերի հետ, ճիշտ գնահատական տալ չենք սիրում, որովհետև ամեն ինչ չէ, որ մեր սրտով է։
Ես պնդում եմ, որ դա քարոզարշավի ընթացքում ձայներ կորզելու համար՝ ցավոտ փաստերի վրա հաճելի ու ճիշտ արված հայտարարություն է, ինչը սպասելի էր, այդպես արել են ու անելու են։ Մի քանի շաբաթ առաջ էլ Հարիսն էր ԱՄՆ ընտրազանգվածի համար Արցախի ու արցախահայերի վերաբերյալ նման սրտաճմլիկ հայտարարություններով հանդես գալիս։
Զավեշտն այն է, որ Թրամփը, որն այսօր ասում է՝ ինչ չի արել Հարիսը, ու մեղադրում է, նույն 44-օրյա պատերազմի ժամանակ ԱՄՆ նախագահն էր, ու հարց է, թե նա ի՛նչ է արել Արցախի ու արցախահայության համար: Պատասխանը միանշանակ է՝ ոչ մի բան։ Եվ սա այն պարագայում, երբ ամերիկյան վարչակազմը հայտարարում էր, թե Արցախի էթնիկ զտումն իրենց համար կարմիր գիծ է։ Այնպես որ, բառեր, բառեր, բառեր։
Երկուսն էլ իրենց հերթին ժամանակին հնարավորություն են ունեցել կանխելու արհավիրքը, բայց չեն արել, որովհետև երկակի ստանդարտներն իրենց համար նորմալ բան է, իրենց քաղաքականությունն է դա պահանջում, ինչից նեղանալ պետք չէ, նրանց համար առաջնայինը միջին միջանցքի տրամաբանությունն է, որն իրենց պարտադրում է իրենց պետական շահն ու տարածաշրջանին վերաբերող ծրագրերը։
Օրեր առաջ Բայդենը նույն սրտաճմլիկ տեքստը նամակով ուղարկեց թե՛ Ալիևին, թե՛ Փաշինյանին։ Զավեշտն այն է, որ այդ նամակը մեջբերողները, որոնք դա չեն էլ կարդացել, նամակը ներկայացնում են իբրև պրոհայկական, Բաքվին ուղղվածը վերջնագիր են ներկայացնում, որ Ալիևն այլևս ելք չունի ու պետք է բավարարի Բայդենի հորդորն ու Հայաստանի հետ մինչև տարեվերջ խաղաղության պայմանագիր կնքի։ Սա այն պարագայում, երբ նամակում մարդն ուղիղ տեքստով ասում է, որ պետք է գնաք նոր զիջումների, որ խաղաղություն լինի, պայմանը դա է։
– Ձեր գնահատմամբ՝ ԱՄՆ նախագահի որ թեկնածուն էլ հաղթի, մենք էական դիրքորոշում, գործողություններ, որը կբխի հայկական կողմի շահերից, կտեսնե՞նք։
– Իրականում բոլոր վարչակազմերի վարած քաղաքականությունն էլ մեր նկատմամբ տեսել ենք, վստահ եմ, եթե Հարիսն էլ ընտրվի՝ վարելու է նույն արտաքին քաղաքականությունը, ինչ հիմա է։ Մենք պետք է հասկանանք, որ ԱՄՆ-ն այն խորքային պետությունն է, որ շարժվում է ամեն տարածաշրջանի համար բացառապես ազգային-պետական նախանշված դոկտրինով։ Այսինքն՝ մեկ անձով դա պայմանավորված չէ, որ այդ մեկը եկավ, քարոզարշավի ժամանակ խոստացած պրոհայկական բաներն անելու է, միանշանակ՝ ո՛չ։
Ավելին ասեմ, որ ԱՄՆ-ն նման հարցերում շատ անկեղծ է եղել, վերջերս պետքարտուղարի խոսնակ Մեթյու Միլլերն ասաց, որ խաղաղության հասնելու համար պահանջվում է գնալ բարդ որոշումների ու լուրջ զիջումների, ավելին ասեմ՝ նա երեկ հայտարարեց, որ խաղաղության պայմանագրի կնքումը կախված է Բաքվից ու Երևանից, ոչ թե ԱՄՆ-ից։
Սա երկու բան է նշանակում․ կա՛մ ԱՄՆ-ն ձեռքերը լվանում է այս թեմայից, կա՛մ այդ կերպ առժամանակ անաչառ ու անկողմնակալ վերաբերմունք է ցուցաբերում։ Կրկնակի զավեշտն էլ այն է, որ դրանից հետո Ալեն Սիմոնյանն ասում է, թե հույս ունեն, որ առնվազն մինչև խաղաղության պայմանագրի կնքումը ԵՄ դիտորդներն այստեղ կլինեն։ Այսինքն՝ հույսով են ապրում։
– Պարո՛ն Կարապետյան, ստացվում է, որ Հայաստանի իշխանությունը երկիր է կառավարում հույսերո՞վ՝ իրական երաշխիքների փոխարեն։
– Այս իշխանությունը կոմպետենտ չէ ու չի էլ պատկերացնում, թե որ կենտրոնից ինչ կարելի է սպասել, որի հետ ինչպես խոսել, արկածախնդիր գործելաոճ ունի։
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am

















