Հունիսի 4-ը հոբելյանական էր Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան դրամատիկական թատրոնում

ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Լենա Փաշինյանի 90-ամյակին նվիրված օրը նշանավորվեց Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի հետնաբակում հուշաղբյուրի բացման արարողությամբ, այնուհետ արտիստուհու գերեզմանին այցելությունից հետո միջոցառումը շարունակվեց Վանաձորի Տիգրան Մեծի 42 հասցեում՝ հուշաքարի մոտ (ի դեպ, հուշաքարը տեղադրվել է 80-ամյակին՝ 2011 թ․-ին, Կարեն Ադամյանի նախաձեռնությամբ)։

Այդ մասին հայտնում են Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնից։

Խորհրդանշական էր երիտասարդ դերասանուհիների՝ Լենայի աղբյուրից ջուր խմելու արարողությունը։

Հիշատակի և գնահատանքի խոսք ասաց թատրոնի գեղարվեստական ղեկավար` ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանը։ Նա արժևորեց Լենա Փաշինյանի անուրանալի վաստակը թատրոնի 90-ամյա տարեգրության մեջ, և նշեց, որ նա եզակիներից է մեր թատրոնի պատմության մեջ։

Շահվերդյանը հատկապես ընդգծեց ավագների նկատմամբ պաշտամունքի հասնող սիրո ու պատկառանքի կարևորությունը երիտասարդ սերնդի համար։ Ի դեպ, Վանաձորի թատրոնում այսօր էլ կողք կողքի աշխատում և արարում է երեք սերունդ՝ ապահովելով արվեստի բնականոն զարգացման ժառանգորդական շղթայի ամրությունը։

Հիշողություններով կիսվեցին և երախտիքի խոսքեր ասացին ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը, ՀՀ ժողովրդական արտիստ Ռոզա Մխիթարյանը, արվեստի վաստակավոր գործիչ, դրամատուրգ, երգիծաբան Սամվել Խալաթյանը։