Տպավորություն է, որ արգելված է խոսել պատերազմի զեկույցի մասին. 5 տարվա քարոզչական փուչիկը չեն կարողանում ներկայացնել հանրությանը. Վարդանյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը 

– Տիկի՛ն Վարդանյան, մինչ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է, որ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի զեկույցն ԱԺ լիագումար նիստերի օրակարգում ներառելու իրավական հիմք չկա, հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը ճիշտ հակառակն է պնդում: Ձեր գնահատմամբ՝ ինչո՞ւ իշխանական պատգամավորները չեն կարողանում ընդհանուր հայտարարի գալ:

– Տեխնիկական մանրամասներին չեմ տիրապետում, բայց քաղաքական մասով ասեմ, որ ակնհայտ էր այս քննիչ հանձնաժողովի ստեղծման իրական նպատակը: 

Տարիներ առաջ՝ քաղաքական նպատակներով, նաև պատերազմի ու պարտության մեղքը այլոց վրա բարդելու համար, իշխանությունը մեծ շուքով հայտարարեց, թե ստեղծում է քննիչ հանձնաժողով, հարցաքննության կանչեցին անգամ Նիկոլ Փաշինյանին, որ պատերազմի ու պարտության ամբողջ հանգամանքները վեր հանեն ու ներկայացնեն հանրությանը: Իսկ հիմա, օրենքի ու սահմանված ժամկետների խախտումներով, նույն այդ իշխանության մի մասը հայտարարում է, թե աշխատանքն ավարտվել է, սկանդալային բացահայտումներ են եղել, իսկ մի մասն էլ ասում է, որ դա ԱԺ լիագումար նիստերին չի կարող քննարկվել: 

Մենք ի սկզբանե հայտարարել էինք, որ հանցագործության մեջ ենթադրյալ կասկածվողները չեն կարող քննել իրենց իսկ հանցագործությունները, ավելի պարզ՝ Անդրանիկ Քոչարյանը չի կարող քննել Նիկոլ Փաշինյանի մեղավորության հարցը, և անվստահություն ունեինք այդ հանձնաժողովի աշխատանքների հետ կապված: 

Բայց հիմա այս հակասությունները այլ մտահոգություններ ևս առաջացնում են, տպավորություն է, որ իշխող ուժին արգելված է անգամ քննարկել ու հանրությանը ներկայացնել պատերազմի հետ կապված որևէ իրողություն, ու պետք է միայն ադրբեջանական նարատիվներ առաջ մղի և խոսի խաղաղության մասին, չէ՞ որ եթե պատերազմի հանգամանքների մասին խոսի, ապա պետք է խոսի նաև զոհերի մասին, թշնամական բոլոր գործողությունների մասին: Արգելված է այդ ամենի մասին խոսել, ու ստեղծվել է մի իրավիճակ, որ հինգ տարվա քարոզչական փուչիկը, որը հենց իրենք էին փչել, չեն կարողանում հանրությանը ներկայացնել: Սրանով են պայմանավորված այդ բոլոր հակասությունները, որ տեսնում ենք իշխանական թիմում այս հարցով: 

– Եթե որոշեն, որ փակ ձևաչափով են ներկայացնում զեկույցը, որպես ընդդիմադիր խմբակցություն կմասնակցե՞ք:

– Հանձնաժողովի աշխատանքներին չենք մասնակցել, արդեն ասացի, թե ինչ պատճառով, որովհետև հանցագործության մեջ ենթադրյալ կասկածյալները չեն կարող քննել իրենց իսկ հանցագործությունները: 

Կսպասենք զարգացումներին, երբ վերջապես հասկանան, թե ինչ են անում այդ զեկույցի հետ, մենք հանդես կգանք հայտարարությամբ: Բայց այն անվստահության հիմքը, որ ի սկզբանե ունեցել ենք, ոչ միայն շարունակում է մնալ, այլև ավելի է խորանում: Բոլորի համար պարզ է դառնում, որ սա միայն քարոզչական շոու էր ի սկզբանե, ոչինչ ավելին, իրենք էլ պատկերացում չունեն, թե ինչպես են վարվելու արդյունքների հետ: 

– Տիկի՛ն Վարդանյան, ճի՞շտ եմ հասկանում, որ անկախ ամեն ինչից, դուք զեկույցի նկատմամբ վստահություն չունեք:  

– Իհարկե, այդ զեկույցի վերաբերյալ կա զրո վստահություն: 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am