Հայաստանը և Եգիպտոսը տոնում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը

Հայաստանը և Եգիպտոսը այսօր՝ մարտի 9-ին, տոնում են երկկողմ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը:

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը Թվիթերում նշել է, որ Հայաստանի Հանրապետության և Եգիպտոսի Արաբական Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են ուղիղ 30 տարի առաջ այս օրը՝ 1992 թ. մարտի 9-ին:

«Մեր գործընկերությունը առանձնանում է երկու ժողովուրդների միջև պատմական բարեկամությամբ և փոխադարձ վստահությամբ:

Հայաստանը մեծ ցանկություն ունի զարգացնելու փոխգործակցությունը Եգիպտոսի հետ և ընդլայնելու երկկողմ օրակարգը՝ ի շահ երկու բարեկամ ազգերի և պետությունների», – ընդգծել է Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը:

Ուղիղ 30 տարի առաջ՝ 1992 թ. մարտի 9-ին, Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում Հայաստանը և Եգիպտոսը ստորագրել էին «ՀՀ և ԵԱՀ միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» համաձայնագիրը:

Հայաստանը Կահիրեում դեսպանություն է բացել 1992 թ. սեպտեմբերին, իսկ 1993 թ. ապրիլից Երևանում գործում է Եգիպտոսի Արաբական Հանրապետության դեսպանությունը:

2018 թվականի նոյեմբերի 20-ին Եգիպտոսում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել Կարեն Գրիգորյանը: 2019 թ. հունվարի 22-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բահաա Էլ Դիսուկին:

Երկկողմ ապրանքաշրջանառությունը Հայաստանի և Եգիպտոսի միջև 2021 թվականին կազմել է մոտ 2,8 մլն ԱՄՆ դոլար: