Ներկուլիսային պայքա՞ր, թե՞ անհեթեթ որոշում. նախարարը պաշտոնանկ է արվել ԴԱՀԿ պետի պատճառով, մինչդեռ վերջինս շարունակում է պաշտոնավարել

Արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանի պաշտոնանկությունը, որքան անհասկանալի, այնքան էլ առեղծվածային մնաց` շատերի մոտ թողնելով մի հարց. Ինչո՞ւ նա և ոչ ԴԱՀԿ պետը, որի պատճառով էլ, ըստ պատճառաբանությունների, նախարարը լքեց իր աթոռը:
«Մի՞թե նորմալ է, երբ նախարարը պաշտոնանկ է արվում ԴԱՀԿ պետի պատճառով, իսկ վերջինս շարունակում է պաշտոնավարել,- ասում է անկախ քաղաքական վերլուծաբան Երվանդ Բոզոյանը: – Ո´չ, և իրականում այստեղ ուրիշ պատճառ կա թաքնված»:
Մինչ կառավարությունը խուսափում է հստակ պատասխաններից, վերլուծաբանը տեղի ունեցած վերջին փոփոխությունները կապում է «ներկուլիսային պայքարի» հետ:
Դեռևս դեկտեմբերի 10-ին ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը բաց նամակ է ուղարկել վարչապետ Տիգրան Սարգսյանի անունով` արդարադատության արդեն նախկին նախարար Գևորգ Դանիելյանի պաշտոնանկության շուրջ մի շարք պարզաբանումներ ստանալու ակնկալիքով:

«Իհարկե, պաշտոնատար անձանց պատշաճ պահվածքի Ձեր պահանջին ամբողջությամբ կմիանա մեր հասարակությունը և մենք նույնպես: Շատ ավելի հասկանալի կլիներ այս ամենը, եթե աշխատանքից անմիջապես ազատվեր հենց էթիկայի կանոնները լրջորեն խախտած պաշտոնյան»,- վարչապետին ուղղված իր նամակում գրում է պատգամավորը:

Դանիելյանին, ըստ Տիգրան Սարգսյանի պաշտոնական մեկնաբանության, պաշտոնանկ են արել էթիկայի կանոնների լուրջ խախտում թույլ տված ԴԱՀԿ ծառայության պետ Միհրան Պողոսյանին հրապարակային չպատժելու համար:

Անահիտ Բախշյանը խնդրել էր վարչապետին պարզաբանել, թե «ինչո՞ւ հեռուստալրատվամիջոցները պաշտոնապես չեն հրապարակել ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի էթիկայի խախտման փաստի մասին լուրը, որպեսզի հասարակությունն ընկալի հրամանագիրը»:

Տիկին Բախշյանը, ի թիվս այլ հարցերի, խնդրել էր նաև տեղեկացնել, թե «ինչո՞ւ օրենքները խախտած պետական պաշտոնյաները չեն պատժվում»:

«Որպես պատգամավորներ` մենք կարող ենք վկայել, որ կառավարության անդամներից շատերն են իրենց աշխատանքային պարտականությունները ոչ պատշաճ են կատարում և շատ ավելի վատ, քան արդարադատության նախարարը: Ինչքանո՞վ է արդարացի ՀՀ նախագահի հրամանագիրը` հատկապես նրա նկատմամբ»,- գրել էր Անահիտ Բախշյանը:

Անահիտ Բախշյանը, «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի համաձայն, խնդրել էր 10-օրյա ժամկետում տրամադրել վերոնշյալ հարցերի պատասխանները:

Մինչև այժմ, սակայն, պատգամավորը կառավարությունից որևէ պատասխան չի ստացել:

Այդ մասին «Մեդիալաբի» հետ զրույցում նշեց ինքը` Անահիտ Բախշյանը` հավելելով, որ պատասխանի համար նշված ժամկետը լրացել է դեռևս դեկտեմբերի 20-ին:

«Մենք այդ հարցի պատասխանը պետք է ունենանք»,- նշեց տիկին Բախշյանը:

Վարչապետ Տիգրան Սարգսյանի օգնական Արամ Անանյանը սակայն «Մեդիալաբի» հետ զրույցում հայտարարեց, թե պատասխանի համար նախատեսված ժամկետը չի լրացել: Անանյանի հավաստմամբ` մինչև դեկտեմբերի 24-ը կառավարությունը դեռևս ժամանակ ունի պատգամավորի հարցադրումներին պատասխանելու համար:

Ինքը` Արամ Անանյանը, ձեռնպահ մնաց Անահիտ Բախշյանի հարցադրումները մեկնաբանելուց: «Մեդիալաբի» այն հարցին, թե իրավական առումով որքանո՞վ է նորմալ, որ ԴԱՀԿ պետի արարքի պատճառով արդարադատության նախարարն ազատվում է աշխատանքից, իսկ ինքը` ԴԱՀԿ պետը` ոչ, Արամ Անանյանը պատասխանեց, թե կառավարության նիստի ժամանակ վարչապետը տվել է բոլոր հարցերի պատասխանները, և որ դրանք հավելյալ մեկնաբանությունների կարիք չունեն:

Դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած կառավարության նիստի ընթացքում արդարադատության նախարարին ազատելու մասին Տիգրան Սարգսյանը հայտարարել էր.

«Մենք ձեզ հետ միասին պետք է մեծ կարևորություն տանք էթիկայի կանոնների պահպանմանը, բոլոր գերատեսչություններում պաշտոնատար անձանց պահվածքին: Հարկադիր կատարման ծառայության ղեկավարը թույլ է տվել էթիկայի կանոնների լուրջ խախտում: Արդարադատության նախարարին հանձնարարվել է հրապարակային պատժել ծառայության պետին իր պահվածքի համար: Արդարադատության նախարարը հանձնարարականը չի կատարել»:

Արամ Անանյանի խոսքով` վարչապետն իր այս հայտարարությամբ արդեն տվել է բոլոր հարցերի պատասխանները:

Մինչդեռ իրավապաշտպան Միքայել Դանիելյանը «Մեդիալաբին» ասում է, թե կատարվածն ուղղակի անհեթեթություն է:

«Դա աբսուրդ է, որը չի մեկնաբանվում: Աշխարհի ոչ մի նորմալ երկրում նման բան չի կարող կատարվել: Եթե նման արարք էր կատարել ԴԱՀԿ պետը, ապա նախ պետք է պաշտոնանկ անեին ԴԱՀԿ պետին, ապա նոր` արդարադատության նախարարին»,- նշեց Միքայել Դանիելյանը:

Արդարադատության արդեն նախկին նախարար Գևորգ Դանիելյանը իր պաշտոնանկությունից հետո հրաժարվել է որևէ կերպ մեկնաբանել իր պաշտոնանկությունը, մինչդեռ ԴԱՀԿ ծառայության պետ Միհրան Պողոսյանը շարունակում է պաշտոնավարել:

Քրիստինե Խանումյան

© Medialab.am