Գերխնդիր է դառնում ԵՄ այդ դռնակը բաց պահելով՝ կրկին լիարժեք կերպով վերադառնալ նաև ռուսական շուկա. Արման Մելիքյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Արցախի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը

– Պարո՛ն Մելիքյան, ինչպե՞ս կմեկնաբանեք Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցը, որի ժամանակ «Փաշինյանն ընդգծել է, որ հայաստանյան ծագման ապրանքների՝ ՌԴ շուկա արտահանման սահմանափակումները հակասում են Հայաստան-Ռուսաստան իրավապայմանագրային շրջանակին ու Եվրասիական տնտեսական միության կարգավորումներին, և խնդրել է միջոցներ ձեռնարկել՝ այս խնդիրները կարգավորելու ուղղությամբ»։

– Ռուսաստանի ղեկավարությունը «Ռոսսելխոզնադզոր» կոչված հիմնարկի կողմից միակողմանի առևտրային սահմանափակումների կիրառումը երկկողմ միջպետական հարաբերություններում գործընկերների վրա ճնշում գործադրելու ոչ քաղաքական գործիքներից մեկն է դարձրել: Հիշենք, որ ժամանակին Թուրքիային էր «լոլիկային» պատերազմ հայտարարել: Բայց այդ պատերազմն ավարտվեց, իսկ Պուտինն ու Էրդողանը կրկին դարձան սիրասուն բարեկամներ: 

Հայաստանի պարագայում այս գործիքի կիրառումը, ինչ խոսք, ներքին էական լարվածություն առաջացրեց: Սա, իհարկե, ճիզվիտային գործելակերպ է, որը, կարծես, բոլորովին կապ չունի միջպետական քաղաքական հարաբերությունների ընթացիկ բովանդակության հետ՝ իբր տեխնիկական խախտումների հետևանք է, բայց այդ խախտումների մասին հայտարարություններն ու դրանցից բխող գործողությունները ռուսական կողմը միշտ գործի է դնում հենց այն ժամանակ, երբ ցանկանում է սրել միջպետական հարաբերությունները քաղաքական նկատառումներից ելնելով: 

Այսինքն՝ մի կողմից երկկողմ պայմանագրային պարտավորությունները ուժի մեջ են մնում, բայց առանձին ապրանքների մասով արձանագրված «խախտումները» ժամանակավորապես խոչընդոտում են բնականոն առևտուրը: Փաշինյանի զանգը Պուտինին պաշտոնական Երևանի արձանագրումն էր այն բանի, որ հայկական ապրանքների արտահանման հանդեպ սահմանափակումների կիրառումն ունի բացառապես քաղաքական ենթատեքստ, և խնդիրը պետք է լուծվի քաղաքական որոշմամբ՝ հենց Պուտինի մակարդակում: 

– Պաշտոնական Մոսկվայի արձագանքն ու քայլերն ինչպիսի՞ն կլինեն և ինչո՞ւ։

– Արդեն տևական ժամանակ է, ինչ պաշտոնական Մոսկվան Փաշինյանին էլ, Հայաստանին էլ հրապարակավ վերաբերվում է ընդգծված քամահրանքով: Ռուսաստանի կողմից 2020-2023 թթ. Արցախի հանձնումն ապահովելու հետևանքով Հայաստանում հակառուսական տրամադրությունների էական խորացումը հունիսյան ընտրություններին ընդառաջ թույլ տվեց Մոսկվային ընտրել այնպիսի մարտավարություն, որի շնորհիվ Փաշինյանին հայհոյելն ու ռուսամետ ընդդիմության հիմնական ուժերին բացեիբաց աջակցելն իրականում օգնեցին առաջինին վերստանձնել իր պաշտոնը, իսկ նրա քաղաքական հակառակորդներին զրկեց առավել լայն հանրային աջակցությունից: 

Ստացվեց, որ Փաշինյանը հակառուսական գործիչ է, բայց շարունակելու է կառավարել, իսկ ռուսամետ ընդդիմությունն էլ իշխանություն չստացավ, բայց շարունակելու է ապավինել Մոսկվային՝ Փաշինյանից երբևէ ազատվելու հույսը պահելով: 

Այս պահին Պուտինը կաշկանդված չէ Հայաստանի հանդեպ ունեցած որևէ պարտավորությամբ և կարող է շարունակել ճնշումները, բայց ինքնին այն, որ համաձայնել է զրուցել Փաշինյանի հետ, ավելի շուտ իրավիճակն աստիճանաբար մեղմելու, բայց ոչ վերջնականապես պարպելու նախանշան կարող ենք համարել: 

Չեմ բացառում, որ վարչապետի պաշտոնում Փաշինյանի վերահաստատումից հետո հայկական ապրանքների արտահանման նկատմամբ կիրառվող սահմանափակումները կմեղմվեն կամ քայլ առ քայլ կվերացվեն: Արդյունքում Մոսկվան կունենա իրենից կախված ՀՀ վարչապետ էլ, ընդդիմություն էլ, որոնց հանդեպ ինքը ոչ մի իրական պարտավորություն չի ունենա:

– Ինչ վերաբերում է Հայաստանի՝ Եվրոպական միությանն անդամագրվելու հարցով Հայաստանում հանրաքվե անցկացնելուն, վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ հանրաքվեի անցկացումը գործնականում հնարավոր է միայն ԵՄ-ին անդամագրման համար Հայաստանի կողմից Եվրոպական միությանը պաշտոնական դիմում հղելուց և թեման առարկայական դարձնելուց հետո»։ Արդյոք սա նշանակո՞ւմ է, որ Փաշինյանը հրաժարվում է ԵՄ-ին անդամակցելուց, թե՞ հակառակը, որ հանրաքվե կանցկացնի։

– Սա նշանակում է, որ այս պահին վարչապետ Փաշինյանը ձգտում է հնարավորինս արագ հարթել հայ-ռուսական հարաբերություններում առկա կնճիռները՝ առաջին հերթին տնտեսական նկատառումներից ելնելով: Այստեղ խնդրահարույցն այն է, որ հանրաքվեի անցկացումը նա հնարավոր է համարում ԵՄ անդամակցության պաշտոնական դիմումը Բրյուսելին ներկայացնելուց հետո միայն: Այս կարգի հարցերում, եթե պետք է քաղաքացիների կարծիքը հաշվի առնվի, ապա այն պետք է հաշվի առնվի նախքան կոնկրետ քայլն անելը, այսինքն՝ մինչև Բրյուսել դիմելը: Բայց, դե, ո՞վ է իրականում այս քաղաքական պղտոր խաղերում քաղաքացու հետ հաշվի նստում: 

Եթե մի կողմից պետք է մեղմել Մոսկվայի ցասումն ու անվստահության պոռթկումները, իսկ մյուս կողմից՝ եվրոպացի գործընկերներին ցույց տալ, որ անդամակցելու նպատակից ետ չի կանգնել, ապա կարելի է նաև քայլերի այսպիսի հաջորդականություն ներկայացնել՝ ասել, որ հանրաքվե կանցկացնի, եթե ու երբ անդամակցության դիմումը ներկայացնի: Իսկ ինքն այս պահին նման դիմում ներկայացնելը նպատակահարմար չի գտնում: 

– Ինչո՞ւ է Փաշինյանը խնդրում կարգավորել հարցը, եթե նույն Փաշինյանն ու իր թիմակիցներն ասում էին, որ ամեն բան լավ է, ու հայկական ապրանքներն արտահանվում են եվրոպական շուկա։

– Քանի որ եվրոպական շուկաները չեն կարող արագ փոխհատուցել մեր կորուստները, վերադարձը ռուսական շուկա շատ կարևոր կլինի տնտեսական նոր կորուստները կանխելու համար: Ու կրկին՝ մի կողմից այս իրավիճակը ԵՄ շուկա մտնելու համար մի դռնակ, այնուամենայնիվ, բացեց, և այժմ գերխնդիր է դառնում այդ դռնակը բաց պահելով՝ կրկին լիարժեք կերպով վերադառնալ նաև ռուսական շուկա:

Քրիստինե Աղաբեկյան