Հայաստանում գնաճը կազմել է 9 տոկոս. ԿԲ նախագահն անդրադարձավ գնաճին և փոխարժեքին

Հայաստանում մայիս ամսվա դրությամբ գնաճը կազմել է 9 տոկոս, եթե որևէ նոր արտասովոր բան տեղի չունենա, ապա ԿԲ-ն գնահատմամբ՝ գնաճը տարվա վերջին ավելի ցածր կլինի:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանն ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում՝ անդրադառնալով պատգամավորների հարցերին:

«Մենք մայիս ամսին Հայաստանում ունենք 9 տոկոս գնաճ, որը չափազանց բարձր թիվ է Հայաստանի տնտեսության և ընդհանուր մեր պատմական զարգացումները դիտարկելու առումով: Իհարկե, մեզ շրջապատող կամ գործընկեր երկրներում գնաճի ցուցանիշը շատ ավելի բարձր է, քան Հայաստանում, բայց պետք է հասկանանք, որ 9 տոկոս գնաճը, սպառողական գների ինդեքսի 9 տոկոս աճը ենթադրում է, որ առաջին անհրաժեշտության ապրանքների գնաճը շատ ավելի բարձր է»,-ասաց Գալստյանը:

Անդրադառնալով փոխարժեքի շուկայում նկատվող զարգացումներին՝ նա ընդգծեց՝ ԿԲ-ն որևէ ազդեցություն չունի փոխարժեքի ձևավորման վրա: ԿԲ-ն ազդեցություն կարող էր ունենալ միայն այն դեպքում, երբ արտարժույթ վաճառեր, սակայն տարվա ընթացքում արել է հակառակը՝ մոտ 100 մլն դոլարին համարժեք արտարժույթ է ձեռք բերել շուկայից: «Մենք ինտերվենցիաներ արել ենք միայն այն դեպքում, երբ շուկայում նկատել ենք որոշակի շուկայական մեխանիզմների խեղաթյուրումներ»,-նշեց Գալստյանը:

Փոխարժեքը ձևավորվում է շուկայում ազատ առաջարկի և պահանջարկի հիման վրա: Գալստյանը վստահ է, որ, եթե ԿԲ-ն իր մանդատին դեմ գնա, շուկա մտնի ու դրամն արհեստականորեն արժեզրկի, ապա Հայաստանը կբախվի գնաճի ևս մեկ ալիքի հետ: