ԼՂ նախկին պաշտոնյաները ԱՄՆ Կոնգրեսում վկայություններն են ներկայացրել Ադրբեջանի կողմից 10 ամիս տևած շրջափակման դաժան իրողությունների մասին

Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի կազմակերպած կոնգրեսական ճեպազրույցների ընթացքում հանդիպելով կոնգրեսականներ Ջեյմս Կոստայի և Բրեդ Շերմանի հետ՝ ԼՂ նախկին պաշտոնյաներ Գեղամ Ստեփանյանը և Արտակ Բեգլարյանը ներկայացրել են ԼՂ ժողովրդի անքակտելի իրավունքները, ազգային շահերը և ժողովրդավարական ձգտումները։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ ճեպազրույցի ընթացքում Բրեդ Շերմանը հայտարարել է․

«Մենք այստեղ ենք՝ պահանջելու ԼՂ փախստականների անվտանգ վերադարձի իրավունքն իրենց տներ, տներ, որոնք շատ դեպքերում բնակեցված են եղել նրանց ընտանիքների կողմից հարյուրավոր տարիներ ի վեր»:

Շերմանն ընդգծել է 907-րդ բանաձևի սահմանափակումների կիրառման կարևորությունը՝ ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին ցուցաբերվող օգնության դադարեցումը, ինչպես նաև ԼՂ էթնիկ զտումների համար Ալիևի ռեժիմի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու անհրաժեշտությունը։

Անդրադառնալով Ալիևի սուր հռետորաբանությանը, թե Հայաստանի մայրաքաղաք Երևանը Ադրբեջանի տարածք է, կոնգրեսական Շերմանը հորդորել է Բայդենի վարչակազմին՝ պաշտպանական զինամթերք տրամադրել Հայաստանին՝ «խուսափելու Բաքվի կողմից ծրագրվող հաջորդ ողբերգությունից»։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ կոնգրեսականը եզրափակել է իր խոսքը՝ պատասխանելով Ալիևին, ով պնդում է, որ իր հիմնական թշնամիներն աշխարհի հայերն են:

«Դե, ես ձեզ համար նորություն ունեմ, պարոն Ալիև։ Ձեր գլխավոր թշնամիներն աշխարհի բոլոր մարդիկ են, ովքեր հավատում են ժողովրդավարությանը, ովքեր հավատում են մարդու իրավունքներին և հավատում են արդարությանը»։

Դատապարտելով Ադրբեջանի կողմից ԼՂ էթնիկ զտումները՝ պատգամավոր Կոստան նշել է, որ ԱՄՆ-ն պետք է ավելին անի՝ ԼՂ բռնի տեղահանված բնակչությանը մարդասիրական օգնություն տրամադրելու ուղղությամբ։ Շարունակելով խոսքը՝ կոնգրեսականը նկատել է․

«Մենք պետք է պատասխանատվության ենթարկենք Ադրբեջանի կառավարությանը ոչ միայն էթնիկ զտումների, այլև մշակութային ցեղասպանության համար․․․։ Սպառնալիքները, որ հիմա Ադրբեջանը հնչեցնում է Հայաստանի հասցեին, կարծում եմ, լուրջ են և իրական։ Հետևաբար, պետք է դրանց վերաբերվել որպես այդպիսին»։ 

Նա նաև ԱՄՆ-ին կոչ է արել կոնկրետ քայլեր ձեռնարկել՝ ապահովելու համար Ադրբեջանի կողմից անօրինական պատանդ պահվող ԼՂ նախկին ղեկավարների և հայ ռազմագերիների վերադարձը։

Ճեպազրույցի ընթացքում Ստեփանյանն ու Բեգլարյանը սեփական վկայություններն են ներկայացրել Ադրբեջանի կողմից ԼՂ-ի՝ 10 ամիս տևած շրջափակման դաժան իրողությունների մասին, որոնք գագաթնակետին հասան 2023 թ․ սեպտեմբերի ցեղասպանական հարձակմամբ, ինչի հետևանքով բռնի կերպով դատարկվեց ԼՂ-ն:

Հաղորդագրության մեջ ընդգծվում է, որ բանախոսները խոսել են արցախահայության դեմ Ադրբեջանի կանխամտածված հարձակումների պատմությունից, ինչը հիմք է հանդիսացել 2023 թ․ ցեղասպանության։

Գեղամ Ստեփանյանն ու Արտակ Բեգլարյանը նաև կարևորել են ԼՂ բնակչության ցեղասպանության համար ԱՄՆ-ի կողմից  Ադրբեջանին պատասխանատվության ենթարկումը, ի թիվս այլնի՝ կարևորելով.

  • Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների սահմանումը՝ հիմնվելով Սենատի3000 բանաձևի ընդունման վրա, որը պարտադրում է 907-րդ բանաձևի ամբողջական կիրարկում։ Մագնիտսկու պատժամիջոցների կիրառումը ռազմական հանցագործությունների և էթնիկ զտումների համար։
  • ԱՄՆ օժանդակությունը ԼՂ-ի բռնի տեղահանված հայությանը, բռնի տեղահանված հայերի անվտանգ վերադարձի երաշխավորումը։
  • Ամերիկյան և միջազգային ջանքերի ընդլայնումը՝ օգնելու ապահովել 2023 թ․ սեպտեմբերին գերեվարված ԼՂ առաջնորդների և 2020 թ․ ադրբեջանաթուրքական հարձակումներից հետո ապօրինաբար պահվող ռազմագերիների անհապաղ ազատ արձակումը։
  • ԼՂ հայկական մշակութային և կրոնական ժառանգության պահպանումը։

Ստեփանյանն ու Բեգլարյանն ընդգծել են, որ առանց միջազգային ջանքերի՝ ուղղված ԼՂ ժողովրդի անվտանգ վերադարձի իրավունքի իրացմանը և առանց կատարված հանցագործությունների համար պատասխանատվությանը, տարածաշրջանում անհնար կլինի կայուն խաղաղություն հաստատել։ Նրանք նաև ընդգծել են, որ Ադրբեջանի կառավարության կողմից բորբոքված համակարգային հակահայկական ատելությունը պետք է արմատախիլ արվի՝ ապահովելու համար հակամարտության կայուն կարգավորումը և տարածաշրջանային կայունությունը։