Հումանիտար օգնություն Վայոց ձորի մարզի արցախցի ընտանիքներին

Դեկտեմբերի 17-ի վաղ առավոտից ԻՄ ՔԱՅԼԸ բարեգործական հիմնադրամի հումանիտար օգնություն տանող բեռնատարն ուղևորվեց Վայոց ձոր:

Եղեգնաձորի մարզպետարանին տրվեցին մարզում ժամանակավոր բնակություն հաստատած արցախցի ընտանիքներին անհրաժեշտ իրեր՝ դպրոցական պայուսակներ իրենց գրենական պիտույքներով, հղիների ու նորածինների համար նախատեսված փաթեթներ:

1-4-րդ դասարանների համար նախատեսված դպրոցական պայուսակներում առկա են ուսանելու համար անհրաժեշտ բոլոր դպրոցական պարագաները՝ առարկաների աշխատանքային ու թեմատիկ տետրեր, բառատետրեր, գրչատուփեր, նկարչական ալբոմներ, գունավոր թղթեր, գրիչներ, մատիտներ, ռետիններ, մկրատներ և այլն:

Հղիների ու նորածինների համար փաթեթները ներառում են բոլոր անհրաժեշտ պարագաները՝ հիգիենայի ամբողջական հավաքածուներ, հագուստ, մանկասայլակ, լոգանքի տաշտեր, տակդիրներ, անկողնային ամբողջական հավաքածուներ, երիտասարդ մայրիկների համար երեխայի խնամքի ու ճիշտ սնուցման գրականություն և այլն:Շահառուների քանակը և կարիքը Հիմնադրամին տրամադրում են մարզպետարանները:

Հումանիտար օգնության բաշխումն արվում է հասցեական՝ ԻՄ ՔԱՅԼԸ հիմնադրամի և մարզպետարանների աշխատակիցների կողմից:

Հումանիտար օգնություն տանող հաջորդ բեռնատարները կուղևորվեն Սյունիքի ու Արմավիրի մարզեր:

Այս մասին տեղեկանում ենք «Իմ քայլը» հիմնադրամի Ֆեյսբուքի էջից։