«Հայրս ասում էր՝ եթե մարդը զանգահարում է 1-02, նշանակում է՝ միակ օգնությունը տեսնում է ոստիկանության մեջ։ Ցանկացած քաղաքացու խնդրի լուծմանը պետք է սրտացավ մոտենալ, վերաբերվել որպես սեփականի և ձեռնարկել բոլոր միջոցները նրան օգնելու համար։ Եվ, այո՛, ոստիկանությունում ծառայությունն ինձ համար առաջնահերթը մարդկանց օգնելն էր, ոչ թե պատժելը»,- ասում է Մարթա Մելիքսեթյանը, որին շատերը ճանաչում են ոչ միայն համազգեստով, այլև կամավորական գործունեությամբ՝ մարդկանց ու կենդանիներին ցուցաբերած աջակցության շնորհիվ։
Մարթա Մելիքսեթյանը ոստիկանություն է եկել 20 տարի առաջ, ծառայել տարբեր ստորաբաժանումներում, բայց, ասում է, իր առաքելությունը գտել է անչափահասների գործերով բաժանմունքում, որտեղ էլ շարունակել է հիմնական ծառայությունը։
«Բոլորը ձգտում էին տարածքային բաժիններից տեղափոխվել կենտրոնական ապարատ, ես հակառակը՝ սեփական նախաձեռնությամբ կենտրոնական ապարատից տեղափոխվեցի ոստիկանության Նոր Նորքի բաժնի անչափահասների գործերով բաժանմունք որպես տեսուչ։ Ծառայության 20 տարին լրանալուն պես, անձնական նախաձեռնությամբ՝ իմ զեկուցագրի հիման վրա անցել եմ երկարամյա ծառայության կենսաթոշակի։ Ոչ մի օր, ոչ մի անգամ չեմ զղջացել, որ քսան տարիներս նվիրել եմ Հայրենիքիս»,- ասում է ոստիկանության փոխգնդապետը:

43-ամյա Մարթա Էդուարդի Մելիքսեթյանը կամ Մարթա Էդուարդովնան, ինչպես իրեն հաճախ են դիմում, մեծացել է Ռուսաստանում։ Ասում է՝ հայրն իր համար հեղինակություն էր, ու հոր հետ միակ տարաձայնությունը եղել է մասնագիտության ընտրությունը։
«Հայրս ծառայել էր Սովետական Միության ներքին գործերում, երբ իմացավ, որ ուզում եմ ոստիկան դառնալ, բարկացավ։ Միշտ թաքուն հագնում էի հորս համազգեստը։ Հայրս բացատրում էր, որ կնոջ համար բարդ է ծառայել ոստիկանությունում, որ ընտանիքն ու ծառայությունը համատեղելը բարդ է, քանի որ ոստիկանները հաճախ թիրախավորվում են, բայց ես ասացի, որ կարող եմ, և միայն տարիներ անց հասկացա, թե հայրս ինչ նկատի ուներ, բայց չեմ զղջում ընտրությանս համար՝ ունեմ հրաշալի ընտանիք, որն ինձ հետ անցավ այդ պատվաբեր ուղին»,- ասում է նա:
Մարթան ասում է, որ հաճախ է հիշում հոր ամենատպավորիչ բառերն իր համար. «Եթե քո ծառայության ընթացքում կարողանաս գոնե մեկ մարդու կյանք փրկել, գոնե մեկ երեխայի ճակատագիր փոխել, ուրեմն տարիներդ իզուր չեն անցել»:
«Ինչո՞ւ ընտրեցի անչափահասների հետ աշխատանքը, որովհետև երեխաները հասարակության ամենաանպաշտպան ու ամենախոցելի խավն են, ելնելով իրենց տարիքային առանձնահատկություններից, հաճախ ի վիճակի չեն պաշտպանել իրենց իրավունքները, հատկապես երբ դրանք խախտվում են ընտանիքի անդամների կողմից։ Կոնկրետ ինձ համար իրավախախտ անչափահասների հետ աշխատանքներում առաջնահերթ խնդիրը նրանց դևիանտ վարքագծի պատճառների և պայմանների վերհանումն էր: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ հիմնական պատճառը սոցիալական բաղադրիչն է՝ սոցիալապես անապահով ապրուստը, ինչն էլ սկիզբ դրեց իմ կամավորական գործունեությանը»,- ասում է Մարթա Մելիքսեթյանը։
Իր ու իր ընկերների, հետևորդների միջոցներով այս տարիների ընթացքում հարյուրավոր երեխաներ ու ընտանիքներ աջակցություն են ստացել՝ գրենական պիտույքներ, սնունդ, հագուստ, մասնագիտական կողմնորոշում, բնակարանների վարձավճարներ, ֆինանսական ու իրավաբանական աջակցություն:
Սոցիալական աջակցությունն իրականացվում է Մարթայի, նրա ընկերների և հետևորդների անձնական միջոցներով։ Ամեն մի կոնկրետ դեպքի համար կամ կազմակերպվում է առանձին դրամահավաք, կամ որևէ բարերար ստանձնում կոնկրետ դեպքի ֆինանսավորումը:
Դեպքերը բազմաթիվ են ու տարբեր։ Հիշում է՝ տարիներ առաջ սահմանամերձ գյուղերից մեկում բնակվող մի ընտանիքի ցուցաբերած աջակցության մասին, որը հնարավորություն տվեց բազմազավակ ընտանիքի բալիկներին սեպտեմբերի 1-ին ընդառաջ ապահովել անհրաժեշտ գրենական պիտույքներով, հագուստով, ընտանիքին ոչ միայն տրամադրվեց նյութական օգնություն, այլ նաև համատեղ ուժերով տունը վերանորոգվեց։ Շատ դեպքերում էլ մանրամասների, անունների մասին չի ուզում խոսել՝ հարգելով մարդկանց անձնական կյանքն ու տարածքը և չցանկանալով, որ նույնականացնեն կամ թիրախավորեն:
Դեպքերը շատ են, դժվարանում է առանձնացնել, բայց դրանց թվում կան այնպիսիք, որոնք ոչ միայն դաջվել են իր հիշողության մեջ, այլ նաև դարձել կյանքի մի մասը: Ամենադրական դրվագը՝ մեկ տարի առաջ եկեղեցու բակում զամբյուղի մեջ լքված նորածնի դեպքն է, որը լավ ավարտ ունեցավ՝ համատեղ ջանքերով բալիկը վերամիավորվեց մոր հետ։ Ասում է՝ այս դեպքն էլ քսան տարիների ծառայության յուրովի ամփոփում էր:
«Մի դեպքում վերամիավորում ենք, մել այլ դեպքում, երեխայի լավագույն շահից ելնելով՝ ստիպված լինում բաժանել»,- ասում է նա։
Աշխատանքի բերումով շատ ծանր դեպքերի է առնչվել, բայց, ասում է՝ երբևէ հոգեբանական ճգնաժամ չի ունեցել։
Անկեղծանում է. սոցիալական խնդիրների լուծումն իր գործառութային պարտականությունների մեջ ընդգրկված չի եղել, բայց այն հանցավորության դեմ պայքարի յուրովի տեսակ էր.
«Ղեկավարությունը միշտ ըմբռնումով է մոտեցել իմ կամավորական գործունեությանը, ինչի համար շնորհակալ եմ»,- նշում է նա։
Մարթայի կամավորական գործունեությունը չի սահմանափակվում միայն կարիքավոր մարդկանց օգնելով. տարիներ շարունակ աջակցում է անօգնական կենդանիներին։
Եթե Մարթան սոցիալական ցանցում հերթական հուզիչ գրառումն է կատարում անօգնական մնացած շան մասին, արձագանքները չեն ուշանում՝ մի տեղում հավաքելով կենդանասերներին:

«Երբ դեռ Ռուսաստանում էի ապրում, մի օր առանց նախազգուշացնելու հարևանի բակ մտա, ու շները հարձակվեցին վրաս։ Այդ օրվանից ծնվեց իմ ֆոբիան շների հանդեպ: 2019 թվականի աշնան մի շատ գեղեցիկ օր ամուսինս արկղի մեջ դրած գերմանական բոքսյոր ցեղատեսակի ձագուկ բերեց մեր տուն։ Անփորձ էի, այնքան ծանր օրեր եմ ունեցել՝ չէի տիրապետում ձագուկի խնամքի և դաստիարակության տարրական կանոններին, իր տարիքին բնորոշ կծոտելու փուլի հաղթահարումն առհասարակ անիրական էր թվում, և եկավ մի պահ, որ ճգնաժամի մեջ ընկա։ Ամուսինս երեխաների հետ մեկնեց հանգստի՝ ինձ մենակ թողնելով ձագուկի հետ։ Ճարահատյալ գրկեցի Մաքսին ու ասեցի՝ արի պայմանավորվենք՝ դու մամային չես կծելու։ Այդ օրվանից մեր մեջ ամեն ինչ շատ հարթ ընթացավ»,- հիշում է Մարթան:
Մաքսի հայտնվելուց հետո Մարթան թափառող անտուն կենդանիներին սկսել է այլ կերպ վերաբերվել՝ կերակրել, օգնություն ցուցաբերել ու այսօր արդեն խնամքի տակ ունի մի քանի տասնյակ շներ՝ 2-ը՝ տանն են ապրում, 2-ը՝ հողատարածքում, մնացածին կամ սրտացավ կենդանասեր ընկերներն են պահում, մի մասին խնամակալության է հանձնել, մի մասն էլ վճարովի և անվճար կացարաններում են ապրում և սպասում իրենց ընտանիքներին: Աշխատանքային ծանրաբեռնվածությունն անգամ չի խանգարել նրան զբաղվել անօգնական վիճակում հայտնված կենդանիներին օգնելուն։
Ասում է, որ իր աշխատանքում մեծ դեր են խաղացել նաև ամուսնու հետ հարաբերությունները և փոխըմբռնումը: Ամուսինն էլ ոստիկան էր, ծառայում էին միասին, բայց նա շուտ թողեց ծառայությունը, այլ աշխատանքի անցավ։
«Ամուսինս իմ լավագույն ընկերն է, հրաշալի հայր, որ ինձ հետ հավասարապես կիսել է մեր երեխաների դաստիարակության և խնամքի պարտականությունները։ Շատ են եղել դեպքեր, երբ օրեր շարունակ բացակայել եմ տնից, և մեր տանը դա երբեք խոսակցության առիթ չի եղել, ընդ որում՝ դա միայն ծառայությանը չի վերաբերել, այլ նաև կամավորական գործունեությանը»,- պատմում է նա։
Զույգը երկու երեխա ունի, տղան 16 տարեկան է, աղջիկը՝ 15։ Ասում է՝ երեխաներին մեծացրել են խիստ կարգապահության պայմաններում, երբեմն էլ ստիպված իր հետ աշխատավայր է տարել:
«Աշխատել եմ շատ ծանրաբեռնված գրաֆիկով, տարին 365 օր։ Ես չեմ տեսել իմ երեխաների առաջին քայլերը, չեմ լսել առաջին բառերը, բայց գիտեմ, որ իրենց համար հեղինակություն եմ, ինչի համար շատ հպարտ եմ։ Միևնույն ժամանակ լավ է, որ իմ ճանապարհը չեն ընտրել»,- նշում է Մարթան:
Ասում է՝ տեսնելով իրենց մայրիկի ծանրաբեռնված աշխատանքային գրաֆիկը, բարդ աշխատանքը՝ երեխաներից և ոչ մեկն այս պահին չի ցանկանում շարունակել իր ուղին, ինչի համար ուրախ է։ Չի ուզում, որ երեխաներն էլ իրենց համար ընտրեն այնպիսի աշխատանք, որը կվերածվի կենսակերպի:
«Գուցե ես դե յուրե ավարտեցի 20 տարի առաջ Հայրենիքիս ծառայելու պատվաբեր պարտականությունների կատարումը և դա գիտակցված որոշում էր, բայց դե ֆակտո ես շարունակում եմ ծառայել յուրովի։ Երբ աշխատասենյակի պատերից հավաքում էի պարգևներս, աղջիկս ասաց. «Մամ, ես դրանք իմ սենյակում կկախեմ»։ Շատ կարևոր է, երբ ծնողի ձեռքբերումներն արժեքավոր են երեխաների համար, քանզի ինքս ծնողներիս, տատիկ-պապիկներիս անձնական օրինակով եմ դաստիարակվել՝ առ այսօր խնամքով պահում եմ նրանց պարգևներն ու համազգեստը:
Մարթան պատմում է, որ ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ոլորտում իր պարտականությունների կատարման շրջանակներում եղել են նաև դեպքեր, երբ իր մասին բացասական հրապարակումներ է հանդիպել համացանցում, որոնց հեղինակները հիմնականում ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձինք են: «Բայց դա չնչին տոկոս է կազմում, կարևորն այն է, որ ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերով զոհակենտրոն մոտեցում եմ ցուցաբերել և փորձել հնարավորինս ձեռնարկել տուժածի անվտանգության ապահովմանն ուղղված բոլոր միջոցները»,- հիշում է նա։
«Որպես ոստիկան ինձ գնահատել են ծառայողական պարգևներով, բայց որպես մարդ՝ ամենաթանկ գնահատականը տվել է հասարակությունը և տալիս է առ այսօր՝ աջակցելով իմ ցանկացած նախաձեռնությանը»,– ասում է նա։
2025-ի ապրիլի 7-ից պաշտոնաթող ոստիկան Մարթան այսօր էլ շարունակում է իր առաքելությունը՝ հավատալով, որ փոխվող աշխարհում մարդկային սրտացավությունն էական ուժ է, որ «ուժը» թույլին պաշտպանելն է, այլ ոչ՝ հակառակը։
Սաթենիկ Հայրապետյան
MediaLab.am



















