ԱՄՆ Գերագույն դատարանը հայտարարել է, որ Դոնալդ Թրամփի կողմից միակողմանիորեն սահմանված մաքսատուրքերը անօրինական են։ Դատարանի որոշմամբ՝ նախագահը պարտավոր էր նախ ստանալ Կոնգրեսի թույլտվությունը, նախքան «Արտակարգ տնտեսական լիազորությունների մասին» օրենքի շրջանակում ներմուծման վրա միակողմանի տուրքեր սահմանելը։
Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, Թրամփի մաքսատուրքերը անօրինական ճանաչելու օգտին քվեարկել են վեց դատավոր, իսկ երեքը հանդես են եկել դեմ։ Գերագույն դատարան հայց էին ներկայացրել սակագների բարձրացումից տուժած ընկերությունները, ինչպես նաև ԱՄՆ 12 նահանգներ, որոնց մեծամասնությունը ղեկավարվում է դեմոկրատների կողմից։
Դոնալդ Թրամփը իր երկրորդ նախագահական ժամկետի մեկնարկից հետո մաքսատուրքերը կիրառել էր որպես տնտեսական և արտաքին քաղաքականության հիմնական գործիք։ Սպիտակ տան ղեկավարի այս քայլերը հանգեցրել էին Վաշինգտոնի գլխավոր առևտրային գործընկերների հետ հարաբերությունների լարվածության, ազդեցություն ունեցել ֆինանսական շուկաների վրա և ստեղծել համաշխարհային տնտեսական անորոշություն։



















