Արցախցի պաշտոնյան բաց նամակով դիմել է Եվրոպական հեռարձակողների միության գլխավոր տնօրենին և «Եվրատեսիլի» ղեկավարին

Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Հասմիկ Մինասյանը բաց նամակով դիմել է Եվրոպական հեռարձակողների միության գլխավոր տնօրեն Նոել Կուրրանին և Եվրոպական հեռարձակողների միության «Եվրատեսիլ» հեռուստատեսային նախագծի ղեկավար Գերտ Քարքին, որում ասված է.

«Եվրոպական հեռարձակողների միության գլխավոր տնօրեն, պարոն Նոել Կուրրան, Եվրոպական հեռարձակողների միության, «Եվրատեսիլ» հեռուստատեսային նախագծի ղեկավար, պարոն Գերտ Քարք.

Այս նամակը գրում եմ՝ խնդրելով քննարկել հետևյալ կարևոր հարցը Եվրատեսիլ երգի մրցույթի ռեֆերենտ խմբի խորհրդի նիստում։

Դեկտեմբերի 12-ի առավոտյան Ադրբեջանը փակել է Արցախն աշխարհին կապող միակ ճանապարհը՝ պնդելով, որ «բնապահպանական մոնիտորինգ» է իրականացնում։ Հանրապետության 120.000 բնակիչ, այդ թվում՝ 30.000 երեխա, հայտնվել են լիակատար մեկուսացման մեջ։ Կյանքի միակ ճանապարհը, որն օգտագործվում է նաև դեպի Արցախ բեռնափոխադրումների համար՝ սննդից մինչև դեղորայք, մեկ ամսվա ընթացքում արդեն երկրորդ անգամ փակվեց՝ առանց մատնանշման, թե երբ կվերացվի շրջափակումը։

«Մանկական Եվրատեսիլ 2022» երգի մրցույթին մասնակցելու նպատակով Երևանում գտնվող 31 երեխա և 4 ուղեկցող մեծահասակ գտնվում են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Գորիսի տարածքում՝ չունենալով ընտանիքների հետ վերամիավորվելու հնարավորություն։

Իրավիճակը վատթարանում է, քանի որ եղանակը ցրտում է, երեխաներն էլ մի քանի օրով էին մեկնել Երևան և պատրաստ չէին ավելի երկար մնալու։

Մենք համոզված ենք, որ մարդու իրավունքների, հատկապես երեխաների բարօրության նկատմամբ նման վարքագիծը չի կարող հանդուրժվել այն կազմակերպությունների և որոշում կայացնողների կողմից, որոնք պաշտպանում են եվրոպական մարդասիրական արժեքները:

Մենք ակնկալում ենք Ձեր աջակցությունը՝ բարձրաձայնելու և կոչ անելու միջազգային, մարդասիրական կազմակերպություններին, ինքնիշխան պետություններին, երեխաների իրավունքների պաշտպան կազմակերպություններին, առաջնորդներին՝ գիտակցել Արցախի երեխաների իրավունքների մասին իրազեկման բարձրացման և ընտանիքների հետ հրատապ վերամիավորման անհրաժեշտությունը։

Մենք խորապես հավատում ենք և հույս ունենք, որ Եվրոպան և եվրոպական արժեքները չեն կարող անտարբեր մնալ արցախցի երեխաների ճակատագրի նկատմամբ»։