«Թասիբով դաշինք»-ի Գյումրու քաղաքապետի թեկնածուին հրավիրել են ոստիկանություն.Factor

Գյումրու ՏԻՄ ընտրություններին մասնակցող «Թասիբով դաշինքի» քաղաքապետի թեկնածու Կարապետ Պողոսյանին հրավիրել են ոստիկանություն։

Այս մասին Factor.am-ի հետ զրույցում տեղեկացրեց թեկնածուն։ Նրա պարզաբանմամբ՝ պատճառը եղել է միայն իշխող կուսակցության՝ ՔՊ-ի քաղաքապետի թեկնածու, Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանի հետ սուրճ խմելու և բանավիճելու իր ցանկությունը։

«Ես ուզում էի հասկանալ իր դիրքորոշումը քաղաքապետ առաջադրվելու հետ կապված։ Ինձ համար շատ տարօրինակ է՝ մարզպետն ինչո՞ւ է ուզում դառնալ քաղաքապետ։ Իհարկե, ինքը հարցազրույց էր տվել, թե ՏԻՄ-ը լծակներ ունի, ինքն էլ սիրում է Գյումրին, բայց դա պաթետիկ է հնչում։ Ուզում էի իր աչքերի մեջ նայել ու մի քանի հարց տալ, իմ ցանկությունը դա է եղել։ Մի քանի անգամ իրեն զանգել եմ, չի պատասխանել, երեկ էլ ինձ հրավիրել են ոստիկանություն, խնդրել են իրենից հեռու մնալ»,- ասաց նա։ Կարապետ Պողոսյանը չի հասկանում, թե ինչո՞ւ է ՔՊ-ի թեկնածուն խուսափում բանավեճից։

«Ինչո՞ւ է ինքը խուսափում բանավեճից, քաղաքականությունն առաջին հերթին բանավեճ է, ինչո՞ւ են հույսը դրել միայն այն բանի վրա, որ ամսի 15-ին բանավեճ է տեղի ունենալու Հանրայինով։ Բա որ ամսի 15-ին բանավեճը չկայանա՞։ Մարդկանց անկեղծությունն ինչո՞վ է երևում, իրար հետ բանավիճելով, ընդ որում` կառուցողական ու քաղաքակիրթ բանավիճելով»,- ասաց Կարապետ Պողոսյանը։

Factor.am-ը ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Էդգար Ջանոյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք հրավիրել են թեկնածուին ոստիկանություն՝ հորդորելով հեռու մնալ մարզպետից։

Ի պատասխան մեր հարցադրման՝ ոստիկանությունից մեզ ուղարկեցին հետևյալ պարզաբանումը․ «Ոստիկանություն հրավիրվել է ոչ միայն ինքը, այլև ՏԻՄ ընտրություններին մասնակցող այլ անձինք, համայնքի ղեկավարներ, որոնց հետ քննարկվել են նախընտրական և ընտրական գործընթացների հետ կապված հարցեր»։ Մեզ առայժմ չի հաջողվել կապ հաստատել ՔՊ-ի թեկնածու Հովհաննես Հարությունյանի հետ։ Նրա պարզաբանումը ստանալու դեպքում այն ևս կհրապարակենք։