ԵՊՀ –ն կազմակերպել է գիտաժողով՝ ‹‹Թուրք-ադրբեջանական ագրեսիան եվ արցախի անկախության պայքարը›› խորագրով

ԵՊՀ –ի նախաձեռնությամբ նոյեմբերի 8-ին տեղի է ունեցել գիտաժողով, որի գլխավոր թեման թուրք-ադրբեջանական ագրեսիան և Արցախի անկախության պայքարն էր:

Գիտաժողովի ընթացքում զեկուցմամբ հանդես եկան ԵՊՀ ՀՀԻ տնօրեն պրոֆ․ Արամ Սիմոնյանը, հայագետ, ցեղասպանագետ պրոֆեսոր Թեսսա Հոֆմանը, Յոհաննես Լեփսիուսի տուն-թանգարանի («Լեփսիուսհաուս») տնօրեն, պատմաբան, հայագետ, Ռոլֆ Հոսֆելդը, Ցեղասպանության և այլ զանգվածային ոճրագործությունների կանխարգելման և կրթության ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնի ղեկավար, ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի ցեղասպանագիտության բաժնի վարիչ պ․գ․թ․ Սուրեն Մանուկյանը, Գերմանա-հայկական ընկերության նախագահ դր․ Րաֆֆի Քանդյանը, ազգագրագետ դր․ Յուրգեն Գիսպերտը, ցեղասպանագետ, պատմաբան դր․ Հիլմար Կայզերը, ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկանի տեղակալ պ․գ․թ․ Միքայել Մալխասյանը։

Գիտաժողովի սկզբում մասնակիցներին ողջունեց ԵՊՀ միջազգային համագործակցության վարչության պետ պրոֆ․ Ալեքսանդր Մարգարովը: Գնահատանքով անդրադառնալով գիտաժողովի կազմակերպման հարցում ԵՊՀ հայոց պատմության ամբիոնի պրոֆ․ Աշոտ Հայրունու և մյուս համալսարանականների ցուցաբերած գործուն աջակցությանը՝ նա շնորհակալություն հայտնեց մասնակիցներին կարևորագույն այդ միջոցառմանը մասնակցելու և զեկուցումներով հանդես գալու համար:

Պարոն Մարգարովն իր ելույթում անդրադարձավ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ նախաձեռնված՝ թուրք-ադրբեջանական ագրեսիային, որն ուղեկցվում է «Ղարաբաղը մերն է» հայտնի կոչով, իսկ այդ կոչի պատասխանը մեկն է՝ այդպիսի
բան երբեք չի կարող լինել: Թեման ավելի մանրամասն ներկայացրեց ԵՊՀ ՀՀԻ տնօրեն Արամ Սիմոնյանը:

Արամ Սիմոնյանն առանձնահատուկ շեշտեց, որ հայ ժողովրդի գոյությունն ու զարգացումն ապահովող ամենակարևոր գործոնը եռամիասնությունն է. Հայաստանի Հանրապետություն, Արցախի Հանրապետություն և Սփյուռք. ‹‹Միայն մեր սերտ կապակցված եռամիասնության շնորհիվ հայ հասարակությունը կկարողանա դրսևորել իր հայկական էթնոսի ողջ ներուժը՝ կենսականորեն կարևոր խնդիրներն ու մարտահրավերները հաղթահարելու համար››:

Վերջինս փաստեց նաև, որ այսօր ողջ հայությունը շատ ծանր ժամանակներ է ապրում իր դեմ սանձազերծված ագրեսիայի և ադրբեջանական հանցավոր
կառավարության պատճառով:

‹‹Մեր էթնոսի և պետականության գոյության գրավականը կա և կլինի հայկական ուժեղ բանակը, որը պետք է լինի մեր անմիջական հոգածության ներքո››,- շեշտեց Արամ Սիմոնյանը:

Ըստ նրա՝ յուրաքանչյուր հայի սուրբ պարտքն է հենց օրորոցից կրթել նոր սերնդին․ ‹‹Անհրաժեշտ է, որ մեր երիտասարդներն ունենան բարձր
բարոյականություն, հայրենասիրություն, անսահման նվիրվածություն սեփական ժողովրդի նկատմամբ, անկոտրում կամք և վճռականություն հայրենիքի պաշտպանության համար»։

Անդրադառնալով պետականության առջև ծառացած մարտահրավերներին՝ Արամ Սիմոնյանը նշեց, որ հայ հասարակությունը դժվար խնդիր ունի լուծելու՝ խաղաղ գոյակցել երկու թուրքալեզու հարևանների հետ. ‹‹Պարզ է, որ մենք գտնվում ենք քաղաքակրթության տարբեր մակարդակներում, թուրքերի գիշատիչ բնազդները, պանթյուրքական տրամադրությունները և կրոնական անհանդուրժողականությունը չեն վերացել››:

Պարոն Սիմոնյանը փաստեց, որ Արցախյան ճգնաժամի ընթացքում Հայաստանի ղեկավարությունը հետևողական էր միջազգային իրավունքի և համընդհանուր բարոյականության սկզբունքներին, ինչն արդարացված չէր Թուրքիայի և Ադրբեջանի պարագայում, որոնք բարոյականության մասին գաղափար անգամ չունեն, ինչի վառ ապացույցն էլ այն է, որ հարմար պահի չհապաղեցին ոտնահարել այդ սկզբունքները:

Գիտաժողովի ընթացքում Արամ Սիմոնյանն անդրադարձավ նաև հարևան և տարածաշրջանի երկրների հետ հարաբերություններին՝ նշելով, որ պետք է սերտ բարեկամական հարաբերութուններ ստեղծել հարևան Իրանի հետ, ինչպես նաև զարգացնել ռազմավարական գործընկեր Ռուսաստանի հետ
հարաբերությունները․‹‹Հայերը պետք է հասկանան, որ ամեն տեսակի հակառուսական տրամադրություններն անհանդուրժելի են››:

Բեռլինից պրոֆեսոր, հայագետ, ցեղասպանագետ Թեսսա Հոֆմանն իր զեկուցման մեջ անդրադարձավ Արցախի պատմությանը՝սկսած միջին դարերից մինչ 19-րդ դար:

Բանախոսը ներկայացրեց 1988 թվականին տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները՝ Սումգայիթյան ջարդեր, այնուհետև խոսեց երկու երկրների՝ Հայաստանի և Ադրբեջանի բանակների վրա ծախսված բյուջեների մասին, ինչպես նաև անդրադարձավ բնակչության թվին: Թեսսա Հոֆմանը մանրամասն անդրադարձավ ներկա ռազմական գործողությունների ընթացքում կատարված պատերազմական հանցագործություններին, օրինակ՝
դպրոցների, մանկապարտեզների, հիվանդանոցների վրա կատարված հարձակումներին, ֆոսֆորային ռումբերի կիրառմանը և այլն: Յոհաննես Լեփսիուսի տուն-թանգարանի տնօրեն և գիտական ղեկավար Ռոլֆ Հոսֆելդը նույնպես հանդես եկավ զեկուցմամբ՝ ներկայացնելով թուրքական
աշխարհաքաղաքականությունը Հարավային Կովկասում՝ նեոօսմանիզմից մինչև պանթուրանիզմ:

Յուրգեն Գիսպերտն իր խոսքում առանձնացրեց Արցախը՝որպես Հայաստանի ինքնորոշված մաս՝ փաստելով, որ Ադրբեջանն իրավական հիմքեր չունի հայկական այդ երկրամասի հանդեպ նկրտումներ և հավակնություններ հանդես բերելու համար։

Սուրեն Մանուկյանը, անդրադառնալով թուրք-ադրբեջանական ագրեսիայում ցեղասպանության սպառնալիքին, իր ելույթը սկսեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն խոսքով, որ Թուրքիան հարյուր տարի անց Հարավային Կովկաս է վերադարձել՝ կիսատ թողած ցեղասպանությունը շարունակելու համար:

Ըստ բանախոսի՝ թե՛ ադրբեջանական, թե՛ թուրքական հասարակություններում կարելի է բազմաթիվ օրինակներ գտնել, թե ինչպես են երկրի առաջին դեմքերը, ակադեմիական ոլորտի մարդիկ հակահայկական կոչեր հնչեցնում և հայերի նկատմամբ ատելություն քարոզում։ Ներկայացնելով Ռամիլ Սաֆարովի պատմությունը և Ադրբեջանում նրա ոճրի հերոսացումը, Սուրեն Մանուկյանն այն համոզումն արտահայտեց, որ Արցախի Հանրապետության հայ բնակչության ցեղասպանության վտանգն այս պահին բարձր է:

Թուրքիայի ներքին և արտաքին քաղաքականության զարգացումների և Արցախի Հանրապետության շուրջ ծավալված պատերազմի մասին խոսեց նաև Գերմանա-հայկական ընկերության նախագահ Րաֆֆի Քանդյանը՝ բացահայտելով դրանց՝ արտաքուստ ոչ միշտ տեսանելի, սակայն կարևոր առնչությունները։

Գերմանացի պատմաբան Հիլման Կայզերն անդրադարձավ թուրք-ադրբեջանական կողմի սանձազերծած պատերազմում վարձկանների առկայությանը և նրանց ունեցած դերին Սիրիայում և Լիբիայում՝ հարցը քննության ենթարկելով թուրքական բանակում վարձկաններին ներգրավելու երկարատև պատմափուլերի համատեքստում։

Գիտաժողովի վերջում ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկանի տեղակալ, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Միքայել Մալխասյանը ծավալուն զեկուցմամբ ներկայացրեց Խորհրդային Ադրբեջանի ժողովրդագրական քաղաքականությունը Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզում և շրջակա տարածքներում:

Գիտաժողովի երկրորդ մասը կայանալու է նոյեմբերի 15-ին: