«Եթե Փաշինյանը չէր ստում, հետևություն՝ Արցախի իշխանությունը երկակի խաղ է խաղում». Մետաքսե Հակոբյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Արցախի Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը

 – Տիկի՛ն Հակոբյան, Նիկոլ Փաշինյանի հարցազրույցի մեսիջները որո՞նք էին, ի՞նչ ասելիք ուներ հանրությանը։

– Ընդհանուր առմամբ, նրա խոսքում նոր բան չկար, նրա պատկերացումներն Արցախի մասով չեն փոխվել, միայն խոսելու ձևն էր փոխվել։ Եթե մինչ այդ մենք ասում էինք, որ խոսում է բացառապես ներքին լսարանի համար, ապա երեկ արդեն խոսում էր նաև արտաքին լսարանի համար։ Ես հստակ զգացի, որ նրան անհանգստացրել էր հոկտեմբերի 30-ին Արցախում տեղի ունեցած միասնության հավաքը, որին, ինչպես մասնագետները փաստեցին, մասնակցում էր 50 հազարից ավելի արցախցի, որին նաև իշխանությունն էր միացել։

Նա ամենացավոտ կետից սկսեց խոսել, որ, փաստորեն, քննարկվում է Արցախի պաշտպանության բանակի կազմաքանդման տարբերակ։ Ճանաչելով նրա տեսակը՝ հասկանալի է, որ կա խոսակցություն այդ մասով, որովհետև նրա հարցազրույցից ժամեր առաջ Արցախի իշխանական խմբակցության ղեկավարը հարցազրույց էր տվել, որում նշել էր, որ կարող է լինել տարբերակ, որ ՊԲ-ն փոխարինվի ստորաբաժանումներով։

Մի քանի ժամ մենք փորձում էինք հասկանալ, թե ի՛նչ նկատի ունի ինքը ու որտեղի՛ց է որոշել, որ այդպիսի բան պետք է լինի: Փաստորեն, պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ մարդկանց կաթիլ-կաթիլ հասցնեն այդ ինֆորմացիան։ Սա նաև համընկավ նրան, որ Նիկոլ Փաշինյանն ասաց, թե ինքը որևէ խոսք չի ասում՝ առանց Արցախի նախագահի հետ համաձայնեցնելու։

Այն, որ արտաքին քաղաքականության մեջ այդ մարդը չի ներկայացնում Արցախի շահերն ու Ադրբեջանի հետ համահունչ է գործում, մենք վաղուց գիտեինք, բայց որ դրան կողմ է փաստորեն Արցախի նախագահը, իրոք անհանգստացնող էր։ Մենք դեռևս փորձում ենք իհարկե հասկանալ իրողությունները, բայց պետք է ասեմ, որ տևական ժամանակ է՝ ինչ մենք զգում էինք, որ բանակի ուղղությամբ ինչ-որ քայլեր են արվում, այսինքն՝ կրճատումներ են արվում, բուժհաստատություններում են կրճատումներ տեղի ունեցել։ Թաքուն ինչ-որ բանի են նախապատրաստվում, որը քաղաքական լուրջ հետևանքներ կարող է ունենալ Արցախի համար, եթե Արցախի իշխանությունները հետ չկանգնեն, ապա իրենք մասնակիցը կդառնան Արցախը դատարկելու ու Ադրբեջանին հանձնելու գործընթացին։

Որքան էլ մարդիկ գիտակցեն, որ ռուս խաղաղապահն է մեր անվտանգությունը երաշխավորում, բայց բոլորը գիտեն, որ մեր անվտանգության գլխավոր երաշխավորն ու բաղադրիչը պաշտպանության բանակն է։

Խոսեց նաև այն մասին, որ 2007 թվականին Հայաստանը փաստացի Արցախը ներառել է Ադրբեջանի կազմում։ Ուղղակի անիմաստ է հակադարձել, պատմական փաստեր բերել այս մտքին հակառակ, բայց մեկ հարց է առաջանում. այդ դեպքում Ադրբեջանը 13 տարի ինչի՞ն էր սպասում, փաստացի Հայաստանը ճանաչել էր, չէ՞, Արցախն Ադրբեջանի մաս, իրենք ի՞նչ խնդիր ունեին, ինչո՞ւ գնացին 44-օրյա ծանր պատերազմին, եթե խաղաղ ճանապարհով Արցախն արդեն իրենցն էր։

Չգիտեմ, մեկ-մեկ այդ մարդը․․․ իրականում դա ևս կլասիկա է, որ երբ ծաղրածուները լրջանում են, իրոք ազգի վիճակն է ծանրանում, ու սա հենց այդ դեպքերից է։ Նրա այն մտքին, որ Արցախը պետք է բանակցային կողմ լինի, բազմիցս ենք անդրադարձել, այո՛, պետք է լինի լիիրավ բանակցային կողմ, հակառակ դեպքում ի՞նչ են նշանակում Արցախի ներկայացուցիչները։ Հստակ է, որ գնում է Ադրբեջանի օրակարգով, երբ ասում է «Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները». այս արտահայտությունը մենք լսել ենք Ալիևից։

– Եթե նկատի ունենանք թեկուզ միայն բանակի այս հարցը, ապա ստացվում է, որ Արցախի նախագահը ազնի՞վ չէ հանրության ու ընդդիմության հետ ու համակարծիք է Հայաստանի իշխանության վարած քաղաքականությանը:

– Իհարկե, մենք այդ ճշտումները շուտով կանենք, բայց եթե իրականում Նիկոլ Փաշինյանը երեկ չէր ստում, ու այդ պայմանավորվածությունն իրենք ունեն, ապա հետևություն, որ Արցախի իշխանությունը երկակի խաղ է խաղում, որովհետև հայտարարել ժողովրդի հետ միասնական լինելու մասին ու հոկտեմբերի 30-ին ժողովրդի հետ դուրս գալ հրապարակ, հստակ դնել ժողովրդի առաջ քաշած կարմիր գծերն ու պահանջները, դրանից հետո անմիջական մասնակցություն ունենալ ու համաձայնություն տալ Արցախի կործանմանը, դա արդեն ակնհայտ երկակի խաղ է։

Իսկ այս խաղը խաղում են իշխանությունը երկարացնելու համար, իսկ Արցախում իշխանությունը նման կերպ երկարացնելը մեկ նպատակ ունի՝ նյութապես հնարավորինս շատ բարգավաճել։ Անկեղծ ասած, վերջերս նկատել եմ, որ Արցախում իշխանության կողմից տարօրինակ գործընթացներ են տարվում, որը միտված է Արցախը ապաքաղաքականացնելուն: Հասկանալի է իհարկե, ինչի համար է արվում, որպեսզի Արցախում մեկ խնդիր լինի, ինչպես երկու տարի առաջ ասաց Արայիկ Հարությունյանը, տնտեսապես զարգանանք, բարգավաճենք, բոլորը պետք է տուն ունենան, անվճար կրթվեն, բայց անվտանգության մասին չէր խոսում։ Ծրագրված տանում են նրան, որ Արցախը դառնա ապաքաղաքական շրջան, ինչը, գոնե մեր ներկայությամբ, չի ստացվելու։

– Դառնա այդպիսին Ադրբեջանի կազմո՞ւմ։

– Չէ՛, ընդհանրապես մեր տարածաշրջանում դառնա ապաքաղաքական մի տարածք, որտեղ ուղղակի մարդիկ ապրում են, ինչ-որ իներտ տարածք, ու դա իշխանությունների պահվածքից արդեն իսկ զգացվում է։ Մանիպուլյատիվ սուտ է այն, թե Արցախում քաղաքական վերնախավը տեղյակ է ամբողջ բանակցային մանրամասներից, համենայնդեպս, մենք տեղյակ ենք այս մասին, որ որևէ կոնկրետ բան չեն կարողանում անել, տեսնեն՝ ինչ է հնարավոր անել։ Սակայն փաստ է, որ լիքը բան կատարվում է թաքուն։

– Տիկի՛ն Հակոբյան, երբ Արցախում պետնախարարի պաշտոնը զբաղեցրեց Ռուբեն Վարդանյանը՝ նախադեպը չունեցող ընդլայնված լիազորություններով, խոսակցություններ շրջանառվեցին, որ դա Արցախում սահուն իշխանափոխություն էր։ Այս մասով ձեր մեկնաբանությունն եմ խնդրում։ Ընդհանրապես, Արցախում ի՞նչ հույսեր կան Ռուբեն Վարդանյանի հետ կապված։

– Եթե պետնախարարը վերահսկողության տակ ուներ գերատեսչություններ, որոնք ինքն էր համակարգում, ապա Ռուբեն Վարդանյանի պաշտոնավարումից հետո դրան ավելացվեց արտաքին գործերի նախարարությունը, այսինքն՝ բացի ուժային կառույցներից, հիմա ամեն ինչ Ռուբեն Վարդանյանի վերահսկողության ներքո է։

Աբսուրդն այն է, որ երկրի նախագահն ու արտաքին գործերի նախարարությունը փաստորեն գործելու են իրարից անկախ։ Ստացվում է, որ Ռուբեն Վարդանյանի քաղաքականությունը կարող է այլ լինել, Արայիկ Հարությունյանինը՝ այլ, արդյունքում ունենում ենք երկիշխանություն Արցախում։

Սա նաև նորմալ չէ այն առումով, որ բազմիցս ենք ասել, որ Արցախն այն երկիրը չէ, որ մենք մեզ թույլ տանք երկրի ղեկին ունենալ այնպիսի մարդ, որը ռազմաքաղաքական գործիչ չէ։ Հիմա ունենք տնտեսագետ նախագահ, բիզնեսմեն-տնտեսագետ պետնախարար, ինչից ևս կարող ենք ենթադրել, որ Արցախն ապաքաղաքականացնում են ու կարևոր ուղղություններից սկսում են շեղվել։

Ես Ռուբեն Վարդանյան անձին չեմ ճանաչում ու չեմ կարող այդ առումով ո՛չ լավն ասել, ո՛չ վատը, դեռևս իր արած որևէ քայլ չենք տեսել, բայց անհանգստացնող են եղել իր հայտարարությունները։ Համատեղ նիստերի ժամանակ կհասկանանք, թե որն էր նման քայլի գնալու նպատակը, բայց միևնույն է, մեզ համար սա ընկալելի ու ընդունելի չէ, ու առավել քան վստահ եմ, որ սա ճիշտ ուղղություն չէ ու մեզ դրական արդյունքի չի տանելու։

– Եթե անհրաժեշտ ճշտումներն անեք, ու պարզվի, որ Նիկոլ Փաշինյանը չի ստում, Արցախի իշխանությունը տեղյակ է կատարվողից ու տալիս է իր համաձայնությունը, որո՞նք են լինելու ձեր հետագա քայլերը։

– Միանշանակ թույլ չենք տալու բանակի կազմաքանդում, որովհետև, ինչպես ասացի, բուժհաստատությունների կրճատման մասով արդեն մտահոգիչ էր, ու մենք քայլեր մշակել ենք, բայց, կներեք, չեմ բարձրաձայնի այդ մասին։ Քայլերն ուղղված են այդ որոշման դեմն առնելուն, որովհետև դա լուրջ անվտանգային բաղադրիչ է, որից զրկում են մեր երկիրը։

Նման գործելաոճով աշխատող ղեկավարները պետք է կանգնեն ու ասեն, որ իրենք ուղղակի իրենց համաձայնությունը տվել են, որ Արցախը հանձնեն Ադրբեջանին։ Ամեն բան անելու ենք մենք, ու, կարծում եմ՝ ժողովուրդն էլ իր ասելիքը կասի բանակի կազմաքանդման վերաբերյալ։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am