Հետազոտությունները հաստատել են Ախթալա և Ալավերդի համայնքներում ծանր մետաղների բարձր պարունակությունը.Ecolur

Ecolur.org-ը գրում է.

Մենք շարունակում ենք հրապարակել Չեխական «Առնիկա» քիմիական անվտանգության ՀԿ-ի՝ Հայաստանի «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի և «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի հետ համատեղ իրականացրած հետազոտությունների արդյունքները։

Հետազոտություններն իրականացվել են 2021 թվականին և վերաբերում են հանքարդյունաբերության՝ մարդու առողջության և շրջակա միջավայրի վրա ունեցած ազդեցությանը։

Այս հրապարակման մեջ ներկայացվում են Լոռու մարզի Ախթալա և Ալավերդի խոշորացված համայնքներից հավաքագրված փորձանմուշների վերլուծության արդյունքները: Հետազոտության այս արդյունքները լրացրեցին մարզում ծանր մետաղների տարածման ընդհանուր պատկերը:

Ալավերդի և Ախթալա խոշորացված համայնքները գտնվում են Ալավերդիի պղնձաձուլական գործարանի աղտոտող օբյեկտների և Շամլուղի պղնձի հանքավայրը շահագործող Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի ենթակառուցվածքների ազդեցության գոտում:

Ինչպես և նախորդ դեպքերում, փորձանմուշները վերցվել են այն տարածքներից, որտեղ տեղի է ունենում երկրորդային քիմիական աղտոտում:

Մթնոլորտ քիմիական աղտոտիչների արտանետումների կամ արտահոսքի հետևանքով աղտոտվածությունը կարող է կուտակվել կենսանյութերում՝ վնաս պատճառելով կենդանի օրգանիզմներին։

Ալավերդիում, Աքորիում և Հաղպատում կատարված հետազոտությունների արդյունքները լրացրել են հողում ծանր մետաղների տարածման՝ 2018-2021թթ. կատարված հետազոտությունների հիման վրա ստացված ընդհանուր պատկերը։

Հողից վերցված նմուշներում ծանր մետաղների՝ մկնդեղի (As), կադմիումի (Cd), քրոմի (Cr), պղնձի (Cu), մոլիբդենի (Mo), նիկելի (Ni), կապարի (Pb) և ցինկի (Zn) պարունակությունը գերազանցել է հայկական ստանդարտների սահմանաչափը՝ բոլոր ուսումնասիրված մետաղների համար:

Պղնձի դեպքում գրանցվել է հողում չեխական, հոլանդական և ֆրանսիական չափանիշներով սահմանային թույլատրելի կոնցենտրացիայի գերազանցում:

Հետազոտությունները հաստատել են նաև աղտոտող նյութերի՝ քամիների հիմնական ուղղություններով տարածման վարկածը։

Միևնույն ժամանակ հետազոտվել են Դեբեդ գետի հատակային նստվածքները՝ Ալավերդի քաղաքի կենտրոնական հատվածի դիմացի տարածքում (Ալավերդի-Սանահին/Կայարան շրջան), և Դեբեդ գետի մեջ ջրային հոսքերի ներթափանցման գոտուց 500 մ հեռավորության վրա գտնվող տարածքից:

Ծրագրի՝ «Առնիկա»-ի կողմից համակարգող Վալերիա Գրեչկոն մեկնաբանում է. «Արդյունքները ցույց են տվել, որ ծանր մետաղների կոնցենտրացիաները զգալիորեն ավելի բարձր են եղել գետի այն հատվածում, որը հոսում է հանքարդյունաբերական ենթակառուցվածքի հարևանությամբ:

Սա նշանակում է, որ Ալավերդու պղնձաձուլարանն ու լցակույտերի կուտակումն անշուշտ ազդում է շրջակա միջավայրի վիճակի վրա։ Չնայած այն հանգամանքին, որ գործարանը փակվել է 2018թ., աղտոտվածությունը չի վերացել և դեռ երկար ժամանակ զգացնել կտա»։

Այսպիսով, ևս մեկ անգամ հաստատվեց շրջակա միջավայրում աղտոտիչների երկարաժամկետ առկայությունը նույնիսկ արդյունաբերական ձեռնարկության գործունեության դադարեցումից տարիներ անց։

Մարդու օրգանիզմում հետազոտված մետաղների կուտակում էր արձանագրվել Ալավերդու, Աքորու և Հաղպատի բնակիչներից վերցված կենսանմուշներում։ Տեղի 35 բնակիչներից վերցվել են մեզի փորձանմուշներ, որոնցում հետազոտվել է մկնդեղի, կադմիումի, պղնձի, կապարի և մոլիբդենի պարունակությունը։

Աքորի գյուղի 43-ամյա կնոջից և 55-ամյա տղամարդուց վերցված երկու նմուշներում մկնդեղի պարունակությունը մոտ էր Չեխիայում հաստատված   աշխատողների օրգանիզմում մկնդեղի առավելագույն թույլատրելի մակարդակին (50 մկգ/գ կրեատինին):

Փորձանմուշները ցույց են տվել համապատասխանաբար՝ 40 և 39 մկգ/գ կրեատինին մկնդեղի պարունակություն: 

Մկնդեղի ամենաբարձր մակարդակը հայտնաբերվել է Ալավերդիից 4-ամյա տղայի կենսանմուշում (55 մկգ/գ կրեատինին): Ալավերդի խոշորացված համայնքի բնակիչներից վերցված կենսանմուշների արդյունքներն ավելի բարձր են եղել էկոլոգիապես մաքուր Տավուշի մարզի բնակիչներից վերցված կենսանմուշների արդյունքներից։

«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուլգարյանը նշում է, որ պղնձաձուլարանի փակվելուց հետո Ալավերդի և Օձուն համայնքներում էկոլոգիական վիճակը չի բարելավվել։

«Գործարանի փակվելուց հետո դադարեցվել է բնապահպանական և առողջապահական խնդիրների լուծման համար Ալավերդի և Օձուն համայնքներին սուբվենցիաների տրամադրումը։ Սեփականատերերը հեռացան՝ միայնակ թողնելով տեղի բնակչությանը սարսափելի աղտոտման բոլոր հետևանքների հետ։

Այդ համայնքները պետք է ստանան հատուկ կարգավիճակ և աջակցություն՝ իրենց խնդիրներն ազգային քաղաքականության մակարդակով լուծելու համար։ Անհրաժեշտ է գնահատել բնակչության առողջական վիճակը, ինչպես նաև իրականացնել աղտոտված տարածքների մաքրման կոնկրետ միջոցառումներ և առողջապահական միջոցառումներ», – մեկնաբանում է Օլեգ Դուլգարյանը։

Ախթալա համայնքում հետազոտվել են Ախթալա գետի հոսանքի ուղղությամբ և Դեբեդ գետի՝ Ախթալա քաղաքից առաջ և հետո գտնվող տարածքներից վերցված հատակային նստվածքները: Ստացված արդյունքները հաստատեցին արդյունաբերության ազդեցությունը ջրի քիմիական կազմի վրա։

Քաղաքից վերև գտնվող մասում գետից վերցված նմուշները, համեմատելով ներքևում՝ Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի թափոնների լցվելու հատվածից վերցված նմուշների հետ (գործարանից թափոնների ուղղակի արտահոսք, փակ պոչամբարից արտահոսք և այլն), նկատվել է հետազոտվող տարրերի պարունակության զգալի տարբերություն:

Այսպիսով, Ախթալա քաղաքից առաջ և հետո գետի հատվածներում տարբերությունը եղել է մկնդեղի դեպքում 10-ն անգամ, պղնձի համար՝ ավելի քան 77, ցինկի համար՝ ավելի քան 24, կապարի համար՝ 27 և մոլիբդենի համար՝ 11։

Ախթալայի և Շամլուղի բնակիչների կենսանմուշներում մկնդեղի ամենաբարձր մակարդակը հայտնաբերվել է Շամլուղից 13-ամյա տղայի նմուշում (63 մկգ/գ կրեատինին):

Այս քանակությունը գերազանցում է Չեխիայի արդյունաբերական ձեռնարկություններում աշխատողների օրգանիզմում մկնդեղի առավելագույն թույլատրելի մակարդակը (50 մկգ/գ կրեատինին):

Սա անհանգստություն է առաջացնում երեխաների առողջության համար, քանի որ ընտանիքն ապրում է Շամլուղի պղնձի հանքավայրից մոտ 500 մետր հեռավորության վրա։

Հետազոտությունն իրականացվել է չեխական «Առնիկա» կազմակերպության  կողմից՝ հայաստանյան «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» և «ԷկոԼուր» տեղեկատվական հասարակական կազմակերպությունների հետ համատեղ՝ Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության ֆինանսական աջակցությամբ՝ Վերափոխումների խթանման ծրագրի շրջանակներում: