Թաիլանդում 14-ամյա զինված դեռահասը ուրբաթ օրը հրաձգություն է իրականացրել իր դպրոցում՝ սպանելով ուսուցիչների և աշակերտների։ Ոստիկանության տվյալներով՝ մինչ դպրոց հասնելը նա սպանել է նաև իր տատիկին ու պապիկին նրանց տանը։ Այս մասին հայտնում է CNN-ը։
Դպրոցում առնվազն վեց մարդ է սպանվել՝ երեք աշակերտ և երեք ուսուցիչ։ Ավելի քան 20 մարդ վիրավորվել է, նրանցից իննի վիճակը ծանր է։ Իշխանությունների տվյալներով՝ ամենափոքր զոհը 12 տարեկան էր։
Տեսանյութում երևում է, թե ինչպես են սարսափահար աշակերտները դասասենյակում կուչ գալիս սեղանների տակ և լաց լինում, մինչ մոտակայքում կրակոցներ են հնչում։ Մեկ այլ տեսանյութում աշակերտները դուրս են վազում դպրոցից՝ աշխատակցի օգնությամբ։
Հարձակումը տեղի է ունեցել Բանգկոկից հյուսիս՝ Նոնթաբուրի նահանգի Բանգ Կրուայ շրջանում գտնվող Debsirin Nonthaburi դպրոցում, որտեղ սովորում է մոտ 3000 աշակերտ։ Ոստիկանության տվյալներով՝ դեռահասը օգտագործել է իր պապիկին պատկանող ատրճանակը։
Սկզբում հաղորդվել էր, որ հարձակվողը մահացել է ինքն իրեն հասցրած հրազենային վնասվածքից, սակայն ավելի ուշ ոստիկանությունը հայտնել է, որ նա ողջ է, գտնվում է ծանր վիճակում և բժիշկները շտապ բուժօգնություն են ցուցաբերում։
Նահանգային արտակարգ գործողությունների կենտրոնի տվյալներով՝ տուժածների մեծ մասը 12-ից 17 տարեկան դեռահասներ են։
Թաիլանդի վարչապետ Անուտին Չարնվիրակուլը կատարվածն անվանել է «սարսափելի»՝ ցավակցություն հայտնելով ողբերգության կապակցությամբ։
Դպրոցում հրաձգության մասին լուրը տարածվելուց հետո ծնողները շտապել են դեպքի վայր։ CNN-ի աշխատակից Կարլա Քրիփսը, որի որդին սովորում է այդ դպրոցում, պատմել է, որ երեխաները փակվել էին դասասենյակներում, իսկ դպրոցում ծանր ու լարված մթնոլորտ էր։
Թաիլանդում քաղաքացիական զենքի տարածվածությունը Հարավարևելյան Ասիայի երկրների համեմատ բարձր է։ 2017 թվականի տվյալներով՝ երկրում բնակչության ձեռքում ավելի քան 10,3 միլիոն հրազեն կար՝ մոտ 15 զենք յուրաքանչյուր 100 մարդու հաշվով։
2022 թվականին Թաիլանդի հյուսիս-արևելքում մանկապարտեզում իրականացված հարձակման հետևանքով սպանվել էր 36 մարդ, այդ թվում՝ 24 երեխա։



















