«Ես  չեմ հասկանում` ինչո՞ւ ոտքի տրեխը այլևս գործածության մեջ չի, բայց մտածողության տրեխը շատ լավ աշխատում է». Անուշ Սեդրակյան

«Ես  չեմ հասկանում` ինչո՞ւ ոտքի տրեխը այլևս գործածության մեջ չի, բայց մտածողության տրեխը շատ լավ աշխատում է». Անուշ Սեդրակյան
«Ես  չեմ հասկանում` ինչո՞ւ ոտքի տրեխը այլևս գործածության մեջ չի, բայց մտածողության տրեխը շատ լավ աշխատում է». Անուշ Սեդրակյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է հրապարակախոս, քաղաքագետ Անուշ Սեդրակյանը:

– Տիկի՛ն Սեդրական, «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքի նախագիծը նախաձեռնել է կառավարությունը, սակայն պարզվեց, որ ՀՀԿ-ն դեմ է նախագծին և խնդրահարույց դրույթներ է տեսնում այնտեղ։ Ինչո՞վ եք բացատրում, որ մի գիշերում որոշվեց, որ այս նախագիծը հակասում է ՀՀԿ-ի պահպանողական գաղափարախոսությանը։

– Դա հանկարծ մի գիշերում տեղի ունեցավ, որովհետև սկզբում նրանք հույս ունեին, որ հանրությունը դրան դեմ կլինի։ Երբ տեսան, որ հանրությունը բացարձակ դեմ չէ ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրենքին, փորձեցին ասել, որ դա ձեր երեխաներին խլելու նախագիծ է և այլն, բայց մեր հասարակությունը դարձել է բավական տեղեկացված և բթամիտ հրահրումները չվերցրեց իբրև հիմք իր գործունեության համար։

Երբ հանրության գործոնը չաշխատեց, չկարողացան Եվրոպային ասել՝ գիտեք ինչ, այս օրենքը չի ընդունվում, որովհետև հանրությունը դեմ է, հիմա սկսել են աշխատել արդեն այս ուղղությամբ։ Ուղղակի պետական լծակներով, ինչպես սեպտեմբերի 3-ին, վերցրեցին ու հանեցին։ Հայաստանում դա որևէ անգամ խնդիր չի եղել, միշտ կարող են ասել, որ օրենքն անմշակ է։ ԵՄ-ի հետ նոր համաձայնագրին էլ է այդ ճակատագիրը սպասում։

Ասելու են՝ կետեր կան խնդրահարույց, փաստաթուղթն անմշակ է և այլն։ Ինձ ուղղակի ապշեցնում է, որ Հայաստանում դեռ կա ստամբոլցյանական թև։ Դեռ որ կա Ստամբոլցյանը, դա մի կերպ կարելի է հանդուրժել, բայց որ կա այդպիսի թև, դա է զարմանալին։ Ես մի բան չեմ հասկանում` ինչո՞ւ ոտքի տրեխը այլևս գործածության մեջ չի, բայց մտածողության տրեխը շատ լավ աշխատում է հայկական միջավայրում։

– Ըստ էության՝ ՀՀԿ-ն հայտարարում է, որ այս օրենքն իրենց պահպանողական գաղափարախոսությանն է դեմ։

– Նրանք մոռանում են մի բան, որ պահպանողական նշանակում է պահպանել լավ արժեքներն ու լավ ավանդույթները, որոնք նպաստում են պետության և հանրության զարգացմանը, ոչ թե այն ամենը, ինչը հետ է քաշում հասարակությանը առաջընթացից։ Բայց նրանք առայժմ հենց դա են պաշտպանում։ Վախենում եմ՝ մի օր կոռուպցիան էլ ազգային արժեք ու ավանդույթ հայտարարեն ու ասեն՝ դա պետական արժեք է, մենք այլ ձև չենք կարող։

– Իսկ այդ օրինագծում կա՞ն ձևակերպումներ, որոնք իսկապես մտահոգիչ են։

– Եթե կան էլ, թող այդ ձևակերպումները դնեն հանրային քննարկման, ոչ թե ասեն` սա էսպես է կամ էնպես է։ Որոշակի ձևակերպումներ կան, որոնք լրամշակման կարիք ունեն, բայց եթե մի բան նորմալ ուզում են ընդունել, ասում են՝ գիտեք ինչ, եկեք այս-այս պոստուլատները դնենք հանրային, փորձագիտական քննարկման, հետո տեսնենք՝ ի՛նչ է լինում։

– Տեսակետ կա, որ սա նաև ԵՄ-ին ցույց տալու համար է, թե տեսեք` ինչպիսի՛ հակազդեցություն կա Հայաստանում, և այս առումով ավելի մեծ գումարներ ստանալու ակնկալիք կա։

– Հայաստանում այս հարցում հակազդեցություն չկա, և դա ակնհայտ է։ Կան 2-3 պատվերով խոսող պաշտոնյաներ և նրանց ձեռքի տակ գտնվող ՀԿ-ներ։ Նույնը վերաբերում է նաև ԵՄ-ի հետ համաձայնագիր ստորագրելուն։ Այդ հարցում էլ Հայաստանում հակազդեցություն չկա։ Ճիշտ է, հակառակն էլ չկա, ցավոք, մենք Ուկրաինա չենք, որ ԵՄ համաձայնագրի համար դուրս գանք փողոցներ, բայց չկա հակառակ համաձայնությունը։ Ինչքան էլ աշխատեն իրենց բլոգերներով, իրենց մեսիջներով, ցավոք, նաև արևելյան սփյուռքով, որը սարսափելի դեստրուկտիվ դեր է կատարում այդ պարագայում, բայց որքան էլ աշխատեն, չի ստացվելու նման հակազդեցություն ստեղծել։

– Ձեր կարծիքով՝ այս նախագիծը կտապալվի՞, թե՞ արմատական փոփոխությունների կենթարկվի, քանի որ կա նաև պարտավորություն ԵՄ-ի առջև։

– Փոփոխությունների կենթարկվի, բայց հիմա բոլոր տեղերում էլ կատարվում է մեր իշխանական հայտնի սցենարը՝ խոչընդոտների համակարգը։  Խոչընդոտները հաղթահարելու համար մենք պետք է տեղեկացված լինենք։ Տեղեկացված լինելու համար պետք է ձգտենք այդ տեղեկատվությանը։ Հանրության հիմնական մասը, ցավոք, դեռևս ուզում է գիտակցականորեն քնել։

– Մինչև ե՞րբ կարող է քնել։

– Ասում են՝ ուղեղի քունը հրեշներ է ծնում։

– Իսկ այս նախագծի անհրաժեշտությունը կա՞ր։

– Իհարկե կա՛։ Հայաստանն արևելյան երկիր է, և վերջնական եվրոպական երկիր դառնալու համար տղամարդիկ, թեև կարող են լինել նաև կանայք, պետք է հասկանան, որ այդ իրավիճակում իրենք ոչ միայն գնալու են իրենց թաղայինի տղամարդկային հովանավորության ներքո ինչ ուզեն անեն, այլև ունենան օրենսդրական պատժաչափ։

Մանե Հարությունյան

MediaLab.am