«Ռուսներն ուզում են մեզնից ու ձեզնից վերջնականապես խլել մեր պետական անկախությունը». Ալեքսանդր Բոժկո

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Հայաստանում Ուկրաինայի նախկին արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Բոժկոն

– Պարո՛ն Բոժկո, խնդրում եմ ներկայացրեք՝ ի՞նչ իրավիճակ է ռուս-ուկրաինական ճակատում, վերջին տեղեկությունների համաձայն՝ ուկրաինական զինված ուժերը հակահարձակման են անցել, ի՞նչ է դա նշանակում, մանրամասնեք՝ խնդրում եմ:

– Ինչպես գիտեք, այս տարվա փետրվարի 24-ին Ռուսաստանը նենգաբար հարձակվեց Ուկրաինայի վրա և օկուպացրեց նրա տարածքի 20 տոկոսը։ Պուտինի նպատակը ոչ միայն Ուկրաինայում օրինական իշխանությունը փոխելն էր, այլ նաև ուկրաինացիներին որպես ազգ վերացնելը, ինչի մասին վկայում են ՌԴ նախագահի բազմաթիվ հայտարարություններն ու ելույթները, որոնցում նա նշում էր, որ իբր ուկրաինացիներն ու ռուսները մեկ ժողովուրդ են, իսկ Ռուսաստանը, իբր թե, իրավունք ունի ուկրաինական հողերի վրա։ Զավթիչներն իրենց հետ բերել են նույնիսկ իրենց շքերթի համազգեստը՝ հույս ունենալով արագ հաղթել ուկրաինացիներին և Կրեշչատիկում հանդիսավոր զորահանդես անցկացնել, որը կընդուներ ինքը՝ Պուտինը։ Իզուր չէ, որ նրանք իրենց հռչակեցին աշխարհում երկրորդ բանակը՝ զինծառայողների և զենքի քանակով։

Եվ սկզբում թվում էր, թե հանկարծակիության ու բանակի ու զենքի գերազանցության շնորհիվ Պուտինն իրոք կարող է իրականացնել իր հանցավոր ծրագիրը։ Չէ՞ որ աշխարհում ոչ ոք չէր հավատում, որ ռուս բռնապետը կգնա պատերազմի։ Թվում էր, թե իսկապես խելագարություն էր Եվրոպայում սկսել լայնամասշտաբ պատերազմ, որին ներգրավված կլինեին հարյուր հազարավոր զինվորներ՝ օգտագործելով ծանր ռազմական տեխնիկա: Ուստի ռուսները ընդամենը հաշված ժամերի ընթացքում Կիևից մի քանի կիլոմետր հեռավորության վրա էին, նրանք գրավեցին հյուսիսային, արևելյան և հարավային Ուկրաինայի զգալի հատվածներ։

Սակայն պարզվեց, որ Պուտինը սխալ է հաշվարկել. սկզբում Ուկրաինայի զինված ուժերը գարնանը ստիպեցին օկուպանտներին փախչել Կիևի մարզից, ապա ռուսները ստիպված եղան հետ քաշվել Ժիտոմիրի, Չեռնիգովի, Սումիի մարզերից և Խարկովի մարզի մի մասից։ Իսկ Դոնեցկի, Լուգանսկի, Խերսոնի, Զապորոժիեի ու Նիկոլաևի ու Օդեսայի մարզերում մինչև վերջերս շարունակվում էին արյունահեղ մարտերը տասնյակ հազարավոր զոհերով ու վիրավորներով…

Շրջադարձը եղավ սեպտեմբերի 6-ին, երբ աննկատ ուժեր ու զենքեր կուտակելով՝ Ուկրաինայի զինված ուժերը հակահարձակման անցան մի քանի ուղղություններով նախ՝ Խերսոնի, ապա՝ Խարկովի մարզերում: Մի քանի օրվա ընթացքում ուկրաինացի զինվորականներին հաջողվել է ռուս զավթիչներից ազատագրել երկրի հարավում և արևելքում գտնվող 6000 քառակուսի կիլոմետր տարածք։ Մեր զինված ուժերն առ այսօր ազատագրել են Խարկովի գրեթե ողջ շրջանը, ինչպես նաև Խերսոնի, Լուգանսկի և Դոնեցկի շրջանների մի քանի բնակավայրեր։ Ուկրաինայի զինված ուժերն ապացուցել են, որ ունակ են ոչ միայն զսպելու հակառակորդի ահռելի հարձակումը, այլև իրենց հերթին հարձակողական փայլուն գործողություններ իրականացնել՝ ազատագրելով իրենց տարածքի զգալի հատվածը։

Ուկրաինայի ռազմական հրամանատարությանը հաջողվել է քնեցնել հակառակորդի զգոնությունը՝ հայտարարելով աջափնյա Խերսոնշչինայում խոշոր հարձակման մասին, միևնույն ժամանակ Խարկովի մարզում աննկատելիորեն ստեղծելով ուժեղ ռազմական խմբավորումներ։ Արդյունքում ուկրաինական զորքերի անսպասելի հարվածն այս հատվածում ուղղակի ապշեցրել է ռուսներին։ Թողնելով զենքն ու տեխնիկան՝ նրանք ստիպված փախել են՝ շրջապատումից փրկվելու համար։

Մի քանի օրում ազատագրվեցին Խարկովի մարզի այնպիսի ռազմավարական նշանակություն ունեցող քաղաքներ, ինչպիսիք են Բալակլեյան, Կուպյանսկը և Իզյումը, իսկ որոշ հատվածներում ուկրաինական զորքերը դուրս եկան դեպի Ռուսաստանի և Ուկրաինայի միջպետական սահման։

Ռազմավարական տեսանկյունից սա նշանակում է, որ ռուս-ուկրաինական ճակատում իրավիճակը փոխվել է հօգուտ ուկրաինացիների։ Հիմա նախաձեռնությունն անցել է ուկրաինական զորքերին, և նրանք կփորձեն լիովին օգտվել իրենց հաջողություններից՝ ստիպելով ռուսներին պաշտպանվել:

Իհարկե, Ռուսաստանը շարունակում է զգալի առավելություն ունենալ ուկրաինական բանակի նկատմամբ կենդանի ուժով և տեխնիկայով։ Բացի այդ, Ռուսաստանը փորձում է խուճապ սերմանել ուկրաինացիների շրջանում՝ անխնա հրթիռակոծելով խաղաղ ուկրաինական քաղաքները, ավերելով բնակելի շենքեր և կարևոր ենթակառուցվածքներ, մասնավորապես՝ էլեկտրակայաններ։ Շատ խաղաղ բնակիչներ են զոհվում ամենօրյա ռմբակոծություններից, նույնիսկ շփման գծից հազարավոր կիլոմետրեր հեռու: Բայց ուկրաինացիները վճռական են տրամադրված, պատրաստ են անել ամեն ինչ թշնամուն հաղթելու, օկուպանտներին ուկրաինական հողից վտարելու համար։ Դրան նպաստում է արևմտյան երկրների, մասնավորապես ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային տրամադրվող զգալի ռազմական օգնությունը:

Մի քանի շաբաթից՝ հոկտեմբերին, ուժի մեջ կմտնի այսպես կոչված lendlease-ը՝ ԱՄՆ-ի լայնածավալ ռազմական օգնության ծրագիրը, որի հետ ուկրաինացիները մեծ հույսեր են կապում։

– Ձեր վերջին հարցազրույցներից մեկում ռուսական զինված ուժերին որակել էիք թշնամի ուժեր, մինչդեռ բոլորովին վերջերս ռուսներն ու ուկրաինացիները բարեկամ ժողովուրդ էին համարվում: Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ այդպես ստացվեց, և արդյո՞ք այս պատերազմը կխորացնի թշնամանքը:

– Գիտեք, որ ես սերտորեն կապված եմ Հայաստանի հետ, հայ գրողների բազմաթիվ ստեղծագործություններ եմ թարգմանել ուկրաիներեն, հաճախ էի լինում Երևանում, մանավանդ կինս հայուհի է։ Այնպես որ, կարելի է ասել, ներսից եմ ճանաչում Հայաստանը: Եվ պետք է ասեմ, որ, ցավոք, շատ հայեր, ինձ թվում է, սխալ պատկերացումներ ունեն Ուկրաինայի մասին։

2000-ականների սկզբին մեր երկրորդ նախագահ Լեոնիդ Կուչման մի գիրք գրեց շատ խոսուն՝ «Ուկրաինան Ռուսաստան չէ» վերնագրով, մինչդեռ հայերի մի ստվար հատված, ինչպես նաև Պուտինը, ուկրաինացիներին և ռուսներին եղբայրական ազգեր են համարում։ Մի հայուհի այս մասին անգամ Ֆեյսբուքում գրել էր՝ «Սոխը սոխ ա, ի՞նչ տարբերություն, թե ո՛ր սորտի սոխ ա՝ կարմիր թե սպիտակ»: Այս երևույթի պատճառը, իմ կարծիքով, ռուսական հեռուստատեսության ու ռադիոյի ազդեցության մեջ է, որոնք գիշեր-ցերեկ լվանում են հազարավոր հայերի ուղեղները։

Եվ իրենց համար աննկատելի, հայերը սկսեցին աշխարհին նայել ռուսական քարոզչության աչքերով։ Այդ թվում՝ ռուս-ուկրաինական պատերազմին։ Դա զգացվում է նույնիսկ ձեր հարցերում: Ես, օրինակ՝ արդեն դադարել եմ վիճել հայերի հետ ռուս-ուկրաինական պատերազմի թեմայով, քանի որ գիտեմ, որ իմ զրուցակիցները հիմնականում ռուսական քարոզչության զոհ են։

Իհարկե, ռուսները մեր եղբայրները չեն։ Ռուսները մեզ միշտ արհամարհանքով են վերաբերվել՝ «խոխոլ» անվանելով, ինչպես հայերին ու կովկասցիներին «սևահետույք» են անվանում։ Սա ես հատկապես զգացի խորհրդային բանակում երեք տարի ծառայելիս։ Ցարական Ռուսաստանում մենք ու դուք, այսպես ասած, «ինորոդեց» էինք։

ԽՍՀՄ-ում այսպես կոչված «հակասովետական գործունեության» համար ամենաշատ դատապարտվածները եղել են հենց ուկրաինացիները։ Իսկ հիմա ռուսները ուկրաինացիներին անվանում են ֆաշիստ կամ բանդերացի, քանի որ մենք ցանկանում ենք խոսել մեր մայրենի լեզվով, ունենալ ուկրաինական գրականություն և արվեստ և ձգտում ենք լինել Եվրոպայում և ոչ թե Ռուսաստանի կազմում թեկուզև Թաթարստանի ձևաչափով, ինչպես երազում են որոշ հայեր։

Եվ վերջապես, եթե ռուսները իրոք եղբայր լինեին, այդքան ուկրաինական արյուն չէին թափի։ Որովհետև ռուսները ուկրաինացիներին և հայերին տեսնում են միայն որպես մեծ Ռուսական կայսրության բաղկացուցիչ մաս: Նրանք ուզում են մեզնից ու ձեզնից վերջնականապես խլել մեր պետական անկախությունը, նրանք ուզում են, որ Ուկրաինան ու Հայաստանը պետություն չլինեն, այլ սոսկ ռուսական գավառներ։

Սա էր Ուկրաինայում ռուսական ագրեսիայի պատճառը, սա էր բացատրությունը, թե ինչու Ռուսաստանը 44-օրյա Ղարաբաղյան պատերազմում աջակցեց Ադրբեջանին և ոչ թե իր դաշնակից Հայաստանին։ Բայց պատմության ընթացքը կասեցնել հնարավոր չէ, և Ռուսաստանը դատապարտված է պարտության իր սանձազերծած արյունալի պատերազմում։

– Ի՞նչ զարգացումներ եք կանխատեսում ռուս-ուկրաինական ճակատում, կա՞ արդյոք հաշտեցման կամ գոնե խաղաղ բանակցելու հույս:

– Պատասխանելով ձեր այս հարցին՝ ուզում եմ հիշեցնել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հայտարարությունը, որ Ուկրաինան կնստի խաղաղ բանակցությունների սեղանի շուրջ միայն այն դեպքում, երբ ուկրաինական հողերում չմնա ոչ մի ռուս զինվոր։ Ես լիովին համաձայն եմ նրա հետ։

Մինչդեռ Պուտինը առայժմ միտք չունի դուրս գալու Ուկրաինայից, հետևաբար, պատերազմը, ցավոք, կշարունակվի այնքան ժամանակ, մինչև մենք չվերադառնանք Ուկրաինայի 1991 թվականի սահմաններին:

– Պարո՛ն Բոժկո, այս գիշեր Ադրբեջանը զինված հարձակում է սկսել Հայաստանի նկատմամբ: Ինչպե՞ս եք մեկնաբանում այդ քայլը:

– Կարծում եմ, որ Ռուսաստանը որոշեց սկսել իր ագրեսիան Ուկրաինայի դեմ այն բանից հետո, երբ տեսավ, որ Ադրբեջանը ռազմական հաղթանակ տարավ տնտեսապես և ռազմական առումով ավելի թույլ Հայաստանի նկատմամբ:

Եվ ինչպես մենք հիշում ենք, Ադրբեջանին այն ժամանակ ոչ ոք չկանգնեցրեց, չհիշեցրեց նրան, որ դեռ 70-ական թվականներին եվրոպական բոլոր երկրները, այդ թվում՝ ԽՍՀՄ-ը, որի իրավահաջորդն իրեն հռչակեց Ռուսաստանը, պարտավորվեցին վիճելի հարցերը լուծել միայն բանակցությունների սեղանի շուրջ։ Համարյա նույնը մենք կարող էինք նկատել Ուկրաինայի դեմ Ռուսաստանի դրսևորած ագրեսիայի սկզբնական շրջանում, երբ նույնիսկ մեր բարեկամ երկրները չէին հավատում, որ մենք չենք կարողանա դիմադրել հզոր Ռուսաստանին:

Ուստի ժամանակակից Ռուսաստանը, ինչպես նաև Ադրբեջանը կարծում են, որ ուժն է որոշում ամեն ինչ, իսկ միջազգային իրավունքը ոչ մի գրոշ չարժի։ Սա է ռուս-ուկրաինական առճակատման բուն էությունը։ Կխնդրեի ռուս-ուկրաինական պատերազմին նայել այս տեսանկյունից։

Մենք պայքարում ենք ոչ միայն ռուս օկուպանտների դեմ, այլև հանուն նրա, որ երկրների միջև բոլոր հարցերը լուծվեն քաղաքակիրթ՝ միջազգային իրավունքին համապատասխան։ Ցավոք սրտի, հայկական տարածքի վրա ադրբեջանցիների կողմից իրականացված ռմբակոծությունները վկայում են, որ Ադրբեջանը, ինչպես և Ռուսաստանը, շարունակում է ձգտել լուծել բոլոր հարցերը ուժի դիրքերից, թելադրել իր կամքը։ Ուստի Հայաստանին անհրաժեշտ է ոչ միայն աջակցություն փնտրել միջազգային ասպարեզում, այլև պատրաստվել արժանի հակահարված տալ ագրեսորին, ինչպես դա անում է Ուկրաինան։

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am