Զոհված զինծառայողների ծնողները հանդիպել են Նաիրի Սարգսյանին․ Factor.am

Կայացել է զոհված զինծառայողների ծնողների հանդիպումը Կառավարության ներկայացուցչի հետ․ նրանց ընդունել է վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը, գրում է Factor.am-ը։

Հիշեցնենք, որ կառավարության շենքի դիմաց այսօր՝ սեպտեմբերի 16-ին, բողոքի ակցիա էին իրականացնում 44-օրյա պատերազմում զոհված տղաների հարազատները։ Նրանք դեմ են սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում նախատեսված միջոցառմանը․ նրանց զայրացրել է Նիկոլ Փաշինյանի՝ միջոցառման մասին արված «գունագեղ» ձևակերպումը։

Նաիրի Սարգսյանը ծնողներին ցույց է տվել, թե ինչպիսի տեսք է ունենալու Հանրապետության հրապարակը սեպտեմբերի 21-ին, ինչպես է լուսավորվելու, ինչպիսի երաժշտություն է հնչելու, և ովքեր են երգելու, և որ այդ օրը հրավառություն նախատեսված չէ։ Սարգսյանը նաև հայտնել է, որ միջոցառման ընթացքում պատերին երևալու են զոհված տղաների լուսանկարները։ Ծնողներին գոհացրել է հանդիպումը, ներկայացված ծրագրին էլ հավանություն են տվել։

Այս մասին Factor.am-ին հայտնեցին զոհված զինծառայողների ծնողները:

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 8-ին տեղի ունեցած Կառավարության նիստի ընթացքում հայտատարեց, որ սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում տեղի է ունենալու «մասշտաբային և գունագեղ տոնակատարություն»։

Նրա խոսքով՝ միջոցառումը, նախևառաջ, նվիրված կլինի ՀՀ անկախությանը, անվտանգությանը, ինքնիշխանությանը և Արցախի համար իրենց կյանքը զոհած մեր նահատակների հիշատակին։ Վարչապետի այս հայտարարությունը, սակայն, քննադատությունների ալիք բարձրացրեց։ Անկախության 30-ամյակից մեկ շաբաթ անց լրանում է 44-օրյա պատերազմի տարելիցը։ Հայտարարությունից հետո սոցիալական ցանցերում բուռն քննարկումներ ծավալվեցին, 44-օրյա պատերազմում զոհված տղաների հարազատները ֆլեշմոբ սկսեցին՝ դատապարտելով և պահանջելով չեղարկել Փաշինյանի հայտարարած «գունագեղ» միջոցառումը։ Երեկ ԱԺ-ում կառավարության հարցուպատասխանի ժամանակ էլ պատերազմում զոհված Աբգար Նազարյանի հայրը՝ պատգամավոր Գեղամ Նազարյանը, հարց ուղղեց վարչապետին՝ «Մի՞թե ավելի ընդունելի ձև չկար Անկախության օրը նշելու»։

Վարչապետն ի պատասխան հարցին՝ ներողություն խնդրեց բոլոր այն մարդկանցից, ում զգացմունքները վիրավորել կամ խոցել է «գունագեղ» ձևակերպմամբ։ Նրա խոսքով` այդ օրը պետք է նշել ՀՀ դրոշներով, իսկ մեր դրոշի գույները վառ են։ Փաշինյանը երեկ հավելել է նաև, որ նախատեսվող միջոցառման առանցքը հենց զոհերի հիշատակի ընդգծումն է, և այդ օրը հայտարարվելու է 3 պատերազմներում իրենց կյանքը զոհած հերոսների մասին մի մասշատաբային նախագծի մեկնարկի վերաբերյալ։ Մինչ այդ կառավարությունից Factor.am-ին հայտնել էին, որ միջոցառմանը հնչելու է դասական երաժշտություն, նաև բոլոր ժամանակների սիրված երգեր, իսկ միջոցառման ավարտին տոնական հրավառություն նախատեսված չէ։