Ամեն քվեատուփի մոտ կռիվ է լինելու, արյուն է թափվելու, մինչև ընտրությունը Փաշինյանը պետք է հեռանա․ Վազգեն Մանուկյան․ Factor.am

«Այն, ինչ արվեց, ներել հնարավոր չէ, և այն, ինչ հիմա շարունակվում է, ամեն օրը կործանարար է հայ ժողովրդի համար»,- լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց ընդդիմադիր 17 ուժերի վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը։ Խոսելով Նիկոլ Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններ անցկացնելու առաջարկի մասին, Մանուկյանն ասաց՝ Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ Հայաստանում ոչ մի ընտրություն չի կարող լինել։ «Այն, ինչ կատարվում է, խայտառակություն է։

Մենք շարունակում ենք տալ ու տալ։ Առանց որևէ բանակցության, միջազգային իրավունքի՝ տրվում են սահմաններ։ Մինչև սա չվերջանա, նոր կառավարություն չստեղծվի, ընտրությունների մասին խոսելն անիմաստ է։ Ընտրություն անցկացնելը նշանակում է՝ նորից տրոհել Հայաստանը։ Ընտրությունը նշանակում է պայքար, կուսակցությունները պետք է սկսեն իրար հետ պայքարել։ Այս վիճակում իմաստ ունի՞ այդ գործընթացի մեջ մտնել։

Մինչև ուշքի չգանք, չի կարելի նման բան անել»,- ասաց նա։ Դիտարկմանը՝ իսկ եթե արտահերթ խորհրդարանական ընտրություններ հայտարարվեն, Մանուկյանն արձագանքեց՝ չեն թողնի։ «Մինչև արտահերթ ընտրություններն ինքը պետք է գնա։ Մինչև ինքը չգնա, Հայաստանում ոչ մի ընտրություն չի լինելու կամ ընտրությունը վերածվելու է ընդհարումների Հայաստանի ներսում, կռիվ է լինելու։ Ամեն քվեատուփի մոտ կռիվ է լինելու, արյուն է թափվելու։ Դա՞ է ուզում»,- ասաց նա՝ նշելով, թե դրան հակազդելու է ամբողջ ժողովուրդը։

Մանրամասները՝ Factor.am-ում