«Միայն առաջին հինգ տարիներին ենք հավատարիմ եղել Անկախության հռչակագրի դրույթներին». Ազատ Արշակյան

Լուսանկարը՝ 24news.am

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանը

Պարո՛ն Արշակյան, 31 տարի առաջ այս օրը Գերագույն խորհուրդն ընդունեց Հայաստանի անկախության մասին հռչակագիրը: 1990 թվականի օգոստոսի 23-ի հեռվից ինչպե՞ս եք գնահատում ներկա իրավիճակը:

– Անկախությունը հայ ժողովրդի երազանքն է եղել, որը 31 տարի առաջ իրականություն դարձավ, ինչը մեծ ու շատ կարևոր իրադարձություն է մեր կյանքում: Լավ է, որ այս տարի էլ է նշվում այս օրը, իհարկե պետք է ավելի հանդիսավոր ձևով այն նշվեր, բայց քանի որ մեր հասարակությունն այդքան կարևորություն չի տալիս դրան, նշում են համեստորեն, այնչափ, որչափ նշվում է: Արդեն լավ է, որ նշվում է, չի անիծվում, չեն հայհոյում, արգելում, բայց, իհարկե, պետք է ավելի մեծ շուքով նշել:

Այսինքն՝ այս օրը հայ հասարակությունը չի՞ ընկալում որպես տոն:

– Այն ժամանակ էլ հատուկ տոն չի ընկալվել, հիմա էլ չի ընկալվում:

Իսկ, ըստ ձեզ, դրա պատճառը ո՞րն է:

– Մշակույթի, քաղաքավարության բացակայությունը: Այն ժամանակ տագնապ կար, մարդիկ անհանգստացած էին, թե ինչ է լինելու հաջորդ օրը, իսկ հաջորդ օրը պետք է տոն լիներ, բայց քանի որ դա չի արվել, ավանդույթ չի ձևավորվել, կարևորություն չի տրվել հռչակագրում առկա դրույթներին, հիմա էլ այն չի ընկալվում իբրև տոն:

Ցանկացած իշխանություն, կարևորություն տալով հռչակագրին, պարտավորություն է վերցնում իր վրա՝ կատարել հռչակագրի դրույթներն ու հաշվետվություն ներկայացնել, իսկ ո՞ր իշխանությունը կուզենա լրացուցիչ պարտավորություն վերցնել և հաշվետվություն տալ: Իշխանության համար շատ տհաճ բան է հաշվետու լինելը: Երբ իշխանությունները կսկսեն լավ աշխատել ու հաջողություններ ունենալ, մենք կտեսնենք և՛ տոները, և՛ հաշվետվությունները:

Պարո՛ն Արշակյան, Հայաստանի ո՞ր իշխանությունն է, չասեմ ամբողջությամբ, բայց գոնե մեծ մասամբ կարևորել ու հավատարիմ եղել հռչակագրի դրույթներին:

– Առաջին հինգ տարիներին, երբ ձևավորվեցին հայկական պետությունը և նրա ինստիտուտները՝ Սահմանադրություն, նախագահի, Ազգային ժողովի, ոստիկանության, բանակի մասին օրենքները, Արցախյան պատերազմը և Բիշքեկի հայտնի զինադադարը:

Անկախություն կոչվածը սրանցով դարձավ պետական ինստիտուտ, այդ հինգ տարիներին, կարելի է ասել, կային հաջողություններ, Բիշքեկով ավարտվել են, որը գլխավոր հաջողությունն էր:

Իսկ ինչո՞ւ այդ հինգ տարուց հետո Հայաստանի իշխանությունների հաջողությունները, ըստ ձեզ, ավարտվեցին, և որո՞նք եղան հետևանքները:

– Չկար զարգացման ծրագիր: Ինստիտուտները՝ գործիքը, ինչպես հիմա ընդունված է ասել, կար, իսկ գործիքը պետությունն է, բայց չկան ու հիմա էլ չկան ծրագիր, նպատակ: Իշխանությունները նպատակ չունեին այդ գործիքն օգտագործել, հայկական պետությունը ծառայեցնելու ինչ-որ նպատակի, օրինակ՝ հայապահպանությանը, հայ մշակույթի զարգացմանը, հայոց լեզվի զարգացմանն ու այսպես շարունակ:

Ծրագիր չկա, եթե վերամբարձ ասենք՝ առաքելության գիտակցումը չկար ու չկա: Պետությունն ի՞նչ առաքելություն ու գործառույթ ունի, ա՛յ դա չկար և չկա, դրա համար էլ այսօր չենք նշում այս օրը:

Հայ մարդը, քաղաքացին, իշխանություններին մի կողմ թողնենք, ունի՞ պետության, անկախության, դրանք արժևորելու գիտակցում:

– Կան ժողովուրդներ, որ հիմնադրում են պետություն: Մեր նախնիներն ունեցել են պետություն և ժառանգել են մեզ, թողել են մեզ այդ երազանքը՝ պետության վերականգնման երազանքը: Այդ իմաստով պետությունից ավելի շատ ենք ակնկալում, քան իրականում իրատեսական է:

Մենք հայրենասեր, պետականամետ ժողովուրդ ենք, բայց այն, ինչ պետք է արվի, պետք է արվի քաղաքականությամբ զբաղվող խմբի կողմից, իսկ այդ խումբն իր արհեստավարժությամբ չի բավարարում մեր ժողովրդի պահանջները:

Պարո՛ն Արշակյան, Հայաստանն այսօր անկա՞խ պետություն է:

– Այո՛, իհարկե անկախ է: Այնպիսի անկախություն, ինչպիսին անտեղյակ մարդիկ են պատկերացնում, այդպիսի անկախություն չկա: Ցանկացած պետություն որոշակի հարցեր համաձայնեցնում է իր դաշնակիցների հետ, փոխզիջումների խնդիր կա: Հայաստանն էլ այդպիսի պարտավորություններ ունի:

Վերջին իրադարձություններից ելնելով՝ շատ հաճախ ենք լսում, որ Հայաստանը կորցրել է ինքնիշխանությունը, որ կանգնած ենք պետականությունը կորցնելու վտանգի առաջ: Դո՞ւք էլ եք այս կարծիքին:

– Պետականությունը անհնար է կորցնել, հայկական պետությունը միայն հայ ժողովրդինը չէ, այն արդեն աշխարհինն է, իսկ աշխարհը իր կանոնադրությունով, հարաբերություններով դեմ է պետությունների լիկվիդացիային, դա նախադեպ է, վտանգավոր ու վարակիչ է: Եթե կարելի է հայկական պետությունը ոչնչացնել, ապա կարելի է ոչնչացնել նաև ԱՄՆ-ն, Չինաստանն էլ:

Աշխարհի շահերից է բխում պահպանել գրանցված պետության գոյությունը: Իսկ ինքնիշխանության մասով արդեն ասեցի, երբ մտնում ես ինչ-որ դաշինքի մեջ, այնտեղ ընդունված չափով հրաժարվում ես ինքնիշխանությունից՝ կամավոր: Հիմա մերոնք հրաժարվել են շատ բաներից՝ նպատակ չունենալով: Պետությունը, եթե նպատակ ու առաքելություն չունի, ինչ դաշինքի մեջ ասես կարող է մտնել:

Պարո՛ն Արշակյան, հեռո՞ւ է այն օրը, որ ձեր ասած՝ նպատակն ու առաքելությունը Հայաստանի իշխանությունները կսկսեն գիտակցել և ունենալ:

– Կարծում եմ՝ դա շատ չի ուշանա, որովհետև աշխարհում տեղի ունեցող նոր զարգացումները, ծրագրերը, քաղաքակրթության առաջ կանգնած մարտահրավերները ստիպում են բոլորին ավելի հոգատար լինել պետության նկատմամբ: Բայց, ցավոք, մեզ մոտ դեռ տեղյակ չեն, թե որ դարում են ապրում:

Ո՞ր դարում են, պարո՛ն Արշակյան:

– Ժամանակից դուրս են, ընդհանրապես ժամանակի մեջ չեն:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am