«Ժամանակակից հայ գրողների ցանկը մեծ պրովոկացիա է, որն ուղղված է և՛ հեղինակներին, և՛ հասարակությանը». Համբարձում Համբարձումյան

«Մեդիալաբի» զրուցակիցն է ժամանակակից գրող Համբարձում Համբարձումյանը

– Համբարձում, ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է դրել հանրակրթության պետական առարկայական չափորոշիչների նախագիծը, որը բուռն քննարկվում է։

Հասարակության մեջ ձևավորվել է մի հատված, որ դեմ է արտահայտվում գրականության ծրագրում ժամանակակից գրողներին ներառելու նախաձեռնությանը։ Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ է այս աղմուկը բարձրացել։

– Եթե շարքային ընթերցողի տեսանկյունից նայենք, կարելի է ասել, որ պրովոկացիա կա այս ամենում։ Այսինքն՝ քաղաքական շահեր հետապնդող ինչ-որ մարդիկ կարող են գրողների ստեղծագործություններից ինչ-որ փոքր կտորներ վերցնելով ու մեջբերելով՝ մանիպուլյացիաների ու պրովոկացիաների ենթարկել մարդկանց։ Եվ բնական էր, որ այս աղմուկը պետք է բարձրանար, որովհետև հասարակությունը կարծես պատրաստ չէր սրան։

Մյուս կողմից էլ, կարծում եմ, հանձնաժողովն իր աշխատանքում հաշվի չի առել այն փաստը, որ կարող է նման մանիպուլյացիա կամ պրովոկացիա լինել։

– Ինչպե՞ս պետք է հարթել այս աղմուկը, արդյոք ժամանակի ընթացքում ամեն բան իր տեղը կընկնի՞, մարդիկ կհասկանա՞ն, որ ժամանակակից գրողն էլ պետք է տեղ ունենա դպրոցական ծրագրում։

– Ամեն ինչ կախված է նրանից, թե հանձնաժողովն ինչպես վերջնական տեսքի կբերի փաստաթուղթը։ Ներկայացված փաստաթուղթը բազմաթիվ թերություններ ունի, և այդ թերությունները պետք է շտկել, որպեսզի մարդկանց մոտ լեգիտիմ հարցեր չառաջանան։

Կներկայացնե՞ք, ըստ ձեզ, որո՞նք ենք հիմնական խնդիրները այդ նախագծում։

Նախ՝ ես ասեմ, թե ի՛նչն է ինձ դուրս գալիս, հետո կանդրադառնամ նաև խնդիրներին։ Ինձ դուր է գալիս, որ ստեղծագործական ազատություն է տրվում ուսուցիչներին ու աշակերտներին։ 

Այսինքն՝ ծրագիրն այնպես է կազմված, որ աշակետները պետք է համեմատություններ, դատողություններ անեն, իրենց կարծիքն ասեն։ Մի քիչ բարդ է այն առումով, որ գրականագիտական տերմինները շատ են, այսինքն՝ ուսուցիչներին վերապատրաստելու կարիք կլինի, իսկապես ժամանակ ու ռեսուրսներ պետք է տրամադրեն, որ այդ ծրագիրն աշխատի։

Եթե ինչ-որ մատչելի մեթոդ մշակվի, որ կարողանա այս նյութը մատուցել աշակերտներին, ծրագիրն այդ առումով լավ է։

Հիմա փորձենք խոսել խնդիրների մասին։ Ե՛վ համաշխարհային, և՛ ժամանակակից գրականության հիմնական ու օժանդակ ցանկերի նյութերը խնդրահարույց են։ 

Եթե անդրադառնանք համաշխարհային գրականության ցանկերին, ապա սկզբունքը հասկանալի չէ, թե ինչու են այդ նյութերն ընտրել։ 

Տպավորություն է ստեղծվում, որ ընտրել են այն նյութերը, որոնք ձեռքի տակ են եղել։ Այսինքն՝ մանրամասն աշխատանք չի կատարվել, և ընտրվել են այն նյութերը, որոնք թարգմանված կամ հասանելի են եղել։ Ես կարծում եմ՝ ավելի մանրամասն աշխատելու և ավելի լավ տեքստեր ընտրելու խնդիր կա։ 

Ես մտածում եմ՝ ընդհանրապես համաշխարհային գրականության ցանկը պե՞տք է ներառել ծրագրում, թե՞ ոչ։ Դա էլ մի խնդիր է։ Ինչպես տեսանք, ռուս հեղինակները ներառված չեն ծրագրում, և բացատրությունն այն էր, որ ռուսաց լեզվի դասին անցնելու են այդ հեղինակներին։ 

Ինձ թվում է՝ նույն տրամաբանությամբ կարելի էր անգլագիր հեղինակներին ուսումնասիրել, հատկապես որ այդ ծրագրում աֆրիկյան գրողները կամ հնդկական մշակույթը չեն ներկայացվում։ Հիմնականում ներառված են հեղինակներ, որոնք արևմտյան մշակույթի կրողներն են։ 

Ի՞նչ խնդիր եք տեսնում ժամանակակից հայ գրողների ցանկում։

– Եթե անդրադառնանք ժամանակակից հայ գրողների ցանկին, ապա գուցե հանձնաժողովը չի նկատել, բայց դա մեծ պրովոկացիա է, որն ուղղված է և՛ հեղինակներին, և՛ հասարակությանը։ 

Ես չեմ ասում, որ սա հատուկ ծրագիր է, հեռուն գնացող եզրակացություններ չեմ անում։ Ես ընդամենը մտածում եմ, որ հանձնաժողովի կազմում ընդգրկված մարդիկ փորձել են մի սկզբունքով առաջնորդվել։ 

Ես խոսում եմ հրապարակված ցանկի մասին, ընտրությունը կատարվել է ոչ թե տեքստերի, այլ հեղինակների հիման վրա։ Ընդգրկվել են հեղինակներ, որոնք ավելի շատ են վաճառվել, որոշակի հեղինակություն ունեն, վերջին տարիներին ավելի շատ են հանրահռչակվել։ Այսինքն՝ ընտրությունը չափազանց կանխատեսելի է, ոչ մի անկանխատեսելի բան չկա։ Նույնը վերաբերում է նաև օժանդակ ցանկերին։ 

Այսինքն՝ հանձնաժողովը չի նայել՝ արդյոք այդ թեմայի շուրջ ամենահարմար տեքստը հենց սա՞ է։ Հանձնաժողովն ընտրությունը կատարել է հեղինակներով, դրա համար այդ խնդիրն առաջանում է։ Բայց եթե ընտրությունը կատարեր տեքստերով, մանրամասն կուսումնասիրեր այդ տեքստերը և կհասկանար՝ արդյոք այստեղ հասարակությանը նետված պրովոկացիա կա՞, արդյոք խնդիրներ կա՞ն, որոնք հետագայում մանիպուլյացիաների առիթ կդառնան։ 

Օրինակ՝ եթե մենք ուզում ենք Արցախյան ազատամարտը ներկայացնել, արդյոք պետք է վերցնենք հեղինակի՞ն, թե՞ պետք է վերցնենք տեքստ, որում աշակերտի համար լավագույնս բացվում է այդ թեման։

Ես չեմ ժխտում, որ սա նաև պրովոկացիա է՝ նետված հեղինակներին։ Օրինակ՝ ես որևէ հավակնություն չունեմ այդ ցանկում ներառվելու, որովհետև իմ գործերը հարմար չեն դպրոցական աշակերտներին։

Ամեն ամենի արդյունքում ստացվեց մեծ պրովոկացիա, որը շատ նման էր փիառի։ Եվ այդ փիառ ակցիան զվարճալի էր, այսինքն՝ բուն նյութը թողած՝ ինչո՞ւ են այդ տեքստերն ընտրվել, ինչո՞ւ է այդ պրովոկացիան նետվել հասարակությանը, ուրիշ ուղղությամբ գնաց խոսակցությունը։ 

Եվ ստացվեց այնպես, որ մի կողմից հեղինակներին պաշտպանողների բանակ է ստեղծվում, մյուս կողմից՝ հասարակության ինչ-որ անդամներ կան, որոնք քննադատում են։ 

Այդ խնդիրները լղոզվեցին արանքում, և մնաց ընդամենը սա՝ սերնդային համերաշխություն, չխոսել խնդիրների մասին, լռել և կարևորել ժամանակակից գրականության դերը։ 

Այնինչ, ժամանակակից գրականությունը դպրոցական ծրագրում կարող է հայտնվել միայն այն դեպքում, եթե դա հարմար է նյութը բացատրելու համար, ոչ թե որ գրողը հանճարեղ է։

Այս ծրագրից տպավորություն է ստեղծվում, որ խնդիրը ոչ թե աշակերտներին ինչ-որ բան սովորեցնելն է, այլ խնդիրը ժամանակակից գրականությունը հանրահռչակելն է, աշակերտին ծանոթացնելն է։ Ես կարծում եմ՝ այդ առումով խնդիրը սխալ է դրված, պետք է այն շտկվի։

– Ձեր կարծիքով՝ ժամանակակից գրողն այսօր որքանո՞վ է գնահատված։

– Ես առանձնապես շատ խնդիր չեմ տեսնում, այսինքն՝ համացանցը կա, բոլորը ներկայանալու հնարավորություն ունեն, ինչ-որ հրատարակչություններ իրենց հեղինակների ու նրանց ստեղծագործությունները կարողանում են հանրահռչակել, պետությունն ինչ-որ դրամաշնորհային ծրագրեր ունի։ 

Եվ քանի որ այդ հանրահռչակման խնդիրը սուր դրված չէ, ես կարծում եմ՝ այս հանձնաժողովի աշխատանքի հայացքը պետք է ուղղված լինի հենց աշակերտներին։ 

Ընդհանրապես այս ցուցակներն իմ մեջ վատ տպավորություն են առաջացնում, որովհետև ոնց որ թե աշակերտներին ասում ես՝ դու ազատ ես, ծանոթացիր նորին, բայց մյուս կողմից՝ նրա ընտրությունը սահմանափակում ես։ 

Այսինքն՝ ես կարծում եմ, որ ուսուցչին ու աշակերտին պետք է թողնել ազատ մտածել, չպետք է սահմանափակել նրանց ազատությունը։ 

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am