«Ամուսինս ամսի 10-ին ա վիրավորվել, հետո իմացանք, որ նույն օրն էլ տղաս ա զոհվել»․ Ալվինեն ասում է՝ ուրախ կյանքը մնացել է անցյալում

Ալվինե Ավետիսյանը 2020-ի հոկտեմբերի 8-ից որդուց այլևս զանգ չստանալով՝ սկսել է իր անհանգստություններն ու ապրումները փոխանցել թղթին։

Ասում է՝ դա էմոցիաներն արտահայտելու միակ միջոցն էր, սակայն չէր մտածում, որ որդուն ողջ չի գտնի, և նրա զոհվելու մասին իմանալուց հետո իր ապրումներից, մտքերից կազմված տեքստը գրքի կվերածվի։

«Ամսի 8-ից որ չզանգեց, էնքան անհանգստացած էի, հուշատետր ունեմ, սկսեցի գրել՝ «Մխիթա՛ր, ինչի՞ չես զանգում», իմ ապրումները փոխանցեցի թղթին, հիմա գիրքը կա»,- ասում է որդեկորույս մայրը և հուզվում։

Ալվինեի խոսքով՝ որդին տան լույսն էր, ուրախությունը, վեց երեխաներից ամենափոքրը:

«Քանի որ ինքը փոքր տղան էր, շատ էինք սիրում։ Բնավորությամբ էնքան լավն էր, կատակասեր, շփվող, ժպտերես, երբեք նեղացած չէիք տեսնի։ Հատուկ ոնց որ ջոկեին էս տղաներին ու տանեին ամենալավերին»,- կսկիծով ասում է մայրը։

Մխիթար Գալստյանն ընդամենը մեկ ամսվա զինծառայող է եղել, երբ պատերազմը սկսվել է։ Թշնամու դեմ կռվել է Ջրականում։ 

Մխիթարի հայրը, պատերազմի մասին իմանալով, ինքն էլ է մեկնել առաջնագիծ, որ որդուն մոտ լինի։ Հայր ու որդի Ջրականում են եղել, թեժ մարտերի մեջ, բայց այդպես էլ չեն հանդիպել։

Ալվինեն պատմում է․ «Ամուսինս սեպտեմբերի 28-ին կամավորներով գնաց, որ մոտը լինի, բայց չհանդիպեց։ Ամուսինս ամսի 10-ին ա վիրավորվել, բերել են Երևան, տղայիցս խաբար չեղավ։ Հետո մենք իմացանք, որ նույն օրն էլ տղաս էր զոհվել»,- արցունքների միջից ասում է Ալվինեն։

Գալստյանները, սակայն, մեկուկես տարի որդուց լուր չեն ստացել, ամենուր փնտրել են, սակայն չեն գտել։ Մեկուկես տարի հույսով սպասել են, որ որդին կհայտնվի, մտածել են՝ գուցե գերի է, գուցե մի տեղ թաքնված է։

«Ամուսինս անընդհատ գնում էր նախարարություն, ասում էին՝ ոչ մի նորություն չկա, կարող ա՝ գերի ա։ Մոտ 1 տարի անց ԴՆԹ-ն համապատասխանեց, բայց ես չէի հավատում։ 

Տղայիս նամակ էի տվել՝ սրբի նամակ, երեք տղա ունեմ, երկուսին տվել էի, էդ էլ պստիկ տղիս էի տվել, ասել էի՝ տար, միշտ պահի ծոցագրպանումդ, քո սրտի մոտ, էդ նամակն էլ չկար, ես չէի հավատում, ասում էի՝ գոնե նշան լինի, որ իմ երեխեն ա։ 

5 ամիս մնաց, նորից ԴՆԹ տվեցինք, նորից եղավ նույն մարմինը։ 2021-ի դեկտեմբերի 14-ին պիտի բերեին, էդ օրը երազ տեսա, ասեց՝ մա՛մ ջան, ես արդեն եկել եմ տուն»,- պատմում է Ալվինեն ու հուզվում։

Մխիթար Գալստյանը հուղարկավորվել է Արարատի մարզի Արարատ գյուղի պանթեոնում՝ պատերազմում զոհված 6 տղաների կողքին։

Ալվինեն ասում է՝ կյանքը Մխիթարից հետո ուրիշ է, ուրախությունը մնացել է անցյալում։

«Էդ օրվանից որ ինքը չզանգեց, մենք շատ վատ էինք, շատ դիակներ տեսանք, էդքանից հետո էլի սպասում էինք, մեռած էինք, մինչև հիմա էլ մեռած ապրում ենք։ Էլ կյանք չկա, գունավոր բաներ չկան մեր կյանքում։ Մեր ուրախ, մեր թանկ Մխիթարին կորցրեցինք, գնաց»,- ասում է ու հուզվում մայրը։

Արփինե Արզումանյան

MediaLab.am