««Թալիբանը» չէր կարող իշխանության գալ, եթե սոցիալական լուրջ հենարան չունենար». արաբագետ

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է արաբագետ Հայկ Քոչարյանը

– Աֆղանստանում տեղի ունեցածից հետո նշվում է, որ, ըստ էության, իսլամը հաղթեց արևմտյան քաղաքակրթությանը, և այս դեպքում պարտվեց Արևմուտքը: Ձեր կարծիքով՝ ի՞նչ տեղի ունեցավ Աֆղանստանում, և որքանով սա աշխարհայացքների բախում էր:

– Շատ ամպագոռգոռ է հնչում արժեքային համակարգերի բախում ասելը: Ցանկության դեպքում կարելի է դա էլ տեսնել, բայց պետք է հասկանալ, որ ի սկզբանե ձևակերպված խնդիրներն այլ էին: Այն արժեքային համակարգը, որը բնորոշ է այդ մշակութային տարածքին, նկատի ունեմ իսլամական արժեքների վրա ստեղծված գաղափարախոսությունը, այսօր, կարելի է արձանագրել, իր կենսունակությունը ցույց տվեց: Հակառակ դեպքում իսլամական «Թալիբանի» գաղափարախոսությունը չէր կարող այդքան տարածված լինել:

Եթե նայում ենք արժեքային տեսանկյունից, այո՛, մեծ մասը կիսում է այդ գաղափարախոսությունը, դրա համար էլ այն շատ մեծ աջակցություն է գտնում հանրության շրջանում: Իսկ արևմտյան արժեքները, այսինքն՝ այն, ինչը փորձում էին ներդնել որպես լիբերալ արժեքներ կամ ժողովրդավարություն, մարդու իրավունքներ, ապա նախևառաջ պետք է հաշվի առնել միջավայրը, որտեղ ուզում են դրանք ներդնել: Այդ տեսանկյունից միայն արժեքային շերտը չէ, կա նաև քաղաքականության շերտը, որը սխալ էր իրականացվում այն ուժերի կողմից, որոնք ուզում էին ներդնել այդ արժեքները: Արդյունքում ունենք այն, ինչ այսօր կատարվում է Աֆղանստանում, որը ավելի շատ նման է Իրանում իսլամական հեղափոխությանը:

Եթե խորքային առումով նայում ենք, Աֆղանստանում տեղի ունեցածը հեղափոխություն է, որն ունի սոցիալական որոշակի լայն աջակցություն, սոցիալական հենք և հիմնված է կոնկրետ գաղափարախոսության վրա, որի հիմքում իսլամն է իր ծայրահեղական դրսևորումներով: Բայց դա չի նշանակում, որ կարող է տեղի ունենան որոշակի փոփոխություններ այդ գաղափարախոսության մեջ:

– Դուք խոսում եք հեղափոխության մասին, բայց մենք ականատես ենք, թե ինչպես են Քաբուլի բնակիչները խուճապահար փորձում օդանավակայանից լքել երկիրը:

– Բնականաբար, կան մարդիկ, որոնք դեմ են նման իշխանափոխությանը, և որոնց համար նախորդ 20 տարին, երբ ինչ-որ կերպ կառուցվում էր այդ պետությունը, ավելի հարազատ էր: Այդ մարդկանց մի մասը ստիպված փախչում է երկրից: Դա հիմնականում քաղաքային բնակչությունն է: Բայց մենք չտեսանք զանգվածային փախուստ այն ընթացքում, երբ «Թալիբանը» նահանգ առ նահանգ առաջ էր գալիս:

Այն մարդիկ, որոնք դեմ էին «Թալիբանին», բոլորը նահանջեցին Քաբուլ, ու քանի որ Քաբուլից էլ տեղ չկար փախչելու, մենք ականատես ենք այդ մարդկանց կուտակումներին Քաբուլի օդանավակայանում: Դա, մեծ հաշվով, մարդկային ողբերգություն է, բայց դա է իրականությունը:

Մյուս կողմից՝ մենք չենք կարող չընդունել, որ «Թալիբանը» չէր կարող իշխանության գալ, եթե սոցիալական լուրջ հենարան չունենար: Փաստորեն իսլամական գաղափարախոսությունը, որը այդ ջիհադական գաղափարախոսության հիմքում էր, ավելի կենսունակ է, քանի որ ավելի մոտ է այդ մարդկանց արժեքներին:

– Ինչո՞ւ աֆղանները նման ընտրություն կատարեցին:

– Այդպես չէ, որ աֆղաններն այսօր ընտրություն կատարեցին: Գիտական գրականությանը եթե հետևենք, արդեն մի քանի տարի է՝ գրում են, որ այն գործընթացները, որոնք տեղի էին ունենում Աֆղանստանում, պետք է հանգեցնեին կոալիցիայի կործանմանը, և նաև մոդելավորում էին այդ տարբերակները: Սակայն զանգվածային լրատվությունը հայտնում էր, որ ամերիկացիները մոտ 300 հազարի հասնող զորք են վարժեցրել:

Եթե հիշում եք, մոտ մեկ ամիս Աֆղանստանում ԱՄՆ դեսպանատան տարածքի առաջ սեռական փոքրամասնության դրոշներ էին կախում: Այսինքն՝ այն պրոցեսը, որին հիմա ականատես ենք, խորքային ձևով գալիս էր: Անգամ եթե մարդասիրական կազմակերպությունների զեկույցները նայենք, այնտեղ երևում է, որ առանց «Թալիբանի» համաձայնության չեն կարողացել աշխատել Աֆղանստանի նահանգներում: Սա խոսում է այն մասին, որ «Թալիբանը» մեկ օրում չեկավ այս դիրքին:

«Թալիբանի» գաղափարախոսությունը հիմնված է իսլամի վրա, իսկ իսլամը տարածված է երկրի բնակչության մեծ մասի մոտ: Սա ավելի շատ նման է միասնական պետություն կառուցելու գաղափարախոսությանը: 2000-ականներին «Թալիբանը» ջիհադական գաղափարախոսության կենտրոն էր և միասնական պետություն էր ուզում կառուցել, իսկ հիմա լրիվ այլ գաղափարախոսություն է:

– Մեր տարածաշրջանի, Հայաստանի համար սա ի՞նչ է նշանակում:

– Մեզ համար սա նշանակում է, որ նոր ձևավորվող ուժեր են եկել, որոնց հետ տարածաշրջանի խաղացողները փորձելու են համաձայնության գալ: Մենք այսօր ավելի առաջնային խնդիրներ ունենք, որոնցով պետք է զբաղվենք, բայց այս ուղղությանն էլ պետք է ուշադրություն դարձնել, և համապատասխան դիվանագիտական ուղիներով փորձենք հարաբերությունները կառուցել, լավացնել:

Շատ հավանական է, որ այս ալիքից օգտվեն նաև մեր հարևանությամբ իսլամական ծայրահեղ գաղափարախոսության այլ կրողներ տարածաշրջանում, և մեր հարևանությամբ էլ գործընթացներ սկսվեն, որոնք կարող են ազդել մեր անվտանգային միջավայրի վրա:

Մանե Հարությունյան

MediaLab.am