Դեսպան Մակունցը կոնգրեսական Աննա Էշուին է ներկայացրել ՀՀ Կառավարության հնգամյա ծրագիրը

Հոկտեմբերի 28-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել Կոնգրեսի հայկական հարցերի հանձնախմբի անդամ, կոնգրեսական Աննա Էշուի հետ. տեղեկացնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից։

Դեսպան Մակունցը ներկայացրել է ՀՀ Կառավարության հնգամյա ծրագիրը, մասնավորապես՝ արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, ինչպես նաև ժողովրդավարական բարեփոխումների իրականացմանն ուղղված հանձնառությունը։

Զրուցակիցները քննարկել են Հայաստանում կորոնավիրուսով պայմանավորված ներկա իրավիճակը, և այդ առթիվ դեսպան Մակունցը շնորհակալություն է հայտնել կոնգրեսականին՝ համավարակի դեմ պայքարի ուղղությամբ Հայաստանին ցուցաբերած ջանքերի և աջակցության համար։

Կոնգրեսական Էշուն իր մտահոգությունն է հայտնել Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմին հետևած իրավիճակի կապակցությամբ և զորակցություն մաղթել հայ ժողովրդին՝ ստեղծված մարտահրավերները հաղթահարելու կապակցությամբ։