Տարածաշրջանային ճգնաժամի դեպքում տաղանդի ներհոսքը հիմնականում և ամենակարևոր ուղղություններով տեղի ունեցավ Հայաստան. Արշակյան

Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում դեկտեմբերի 9-ին կայացել է Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության կազմակերպած Silicon Mountains 2022 տարեվերջյան ամփոփիչ գագաթնաժողովը, որին մասնակցել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը:

Ողջույնի խոսքում ՀՀ ԱԺ նախագահի տեղակալն ընդգծել է, որ Հայաստանում բարձր տեխնոլոգիական ոլորտը շարունակում է վստահորեն առաջնորդել տնտեսությանը` հանդիսանալով ամենաարագ աճող և զարգացող ճյուղը:

«Սրա վկայությունն է այն, որ տարածաշրջանային ճգնաժամի դեպքում տաղանդի ներհոսքը հիմնականում և ամենակարևոր ուղղություններով տեղի ունեցավ Հայաստան»,- փաստել է ԱԺ փոխնախագահը՝ հավելելով, որ մեր պետությունն իր առջև դրված խնդիրը՝ լինել տեխնոլոգիական կենտրոն, որպես բարձր տեխնոլոգիական երկիր՝ ներկայանալ միջազգային ասպարեզներում, ոչ ամբողջապես, բայց տարածաշրջանային ձևաչափով կարողացել է լուծել:

Ըստ Հակոբ Արշակյանի՝ տարածաշրջանում բազմաթիվ երկրներ մրցավազքի մեջ են իրենց հարկային համակարգերով, ենթակառուցվածքային ծրագրերով, տարբեր ուղղություններով մեծ ընկերությունների հետ բանակցելու մարտավարությամբ:

«Սա անհրաժեշտ է որպես մարտահրավեր ընդունել և շարունակել այս ուղղությամբ աշխատել ու ջանքեր գործադրել»,- ասել է նա և ընդգծել, որ Հայաստանում բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտը թեպետ առաջատար է աճի տեմպերով, այնուամենայնիվ, կիրառման գործիքակազմը թե՛ հասարակությունում, թե՛ բիզնեսի կողմից ոչ այնքան բարձր մակարդակի վրա է:

ԱԺ փոխխոսնակն անդրադարձել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, գիտության, կրթության և տնտեսության կապի կարևորությանը՝ նշելով. «Գիտություն, կրթություն, արդյունաբերություն և տնտեսություն կապն անհրաժեշտ է բերել ֆունդամենտալ նոր մակարդակի վրա, և սա պիտի լինի Հայաստանի գիտատեխնոլոգիական նոր թռիչք ապահովելու ապագայի մասին մեր խոսակցությունը»: Նրա համոզմամբ՝ գիտությունը, տնտեսությունը, արդյունաբերությունն ու կրթությունը պետք է իրենց ծրագրերով համահունչ լինեն և ծառայեն նույն նպատակներին:

Եզրափակելով խոսքը՝ ԱԺ փոխնախագահը կարևորել է նման ձևաչափով քննարկումները և մասնակիցներին մաղթել արդյունավետ աշխատանք:

Գագաթնաժողովի ընթացքում ելույթներ են ունեցել նաև ՀՀ ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը և Տեղեկատվական ու հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյանը:

Այնուհետև պանելային քննարկումների ձևաչափով անդրադարձ է եղել խելացի լուծումների կիրառման և տնտեսության թվայնացման հեռանկարներին: Ներկաները դիտել են նաև նախորդ երեք միջոցառումների մասին պատմող տեսահոլովակ: